ՌԴ-ն ընդունել է «չայլդֆրի»-ն արգելող օրենքը․ ինչ է դա նշանակում

ՌԴ-ն ընդունել է «չայլդֆրի»-ն արգելող օրենքը․ ինչ է դա նշանակում

Ռուսաստանի Պետական Դուման երկրորդ եւ երրորդ ընթերցումներով ընդունել է օրենքի նախագիծը, որով արգելվում է կամավոր կերպով երեխա ունենալուց հրաժարվելու քարոզչությունը։

Ընդունված փաթեթով, փոփոխություններ կկատարվեն «Զանգվածային լրատվական միջոցների մասին», «Կինոարվեստի պետական աջակցության մասին», «Երեխայի հիմնական իրավունքների երաշխիքների մասին», «Գովազդի մասին», «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին», «Երեխաներին իրենց զարգացմանն ու առողջությանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքներում։ Քարոզչություն կհամարի այն տեղեկատվության տարածումը, որը գրավիչ կդարձնի երեխաներ ունենալուց հրաժարվելը։

Բացի այդ, քարոզչություն կհամարվի այն տեղեկատվությունը, որը սոցիալապես կհավասարեցնի երեխաներ ունենալն ու երեխա ունենալուց հրաժարվելը։ Նման արտահայտությունները հնարավոր չի լինի հրապարակել ինտերնետում, մամուլում, կինոյում եւ գովազդում։ Նման քարոզչության համար նախատեսվում է տուգանք, որը ֆիզիկական անձանց համար կհասնի 400 հազար ռուբլու, պաշտոնատարների համար՝ 800 հազար ռուբլու, կազմակերպությունների համար՝ 5 միլիոն ռուբլու։ Նպատակը ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանություն է, իսկ անզավակությունը համարվում է այդ արժեքների սպառնալիք։