Սասուն Միքայելյանի հովանավորյալին չեն կարողացել անցկացնել

Սասուն Միքայելյանի հովանավորյալին չեն կարողացել անցկացնել

Նախօրեին Կոտայքի մարզպետարանում  կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցել է 7 անձ, սակայն որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել։ 7 թեկնածուներից Կարեն Սահակյանը Սասուն Միքայելյանի հովանավորյալն է, եւ Միքայելյանի բարեկամ Կոտայքի մարզպետն ամեն գնով ցանկանում է հենց նրան դարձնել ԲԿ-ի տնօրեն։ Սակայն երեք փուլից անցկացված մրցույթում որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել, թեպետ ի սկզբանե տեղեկություն տարածվեց, որ մրցույթում հաղթել է Նարեկ Վանեսյանը, քանզի նա է եղել միակ թեկնածուն, ով հաղթահարել է մրցույթի երկու՝ գրավոր եւ բանավոր փուլերն ու անցել երրորդ փուլ, սակայն Կոտայքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ թեկնածուներից որեւէ մեկը չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։ «Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մենք տեղեկացանք, որ մրցույթի 7 մասնակցից երկուսը թեստերի փուլում են կտրվել՝ ԲԿ-ի նախկին ԺՊ Արա Սիմոնյանը եւ Գուրգեն Խորասանյանը՝ դիմածնոտային վիրաբույժ։ Երկրորդ․ բանավոր փուլում կտրվել են մյուս 6 մասնակիցները` Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը, Հարզդանի ԲԿ-ի նախկին տնօրենի ԺՊ Արմեն Հախվերդյանը, Սասուն Միքայելյանի հովանավորյալ Կարեն Սահակյանը եւ Հրազդանի ԲԿ-ի տնօրենի ներկայիս ԺՊ Նելլի Ավետիսյանը։ Բանավոր փուլը հաղթահարել է միայն Նարեկ Վանեսյանը, սակայն քանի որ մարզպետարանը չի կարողացել անցկացնել Սասուն Միքայելյանի հովանավորյալին, հանձնաժողովը որոշել է «հաղթող չճանաչել Վանեսյանին», որպեսզի նոր մրցույթ հայտարարվի։ Վանեսյանը բողոքարկել է հանձնաժողովի որոշումը։