Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքը՝ 2001-ին ընդունված, դարձավ այն իրավական հիմքը, որը նոր տրամաբանություն հաղորդեց մինչ այդ Հայաստանում վարված կադրային քաղաքականությանը եւ բոլորովին նոր մշակույթ էր պետական կառավարման համակարգում:
Կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գործում հովանավորչությունն ու մերձավորության սկզբունքը պետք է իրենց տեղը զիջեին պրոֆեսիոնալիզմին եւ արժանիքներին, ուստի այս փոփոխությունները նաեւ մշակութային եւ քաղաքակրթական էին, պահանջում էին ժամանակ ու շարունակական ջանքեր:

Մենք պետք է կարողանայինք կյանքի կոչել այն պարզ ճշմարտությունը, որ պետական ծառայությունը գործունեության հատուկ տեսակ է, իսկ պետական ծառայողը՝ պետական իշխանություն մարմնավորող, պետության եւ հասարակության համընդհանուր շահերին ծառայող, ահռելի պատասխանատվություն կրող անձ:

Այսպես մեկնարկեց համակարգի ներդրումը, որի սահուն եւ դինամիկ ընթացքն ապահովելու նպատակով Քաղաքացիական ծառայության մասին օրենքն իր եզրափակիչ եւ անցումային դրույթներով սահմանել էր կազմակերպական, իրավական, տեխնիկական, մեթոդաբանական բազմաթիվ լուծումներ եւ առաջադրանքներ՝ իրականացման բավականին սեղմ ժամկետներով: Սահմանված ժամկետները ենթադրում էին խելահեղ տեմպ, եւ որեւէ մեկը չէր կարող, անգամ մտովի, թաքուն հնարավոր համարել դրանց խախտումները:

2002-ի հունվարի 15-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ձեւավորվեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմը, որը ստանձնեց մեր երկրում քաղծառայության միասնական պետական քաղաքականության իրականացման պատասխանատվությունը: Դա լրջագույն առաքելություն էր. մենք խորապես գիտակցում էինք դրա դերն ու նշանակությունը որակյալ պետական կառավարման համակարգ ունենալու գործում:
Զուգահեռաբար մշակվում էին հանրապետական գործադիր առանձին մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները կարգավորող օրենքների նախագծերը, ինչը ենթադրում էր հարկային, մաքսային, պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արտաքին գործերի եւ փրկարար ծառայության առանձնահատկությունների սահմանում առանձին օրենքներով:

Այս փուլում ընդունվեցին նաեւ Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին, Պետական կառավարման հիմնարկների մասին, Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքները, որոնք օրենսդրական մակարդակով գրեթե ամբողջացնում էին քաղծառայության համակարգի ներդրման իրավական բազան:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ձեռնամուխ էր եղել օրենքից բխող միջոցառումների իրականացմանը եւ, առաջին հերթին, համապատասխան իրավական ակտերի մշակմանը. դա նվիրումի, ոգեւորվածության եւ ստեղծագործական աշխատանքի աննկարագրելի մի փուլ էր:
Քաղաքացիական ծառայության մասին եւ Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով մշակվեցին եւ ընդունվեցին մի քանի տասնյակ ենթաօրենսդրական ակտեր, որոնց ցանկը հաստատվել էր ՀՀ նախագահի 2002թ. փետրվարի 4-ի Քաղաքացիական ծառայության մասին եւ Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին ՀՀ օրենքներից բխող առաջնահերթ միջոցառումների մասին կարգադրություններով: Մշակվեցին եւ կյանքի կոչվեցին այնպիսի լուծումներ ու կառուցակարգեր, որոնցից շատերը նորություն էին հայաստանյան իրականության համար: Մշակված շատ ընթացակարգեր եւ գործիքներ՝ կապված, մասնավորապես, թափուր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող մրցույթների, քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների, ատեստավորումների, ծառայողական քննության, կադրերի ռեզերվի վարման, պաշտոնների անձնագրերի հետ, դարձան նախադեպային եւ հետագայում տարածում գտան կառավարման համակարգի տարբեր ոլորտներում:

Ի կատարումն Քաղաքացիական ծառայության մասին օրենքի պահանջների՝ ՀՀ վարչապետի 2002թ. մարտի 1-ի որոշմամբ սահմանվեցին աշխատակազմերի ղեկավարների հաստիքային միավորներ հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերում: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նոր ինստիտուտ էր, եւ սույն պաշտոնատար անձինք հանդիսանում էին քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման իրավասուներ համապատասխան մարմիններում: Օրենսդրությամբ նրանց ընձեռվել էր բավականին լայն իրավասությունների եւ լիազորությունների շրջանակ, որը, ըստ իս, արդարացված էր, բայց, ավաղ, ոչ բոլորն էին համակերպվում այդ իրողության հետ: Խոսքը վերաբերում էր հատկապես պետական մարմինների այն ղեկավարներին եւ նրանց տեղակալներին, որոնք հաճախ առաջնորդվում էին ոչ թե աշխատանքի արդյունավետության հրամայականով, այլ՝ ինքնահաստատման անհասկանալի մղումներով եւ չարդարացված ամբիցիաներով: Նրանց մի մասը դժկամությամբ եւ դժվարությամբ էր համակերպվում քաղաքացիական ծառայության ոսկե կանոնին: Իսկ քաղաքացիական ծառայության ոսկե կանոնը ենթադրում է, որ քաղաքական պաշտոնյաները պետք է գան ու գնան, իսկ քաղաքացիական ծառայողները պետք է լինեն արհեստավարժ, անկախ, պաշտպանված եւ կայուն՝ ապահովելով պետական ապարատի սահուն եւ անխափան ընթացքը: Այս պարզ ճշմարտության գիտակցումը եւ դրա արմատավորումն է կայուն եւ արդյունավետ կառավարման համակարգի առաջնային ցուցիչը: 

Շարունակելի

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ