Նրանք քնքշանվագ քնարերգությանը հակադրում էին սեռական առողջ բնազդը, իսկ դո՞ւք

Նրանք քնքշանվագ քնարերգությանը հակադրում էին սեռական առողջ բնազդը, իսկ դո՞ւք

«ՀուԶանք ու Զանգ»-ում ինչպես հայտնի է, Չարենցի հետ «Երեքի դեկլարացիան» ստորագրած Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու ժամանակակից վերընթերցումն էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության ու «կնոջ մարմնի ազատագրման» հետ։  Բառացիորեն «ծամված» պերֆորմանսի մասին բոլորը, ինչ հնարավոր է, ասել են՝ դրա աստվածաբանական, սատանիստական, քաղաքական և գեղագիտական արժեքի տեսանկյունից։ Բացի, թերևս նրանից, թե արդյոք տարիներ անց արդարացված էր ժամանակի գրական այս, բավականին վիճահարույց գրական կերպարների պոեզիայի ընտրությունը։ Գևորգ Աբովն, օրինակ, 1937 թ. Այսպիսի բաներ էր գրել. «Գրավելով Հայաստանի խորհրդային գրողների միության մեջ ղեկավար պոստեր և օգտվելով ՀԿ(բ)Կ կենտկոմի նախկին քարտուղար՝ դավաճան տրոցկիստ-նացիոնալիստ Խանջյանի ամեն տեսակի օժանդակությունից, տրոցկիստ Սիմոնյանի գլխավորությամբ՝ մի շարք նացիոնալիստ-տրոցկիստ հակահեղափոխականներ՝ Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, Վանանդեցին, Նորենցը և Մահարին, մեծ վնաս հասցրին հայկական խորհրդային գրականությանը ոչ միայն իրենց գրական գործերով, այլև կազմակերպչական միջոցառումներով: Նացիոնալիստ-դաշնակ Բակունցը իր «Ծիրանի փող» պատմվածքում հակադրում է, այսպես կոչված, Թուրքահայաստանը ներկա Խորհրդային Հայաստանին, կոչ է անում վերադառնալ այդ երկիրը, քանի որ, նրա կարծիքով, միայն այնտեղ կարելի է գտնել աշխատանքային հանգիստ կյանք, առանց շղթաների և բռնության:

Նացիոնալիզմով է հագեցված նաև Թոթովենցի «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» գիրքը: Այդ գաղափարներով է հագեցված նաև Մահարու «Մանկություն» գիրքը: Նրանք մեր գյուղը պատկերացնում էին որպես մթին ձոր, որն ապրում է նահապետական, նախահեղափոխական կենցաղով: Հաղթանակող սոցիալաիզմի դեմ մղած կատաղի դիմադրությամբ նրանք քարոզում էին բուրժուական ինդիվիդուալիզմ և հոռետեսություն: Նրանք ոռնոց էին բարձրացնում հայ ժողովրդի անցյալի թշվառության, Հայաստանի անցյալի՝ իբրև թե անելանելիության, հայ ժողովրդի ներկայի՝ իբրև թե անապագա դրության մասին»։

Նույնքան վիճելի կերպար էր Պրոլետարական գրողների միությունը ստեղծած Վշտունին։
«Հրապարակը» չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ զրուցել է ներկայացման համար պոետիկ  հենք հանդիսացած  գրական նյութի գրական-պատմական կողմի շուրջ։ 

-Պարոն Գասպարյան, եթե չեմ սխալվում՝ Աբովը, մեղմ ասած վիճելի կերպար էր։

- 22 թվականին հրատարակվեց «Երեքի դեկլարացիան» «Խորհրդային Հայաստան թերթում»։ Այդ երեքը՝ Չարենց, Աբով, Վշտունի։ Չարենցը հրատարակեց դեկլարացիայի գաղափարներն իրականացնելու համար «Պոեզուզուռնա» ժողովածուն և «Ռոմանս անսեր» պոեմը, երկուսն էլ՝ 22 թվականին։ Վշտունին՝ «ՀուԶանք ու Զանգ» գիրքը՝ 23 թվականին։ Աբովը 19 թվականին հրատարակել էր «Միայն կինը» վերնագրով մի գիրք՝ բանաստեղծությունների, իսկ դեկլարացիայից հետո հրատարակեց «Եդինի ֆրոնտ» վերնագրով մի գիրք։ Հիմա․ սրանց՝ էս երեքի դեկլարացիան ապագայապաշտական՝ ֆուտուրիստական բնույթ։ Բերում էին արվեստի նոր պատգամախոսություն՝ ձևի և լեզվի ասպարեզում։ Նաև այնտեղ մի բան կար․․․ բայց սա առողջ սեռական բնազդի մասին է, նրանք էն քնքշանվագ քնարերգությանը հակադրում էին սեռական առողջ բնազդը։ Սա գլխի ընկնում ես, չէ՞ ինչ է, սա էն բանը չէ, գեյի-մեյի սեռականը չէ, այլ սեռական առողջ բնազդ, տղամարդ-կին՝ նորմալ։ Սեռական։ Ոչ թե՝ «ես քեզ սիրում եմ, օյ, բան», այլ առողջ սեռական բնազդ։ «Երեքի դեկլարացիայից» հետո Երևանում, Գյումրիում  այդ երեքը կազմակերպեցին շնորհանդեսներ, շեփորահանդեսներ, աղմկորտ միջոցառումներ էին անում, գրական երեկոներ էին կազմակերպում։ Երևանը թմրած քաղաք էր, Երևանը դարձավ այդ երեքի դեկլարացիայից հետո մշակույթի կենտրոն։ Գրական կենտրոն, գրական կյանքը արթնացավ։ Այս դեկլարացիան իր բոլոր ծայրահեղ կողմերով հանդերձ ուներ շատ դրական կողմեր։  Եվ 22-23 թվերին Երևանն այ էս միջավայրի մեջ էր, և սրանք հիմնական դեմքերն էին։ Բայց շատ խումբը գժտվեց ու պառակտվեց, խմբի ակտիվ գործունեւությունը տևեց ընդամենը 2 ամիս։ Վշտունին առանձնացավ և ստեղծեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան, որն իր շուրջ համախմբեց բոլոր էն կուսակցապաշտ ու կուսակցական ճառերը գրականություն հանող մարդկանց։ Չարենց էլ առանձնացավ, Աբովի հետ գնացին Մոսկվա սովորեցին, հետո առանձնացան։ Հետո արդեն Չարենցի քայլերն ուրիշ քայլեր են։ «Նոյեմբեր » խմբակցոթյունը Չարենցը ստեղծեց 25 թվականին։ Իսկ Վշտունին․․․ նրա շուրջը՝ Նաիրի Զարյան, Քոչար, տո եսիմ՝ Ոսկերչյան, Դաբաղյան, Ալազան ․․․ էս կարգի մարդիկ էին։ Էս է եղել։

-Կարծում եք, որ այդ պերֆորմանսի գրական հենքում ընկած էր այդ հիշողությունը, որ երեքը ժամանակին աշխուժացրեցին Երևանի, Գյումրու գրական հասարակական կյանքը։

-Ես չեմ տեսել այդ ներկայացումը, որ իմանամ ինչ է։ Ես պատասխանատու եմ իմ ասածի համար՝ գրական-պատմական մասով։ Բայց թե սրա հիման վրա էս նոր մարդիկ ինչ են արել, ես չգիտեմ։

-Իսկ Աբովը, Վշտունին համագումարներին Չարենցի դեմ խոսում էին։

-Ասացի՝ երեքը գժտվեցին, Վշտունին դարձավ Չարենցի ամենաոխերիմ հակառակորդը, Աբովը մի քիչ դանդաղ․ առ ժամանակ նորմալ էին, հետո Աբովն էլ դարձավ Չարենցի թշնամին։ 

-Իրենց անունների հետ մատնագրեր կապվո՞ւմ են։

-Մատնագրեր, զրպատագրեր 30-ականներին․․․մամուլում շատ են գրել, որ երբ Չարենցի ընտանիքին ու Ծաղկաձորի տնից հանեցին 37 թվականի ամռանը, Չարենցը մեղադրում էր Աբովին, որն այդ ժամանակ ինչ-որ գրական պաշտոնյա էր։ Ասում էր՝ իր սադրանքն է։ Դե Վշտունին էլ մեռավ ամբողջ կյանքը գրելով։ Նախանձում էր, խանդում էր, կարծում էր պոետն ինքն է։ Վշտունին, Զարյանը․․․ պրիմիտիվ էին, ողորմելի էին, խեղճ էին։ Հանճարը Չարենցն էր, ով իր շուրջ համախմբեց հետագայում արդեն  «Նոյեմբեր» միության կազմում  Գուրգեն Մահարի, Ակսել Բակունց, Մկրտիչ Արմեն, Վաղարշակ Նորենց։ Սա այն ոսկե կորիզն էր, որ Չարենցի շուրջ ամրացավ։Չարենցի խմբից էին Խաչիկ Դաշտենցը, Նորենցը, ովքեր չարենցականներ էին։