Նիկոլ Փաշինյան, իսկ այսօր 30-ամյա ստաժով կենսաթոշակառու ուսուցչի չե՞ս հանդիպում փողոցում

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը քննարկում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում փոփոխությունների հարցը, որի արդյունքում պետք է բարձրանային պետական պաշտոնյաների, պատգամավորների աշխատավարձերը: Հիմնական զեկուցողը կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանն էր: Այդ քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկար եւ բոցաշունչ ճառ է ասել, հարցեր ուղղել զեկուցողին, անարգանքի սյունին գամել: Սա այն անձն է, ով 2018-ից հետո իր կառավարության անդամների եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտագողի բարձրացրեց, միլիոնանոց պարգեւավճարներ սահմանեց եւ նրա օրոք շարքային ուսուցչի, կենսաթոշակառուի եւ պաշտոնյայի վարձատրության միջեւ խզումը բազմապատկվեց: Եկեք լսենք, թե ինչ է ասել 2013 թվականին Նիկոլ Փաշինյանը` իշխանության կողմից նախաձեռնված այս օրինագծի քննարկման ժամանակ.
«...Ընդհանրապես, աշխատավարձի բարձրացման համար սովորաբար լինում է 2 պայման.
ա. երբ միավորը հաջողակ է, այսինքն` նրա գործերը հաջող են լինում
բ. երբ գործատուն համարում է, որ ինքը պետք է վճարի աշխատողներին, որպեսզի նրանք ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը:
Հիմա, դուք համարու՞մ եք, որ ՀՀ գործերը, ձեր կառավարության գործունեության շրջանում այնքան, եւ ԱԺ-ի գործունության շրջանում, Սերժ Սարգսյանի գործունեության շրջանում այնքան լավ են գնացել, օրինակ` Սերժ Սարգսյանի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 203 տոկոսով` 436 հազար 460 դրամից դարձնել 1 միլիոն 322 հազար 800 դրամ: Վարչապետի աշխատավարձը նախատեսվում է 218 տոկոսով, 373 հազար 540 դրամից դարձնելով 1 միլիոն 190 հազար 520 դրամի: Նախարարի աշխատավարձը նախատեսվում է ավելացնել 139 տոկոսով...
2-րդը` ի՞նչ է մտածում այն միավորը, այն սուբյեկտը, որը մեր, ձեր` բոլորիս գործատուն է...համարում է, որ իրավունք կա, մենք հնարավորություն ունենք այսպիսի որոշում կայացնե՞լ»:
Հարցին պատասխանելիս Վաչե Գաբրիելյանը հիշեցրել է, որ «մեր հասարակությունում գործատուի, տվյալ դեպքում` ժողովրդի կամքը արտահայտվում է ԱԺ որոշումներով, եւ գործատուն ի՞նչ է մտածում, ընդհանրապես կամ արտահայտության տեսակետից, արտահայտությունը լինում է ԱԺ որոշումներով»:
Ապա անդրադառնալով կոնկրետ օրինագծին, զեկուցողն ասել է. «Ինչ վերաբերում է համակարգի անհամամասն բարձրացումներին, ապա մենք ունենք աշխատավարձեր, որոնք բարձրացվել են 2002 թվականին, աշխատավարձեր, որոնք բարձրացել են 2007 թվականին, աշխատավարձեր, որոնք բարձրացել են այդ ընթացքում, դրանից հետո, դրանից առաջ: Որոշ աշխատավարձեր երկար ժամանակ սառեցվել են, ենթադրելով, որ այդ մարդկանց, ուղղակի պետք չէ աշխատավարձ շատ տալ, քանի որ նրանք պաշտոնյա են, դրանով իսկ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը` հնարավորինս: Այս առումով, պետք չէ քննարկել, թե ու՞մը, ինչքա՞ն է բարձրանում: Պետք է քննարկել, արդյո՞ք համակարգը տրամաբանական է, թե՞ ոչ: Համակարգը, որ մենք ունենք, համադրելի՞ է այլ երկրների հետ, թե՞ ոչ, արդյո՞ք այն խտացման գործակիցը, այն տարբերությունը, որ կա ներքեւի եւ վերեւի մեջ, անհամամասնորեն շատ բարձր, էական բեւեռացու՞մ է բերում, թե՞ ոչ: Արդյոք այն ծնում է ավելի շատ կոռուպցիոն ռիսկե՞ր, թե՞ փակում է այդպիսի ռիսկերը»:
Փաշինյանն արձագանքելով` հիշեցրել է մի նախագիծ, որը նախորդիվ է ընդունվել խորհրդարանում` «գործազուրկների 18 հազար դրամ նպաստը» վերացնելու մասին, ինչին Գաբրիելյանն արձագանքել է, որ նպաստների կրճատման արդյունքում այդ գումարները գնալու են աշխատատեղերի ստեղծմանը եւ դա «քաղաքական ընտրության հարց է, որը կատարվել է»: Որքանով հայտնի է` Փաշինյանն իշխանության գալով գործազուրկների նպաստը չի վերականգնել եւ աշխատավարձերի մեծ խզումն էլ` ցածր վարձատրվող խավերի եւ պետական պաշտոնյաների միջեւ ոչ միայն չի նվազել, այլ մի քանի անգամ աճել է:
Այս հարց ու պատասխանից հետո հաջորդ օրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նաեւ ելույթ է ունեցել: Այսօրվա աչքով այն լսելը մի ուրիշ «հաճույք» է:
«Տիկնայք եւ պարոնայք, սիմվոլիկ է, որ «Զբաղվածության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների նախագծերը քննարկում ենք իրար հետեւից։ Հայաստանում գործազրկության նպաստը 18 հազար դրամ է, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որ հարակից զեկուցող է երկու օրենքների պարագայում էլ, գործազրկության հարցի քննարկման ժամանակ հստակ տարընթերցումների տեղիք չտվող հայտարարություն արեց. «անբարոյականություն է գործազուրկին 18 հազար դրամ նպաստ առաջարկելը», ասաց նա։ Եվ ինչպե՞ս լուծեց ԱԺ-ն բարոյական այս թնջուկը։ Բռնեց եւ վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը, իհարկե, կառավարության առաջարկությամբ։ Եվ ահա, սրանից բառացիորեն ժամեր անց ԱԺ-ն քննարկում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203%-ով բարձրացնելու, այսինքն՝ 436 հազար դրամից՝ 1 մլն 322 հազար դրամ դարձնելու, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից՝ 1 մլն 190 հազար դրամ դարձնելու, այսինքն՝ 218%-ով բարձրացնելու մասին հարցը։ Նրանք այն մարդիկ են, որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27,6%-ից աճել, հասել է 35%-ի, արտագաղթն ահագնացել է։ Կարելի է կարծել, որ այդ պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար է նրանց պաշտոնավարման հետեւանքներն աղետալի Հայաստանի համար։
Կառավարության անդամներն իհարկե ունեն այս նախագիծը հիմնավորող փաստարկ, նրանք կասեն, որ 2014 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում էլ է նախատեսվում։ Այո, նախատեսվում է։ Ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրանալու է 4,7%-ով։ Եթե այսօր ուսուցիչը կրթության եւ գիտության նախարարից 2,3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս օրինագծի ընդունման պարագայում պակաս է ստանալու 5,3 անգամ։ Եթե հաշվի առնենք, որ հունվարի 1-ից մեկնարկում է կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը, ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ իրականում չկա։ 2014 թվականի բյուջեով հաշմանդամների թոշակն էլ է բարձրանալու։ Սայլակին գամված 1-ին կարգի հաշմանդամը ստանալու է ոչ թե 18200 դրամ, ինչպես այս տարի, այլ մի ամբողջ, 1400 դրամով ավելի, 19600 դրամ։ Աշխատանքային կենսաթոշակների, այսպես կոչված, բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի քաղաքացին ստանալու է 30 հազար 200 դրամ թոշակ, մինչդեռ ուշադրություն դարձրեք, պաշտոնական վիճակագրությամբ պարենային զամբյուղը Հայաստանում՝ 32 հազար 99 դրամ է։ Այսինքն՝ 30 տարի աշխատած մարդու թոշակը նրան չի հերիքելու նույնիսկ իր անձի ամենահամեստ պարենային պահանջները բարելավելու համար։
Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանում այսօր 1 մլն 146 հազար մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է, եւ այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ի՞նչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Եվ այսօր նրանք կստանան, չակերտավոր «բարի լուրը», որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ։ Եվ սա ասում եմ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։
Ինչո՞ւ պետք է բարձրանա, ասենք, Սերժ Սարգսյանի աշխատավարձը, 2008 թվականի մարտի 1-ին Երեւանը տանկերով օկուպացնելու՞, թե՝ Եվրոպաներում ու Ռուսաստանում Հայաստանը ծաղրի առարկա դարձնելու համար։ Ինչո՞ւ պետք է բարձրանա Տիգրան Սարգսյանի, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, որ նրանք համրի նման հետեւել են, թե ինչպե՞ս է օլիգարխը քարուքանդ անում մշակութային արժեքը։ Աշխատավարձերը ցածր են, դրա համար են լուռ ու մունջ նստե՞լ։ Այդ ինչքա՞ն պետք է աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը վարչապետին ու նրա նախարարներին քիչ թվա։
Ինչո՞ւ պետք է բարձրանա ԱԺ պատգամավորների ու գործող ղեկավարության աշխատավարձը։ Մեկ տարի է, ավելի քան 1 տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք դարմանել գլխապատառ Հայաստանից փախչող ժողովրդի համար։ Աշխատավարձներս ցածր է, դրա համար չենք կարողացե՞լ։ Հիմա էլ ԱԺ պատգամավորները բողոքում են, թե ինչու է աշխատավարձերի սանդղակում կառավարությունն իրենց հավասարեցնում փոխնախարարների հետ։ Չնեղանաք, պետք է ասեմ։ Դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել կառավարության թղթերը դակողի հետ, որովհետեւ ինչ բերում են, դակում ենք, օրենք ենք սարքում։ Կարո՞ղ եք հիշատակել թեկուզ 1 օրենսդրական նախաձեռնություն, որ կառավարությունը հեղինակել ու չի կարողացել անցկացնել ԱԺ-ում, չեք կարող։
Ֆինանսների նախարարն՝ ի դեպ, պատգամավորների աշխատավարձերը 99%-ով բարձրացնելու հիմնավորում բերեց, թե դա կօգնի պատգամավորին առավել անկախ լինել։ Անկեղծ ասած, սա ինձ հիշեցրեց Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուռա Բալագանովին. «Շուռա, իսկ որքա՞ն է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար»։ Կառավարության տրամաբանությամբ, ուրեմն, պատգամավորին, անկախ լինելու համար չի բավականացնում ընդամենը 329 հազար 805 դրամ։ Հենց այսքանով են պատրաստվում բարձրացնել պատգամավորի աշխատավարձը, եւ փաստորեն, նույնիսկ ընդդիմությունն է համաձայն այս տրամաբանությանը...
Ես չեմ կարող կողմ քվեարկել այս օրենքի նախագծին՝ ոչ այն պատճառով, որ չեմ ուզում աշխատավարձս բարձրանա, այլ որովհետեւ ունեմ 3 հիմնավոր պատճառ։ Պատճառ 1-ին՝ եթե վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին եւ նա հարցնի՝ ինչո՞ւ իրենց թոշակն այնքան չենք վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ իմ աշխատավարձը կրկնապատկելուն կողմ եմ քվեարկել, ես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին։ Իմ պատկերացումը հետեւյալն է. պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տոկոսային առումով չի կարող լինել ավելին, քան հաշմանդամի կամ ծնողազուրկ երեխայի նպաստինն ու թոշակինը՝ տոկոսային առումով։
2-րդ՝ այս փաթեթով առաջարկվում է բարձրացնել այն մարդկանց աշխատավարձը, որոնց, մոտավորապես 70%-ը ներգրավված են՝ ընտրությունները կեղծելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, եւ դերակատար են երկիրն այս հուսահատ ու փակուղային վիճակին հասցնելու հարցում, եւ չեմ կարող դիրքորոշում չարտահայտել նրանց արածի ու չարածի կապակցությամբ։
3-րդ՝ չեմ կարող քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձը բարձրացնելու օգտին, որովհետեւ եթե անեմ դա, կնշանակի՝ ընդունում եմ, որ նրանք արժանի են աշխատավարձերի բարձրացմանը, իսկ ես կարծում եմ, որ իրականում ոչ միայն արժանի չեն, այլ համարում եմ, որ նրանք արժանի են անհապաղ պաշտոնանկության, լավագույն դեպքում»։
Կարծիքներ