Կհաջողվի՞ քաղաքական ուժերին նոյեմբերի 5-ին համախմբվել
Դիմադրության շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Այս մասին մի քանի օր առաջ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. լինելու է ոչ թե որեւէ անձի, կուսակցության, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության շուրջ: «Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետեւաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարեւոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին, եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,- ասել է Սաղաթելյանը:
Գաղտնիք չէ, որ մերօրյա ընդդիմադիրներից շատերն անվերջ հայտարարում են համախմբման ու դրա կարևորության մասին: Սակայն երբ հարցը հասնում է համախմբմանը, պարզվում է, որ բազում տարաձայնություններ ունեն, եւ դրանք այնքան անհաղթահարելի են, որ համախմբումը չի ստացվում։ Հարց է ծագում՝ այս ծանր, դժվարին օրերին ընդդիմադիրները կհամախմբվե՞ն, թե՞ անհատական ամբիցիաները կխժռեն միասնականության գաղափարը:
5165 շարժման անդամ, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց շարժումը դեռևս հստակ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է արդյոք ամսի 5-ին կայանալիք հանրահավաքին, թե՞ ոչ: «Դեռևս որոշում չկա այդ մասով, սակայն վաղը, հավանաբար, այդ մասին շարժումը հայտարարություն կանի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հոկտեմբերի 22-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կազմակերպած կլոր սեղան -քննարկման ժամանակ հայտարարել էր, թե պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ:
«Հաճախ թվում է՝ բոլոր խոսքերն ասված են: Բոլորս սպասում ենք մի գործողության, որի շուրջ կհամախմբվենք: Այսօր անհավանական է թվում, որ համախմբում կլինի: Հայաստանում այսօր չկա քաղաքականություն: Կա ազգային մեծ վտանգ: Ինձ հաճախ հարցնում են. բա սրան հավատո՞ւմ եք, բա նրան հավատո՞ւմ եք, ես միշտ պատասխանում եմ՝ լավ է մեկ-երկու հոգուն չվստահել, քան խաբված լինել բոլորի կողմից: Ես պատրաստ եմ համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ: Ես իմ ժողովրդից մեկն եմ, ես կուսակցական չեմ», - նշել էր Կարին Տոնոյանը:
Կարծիքներ