Բերձորի հայկական եկեղեցին կվերածվի մզկիթի, իսկ Գարեգին Բ-ն լուռ է

Բերձորի հայկական եկեղեցին կվերածվի մզկիթի, իսկ Գարեգին Բ-ն լուռ է

Հայաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Նախագծի համաձայն, պետք է անջատվի Սուրբ Համբարձում եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, պետք է կառուցվեն մինարեթներ։ Եկեղեցու պատերի բոլոր հայատառ արձանագրությունները ջնջվելու են։ Այս մասին ադրբեջանական կողմը նաեւ հրապարակել է լուսանկար, ինչպես հայտնում է սփյուռքահայ «Գանձասար» պարբերականը։  Նախօրեին այս մասին իր «Հանրային ձայն» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ահազանգել է նաեւ Վարդան Ղուկասյանը /Դոգ/։ Սակայն մինչ այս պահը Հայ Առաքելական եկեղեցին պահպանում է քար լռություն։ Ոչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ոչ Գերագույն Հոգեւոր խորհուրդը, ոչ Մայր Աթոռի այլ պատկան կառույց չի արձագանքել այս լուրին։

Տպավորություն է, որ Մայր Աթոռում նախընտրում են լռություն պահպանել, բայց թե ինչու՝ հայտնի չէ։ Գուցե վախենում են խնդրի բարձրաձայնումից, գուցե պարզապես իրենց էլ է հանձնարարվել «խոնարհ հարսի» կեցվածք որդեգրել Հայրենիքի հերթական հատվածի հանձնմանը, դժվար է ասել։ Բայց փաստ է այն, որ Ադրբեջանն արդեն բացահայտ քրիստոնեական սրբավայրի պղծման, անարգման քայլ է որոշել կատարել, ու կաթողիկոսը գոնե Ռուսաստանին, որ այս ողջ «աջափ-սանդալի» «քավորն է» չի դիմում, որ քրիստոնեական կրոնական պաշտամունքային կառույցը, սրբավայրը հանկարծ չվերածվի մահմեդական կրոնական պաշտամունքային կառույցի, որովհետեւ դա չի նպաստի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցմանը, երկու ժողովուրդների հարաբերությունների նորմալացմանը։