Բեմականացված պատերազմ՝ իրական զոհերով ու աղետալի հետեւանքներով

Բեմականացված պատերազմ՝ իրական զոհերով ու աղետալի հետեւանքներով

Կամաց ակնհայտ է դառնում, որ Հայաստանը շուտով դառնալու է նոր պատերազմի թատերաբեմ: Այդ ծրագիրը չեն թաքցնում Ադրբեջանը եւ Թուրքիան: Ու քանի դեռ Հայաստանում երկրի ղեկին իրենց կամակատար Փաշինյանն է, թշնամի երկրների առաջնորդները շտապում են իրականություն դարձնել իրենց պատմական երազանքները: Ադրբեջանն այսօր առանց պատերազմի էլ Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է. Փաշինյանը Հայաստանի սահմանները տորթի նման կտրտում է ու մատուցում Ալիեւի GPS-ին:

Ալիեւն արդեն տանտիրոջ իրավունքով է արտահայտվում Սյունիքով անցնող՝ կառուցվելիք ճանապարհների մասին եւ «մեծահոգաբար» ասում է, որ այդ հնարավորությունից կարող է օգտվել նաեւ Հայաստանը: Դրան չի պատասխանում ՀՀ վարչապետ Փաշինյանը, ինչպես չի պատասխանում Ալիեւի՝ իրեն ուղղված ծաղրանքներին, Հայաստանի նկատմամբ տարածքային բացահայտ հավակնություններին…

Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ Ալիեւը Փաշինյանի մասին լուրջ կոմպրոմատներ ունի, որոնցից վախենում է վերջինս: Հայաստանը միջազգային ասպարեզներում չի բարձրաձայնում արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական երեւույթների մասին եւ չի փորձում Ադրբեջանին միջազգային մակարդակով բերել պատասխանատվության դաշտ, որը կարող է զսպել Ադրբեջանի հետագա ախորժակը:

Այլ, ընդհակառակը, խոսում է Հայաստանի տնտեսության համար բացված ինչ-որ լայն հնարավորությունների մասին: Արդեն ակնհայտ է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներն ունեն պայմանավորվածություններ՝ կապված Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի հետ: Առանց որեւէ տրամաբանական բացատրության, Սյունիքից կիլոմետրերով տարածքներ, բարձունքներ ու ճանապարհներ են զիջվում թշնամուն: Այդ ամենն արդարացնելու համար Փաշինյանը գործի է դնում իր «ուսապարկերի» քարոզչությունը: Չեն խնայում անգամ Սյունիքի անառիկության խորհրդանիշ Նժդեհին՝ նրան մեղադրելով ֆաշիզմի մեջ:

Ինչ-որ սերիալային դերասան է գործուղվում մարզ, ով ճանապարհից «լայվ» է մտնում ու ցույց տալիս, թե, տեսեք, ճիշտ է՝ այս հատվածը թշնամու վերահսկողության տակ է, բայց շատ անվտանգ է: Ստյոպա Սաֆարյանը նորից թիրախավորում է նախկիններին, թե Տավուշի որոշ գյուղերի հանձնման ծրագիրն առաջ է քաշվել Քոչարյանի օրոք: Բայց որքան էլ փաշինյանական քարոզչամեքենայի հնարամտությունները շատ են եւ, ինքը՝ Փաշինյանը, փայլուն մանիպուլյատոր է, նրանց հնարավորություններն անսահման չեն, որպեսզի կարողանան հայաստանյան հանրությանը ներկայացնել Սյունիքի եւ մյուս սահմանամերձ գյուղերի հանձնման բացահայտ իրողությունը, կարողանան արդարանալ եւ ջրից չոր դուրս գալ՝ երկիրը թշնամուն նվիրելու հանցանքից: Ուստի Փաշինյանին այստեղ օգնության կարող է գալ… պատերազմը… 

Սպասվելիք պատերազմը պետք է ոչ թե Ալիեւին, ով առանց պատերազմի էլ ստանում է իր ուզածը, այլ՝ Փաշինյանին, եւ պետք է պարտության ավարտով: Ետպատերազմյան շրջանում Փաշինյանի դրսեւորած վարքագիծը փաստում է, որ նա չի զղջացել իր սխալների, բացթողումների եւ պատերազմով Հայաստանը ողբերգական պարտության տանելու համար: Պատերազմից հետո նա հրաժարական չտվեց: Դեռ ավելին, փոխանակ համախմբեր երկրի ռազմական էլիտային եւ շտապ սկսեր խորհրդակցություններ, թե ինչպես ոտքի կանգնեցնել բանակը, ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, հակառակը՝ շարունակում է քայքայել երկրի բանակը, թուլացնել Հայաստանի ռազմական դիմադրողականությունը, կրճատվում է երկրի ռազմական բյուջեն: Մի խոսքով, Փաշինյանը Հայաստանը նախապատրաստում է հերթական պարտության:

Ակնհայտ է, որ սպասվող պատերազմի ժամանակ, եթե դեռեւս Հայաստանի վարչապետը եւ գերագույն գլխավոր հրամանատարը լինի Փաշինյանը, նորից կլինեն անհեթեթ հրամաններ, անկազմակերպ «պաշտպանություն», ամեն ինչ կարվի, որ զոհեր ու ավերածություններ շատ լինեն, որպեսզի «գերագույն գլխավորն» արդարանա, թե՝ տեսաք, որ այլեւս հնարավոր չէր շարունակել պատերազմը, եւ ես ստիպված Սյունիքը, Տավուշի որոշ գյուղեր, սահմանամերձ որոշ բնակավայրեր զիջեցի, որպեսզի պահպանեինք Երեւանը՝ իր մի քանի մերձակա մարզերով: Իհարկե, այս արդարացման կարիքը կլինի այն դեպքում, եթե Հայաստանը որպես պետություն շարունակի գոյություն ունենալ՝ իր մայրաքաղաք Երեւանով եւ վարչապետի պաշտոնով…