«68 հազարների» ծրագիրը դադարեցվել է. 80 հազար արցախցի՝ սոցիալական աղետի առաջ 

«68 հազարների» ծրագիրը դադարեցվել է. 80 հազար արցախցի՝ սոցիալական աղետի առաջ 

«Մինչեւ ե՞րբ ենք մնալու փողոցներում եւ ինչո՞վ ենք ապրելու»․ այս երկու գլխավոր հարցերի առաջ է կանգնել արցախցին 44-օրյա պատերազմից հետո: 

Կառավարությունն առաջինը լուծել էր մարդկանց Հայաստանով ու Արցախով մեկ ժամանակավոր կացարաններում, բարեկամների տներում տեղավորելով, տնատերերին էլ տան վարձի փող հատկացնելով: Իսկ երկրորդը՝ 68 հազար դրամների ծրագրով: Այն ստանում էին Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող բոլոր քաղաքացիները, հաշմանդամություն չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից բացի: Սակայն ծրագրի գործողության ժամկետն ավարտվել է: Օգոստոսից այն դադարեցվել է: 

68 հազարը քիչ թե շատ հնարավոր էր դարձնում կյանքը դժոխք դարձած հայրենիքում: Այս գումարը ստանում էին ե՛ւ Ստեփանակերտի բնակիչները, որոնք պատերազմի օրերին բանալիով փակել էին տները, իսկ նոյեմբերի 9-ից հետո վերադարձել, եւ որոնց համար ոչինչ չէր փոխվել, ե՛ւ տնազուրկներն ու փախստականները: Այս անարդար համահարթեցումը պառակտել է արցախցիներին: «Ստեփանակերտի բնակիչն էլ ա 68 հազար ստանում, ես էլ, նա իր տունը տալիս ա վարձով, պետությունը մի հատ էլ դրա համար ա իրան փող տալիս: Գիտե՞ս քանի ստեփանակերտցի էս ամառ Էմիրաթներում հանգստացավ»,- ասում է նախկին քաշաթաղցի փախստական Գ․-ն:  
Թեեւ սահմանված էր, որ աջակցության 68 հազարները պետք է հասցեատերերին հասնեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-ին, սակայն առաջին իսկ ամսվանից գումարներն ուշացնում էին: Մարդիկ էլ համակերպվել էին ուշացումների հետ, միայն թե ստանան փողը: 

Հուլիսին, շահառուների վկայություններով, նրանք գումարները մեկ ամիս ուշ էին ստացել: Սա բացատրվեց նրանով, որ միջոցառման գումարներն ուշ էին հաստատվել, որ ամեն անգամ կառավարությունը ստիպված էր լինում բյուջե նայել, որոշել, թե ինչ գումարներից կատարի բաշխումը: Օգոստոսին էլ ընդհանրապես գումար չի տրվել, քանի որ ծրագրի գործողության ժամկետն արդեն ավարտվել էր: 

Սոցապնախարարության «Թեժ գիծ» ծառայություն զանգահարող արցախցիներին տեղեկացնում են, որ 68 հազարների ծրագիրն ավարտված է, բայց կառավարությունն ուղիղ ֆինանսավորման նոր ծրագիր է մշակում: «Դա լինելու է հոկտեմբերից, որ մարդիկ պատրաստվեն ձմռանը»,- ասել են Մարտակերտի Մաղավուզ գյուղի նախկին բնակիչ Կարեն Շիրինյանին: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են. «68 հազար դրամ աջակցության միջոցառումը 4 ամսով էր, այժմ ավարտվել է»: Եվ չի՞ էլ լինելու: Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանում է. «Այս պահին ուղիղ ֆինանսական աջակցության միջոցառում չկա: Ծրագրեր նախատեսվում են, բայց թե շահառուների ինչ շրջանակ կներգրավվի, ինչ տարբերակով օժանդակությունը կշարունակենք ցուցաբերել՝ էս պահին հրապարակային տեղեկատվություն չկա: Կա մի տրամաբանություն, որ ավելի շատ փորձելու ենք զբաղվածության ծրագրերն ակտիվացնել: Երկու այդպիսի ծրագրեր ունենք ընթացքի մեջ: 

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը եւ պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։ Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100 հազար դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34 հազար դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն դրամ աջակցություն։ Բացի դա, Արցախում մեծ թափով անցկացվում է սոցիալական բիզնեսի ծրագիր՝ որ Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ 1000 սոցիալական բիզնես պետք է հիմնվի Արցախում: 1000 ընտանիք պետք է օգնի Արցախի 1000 ընտանիքի: Անցյալ շաբաթ այնտեղ դասընթացներ էին անցկացվում, որ սովորեն, թե ինչպես գրել բիզնես-նախագիծ, ու 100 նախագծի համար արդեն որպես ֆինանսավորող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է լինելու, 100 ջերմոցային տնտեսություն է հիմնվելու: Սա մեկնարկային կետն է: Այլ ընկերությունների հետ էլ կան ծրագրեր: Օրինակ, դասընթացների կազմակերպումն Ասլանյան անունով բարերար է ֆինանսավորում»: 

68 հազար դրամը յուրաքանչյուր արցախցու ձեռքում անհամեմատ ավելի շոշափելի էր, քան ՀՀ կառավարության հյուսած այս ծիածանները: Մոտ 80 հազար արցախցի, որոնք ստանում էին այդ գումարը, այսօր կանգնած են աղետի առաջ: «Համացանցում գրված էր, որ փողերը տալու են, հետո ասեցին, որ չեն տալու: Մարդիկ դրանով էին ապրում: Ինչքան էլ ուշացնեին, գիտեին, որ ստանալու են: Դա էլի ինչ-որ բան էր: Այստեղ ամեն ինչ թանկ է: Լվացքի փոշի, շամպուն, զուգարանի թուղթ, օճառ, էլեմենտար բաներ ես առնում, մի տասը հազար գնում է: Երկու-երեք օրում այդ գումարը ծախսում ես, վերջում տեսնում ես, որ պղնձի մեջ դնելու բան չունես, այնքան է ամեն ինչ թանկացել: Միսը ձեռքի վրա 3500-4500 դրամ է: Երեխաների շորերը թանկ են, եւ սա էն դեպքում, երբ հոսանքի փող չենք տալիս, հիմա ամառ է, հոսանքի, ջրի փող չենք տալիս, բայց ձմռանն ի՞նչ ենք անելու, չգիտեմ»,- ասում է նախկին շուշեցի Մարինե Զաքարյանը: Նա ասաց, որ որպես դպրոցական ունեցողի՝ օգոստոսին Կարմիր խաչից փոխհատուցում են տվել՝ 82 հազար դրամ: Բայց կառավարությունից դեռ ոչինչ չեն ստացել: