Ի՞նչ իրավունքով է Արծրունը հայտնվել դիրքերում

Ի՞նչ իրավունքով է Արծրունը հայտնվել դիրքերում

Իսկապես, ի՞նչ իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարության երբեմնի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գնում մարտական գործողությունների վայր և այնտեղից տեղեկատվություն տրամադրում ֆեյսբուքյան լայվերի տեսքով: Չէ որ նա չի ներկայացնում ԶՈՒ Գլխավոր շտաբը և ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Եթե չի ներկայացնում՝ ուրեմն ընդամենը մասնավոր անձ է: Բայց եթե մեկ ուրիշ մասնավոր անձ փորձի կրկնել նույնը՝ հաստատ անհաջողության կմատնվի: Եթե իրավապահները լրատվամիջոցների ներկայացուցիչներին են արգելել մոտենալ դիրքերին, մասնավոր անձին կիլոմետրերով հեռու կպահեին: Բայց Արծրունուն դա թույլատրվում է: Ինչո՞ւ:
Կարծում եմ, որ դիրքերին մոտենալու թույլտվությունը ստացվել է հենց Փաշինյանից: Միայն այդ դեպքում նրա առջև խոչընդոտներ չէին ծագի: Իսկ ինչո՞ւ հենց Նիկոլից: Որովհետև պարտության հեղինակի (Նիկոլի) և Արծրունու, որպես նիկոլական ստի և կեղծիքի «պատգամաբերի», միջև առաջացել է հոգեկան ներդաշնակություն, եթե, իհարկե, այդ վսեմ արտահայտությունը տեղին է օգտագործել երկու նսեմ անձնավորությունների փոխհարաբերությունների առումով: Ի դեպ, ներդաշնակությունը սկսվել է սպառազինության բացակայության պատճառով պատերազմում այնպես էլ չօգտագործված չորս ռազմական ինքնաթիռների գնմամբ և շարունակվել 44-օրյա պատերազմի ընթացքում: Նույնիսկ ենթադրում եմ, որ Արծրունու խորհրդով է Նիկոլը տեղավորվել ինքնաթիռներից մեկի խցիկում և ֆեյսբուքյան լայվ մտել: Ինչը բավարար է եղել, որպեսզի բացարձակ անիմաստ վատնվի 120 միլիոն դոլարի վարկը:

Բայց չէ՞ որ Արծրունը պաշտոնաթող է եղել՝ կհարցնի գործից տեղյակ ընթերցողը: Այո, բայց դա ի՞նչ նշանակություն ունի Նիկոլի համար: Վերջինս որոշել է, որ այդպես ավելի հարմար է, և վերջ: Իսկ օրենք, կանոն, ֆլան-ֆստան՝ դա Նիկոլի համար չէ, քանի որ ինքը 2018-ից ապրիլից սկսած՝ երբ դուռ ջարդելով գրավեց Ռադիոտան շենքը, կանգնած է օրենքից վեր: Ինքը զոմբիացված բազմության աստվածն է (ես կասեի՝ Չաստվածը), և դրանով ասված է ամեն ինչ: Այդպես էլ ապրում ենք՝ կասեր նիկոլապաշտ երգիչը:  

Իսկ որպեսզի մեր երկրում գործեն օրենքն ու կանոնը, որպես այլևս աականատես չլինենք արծրունների և նիկոլների՝ տհաճություն ապրելով, մենք պետք է միավորվենք որպես գիտակից հանրություն և անենք հնարավորն ու անհնարինը՝ Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար: Դրանից հետո մենք հնարավորություն կստանանք բազմաթիվ հարցեր ուղղելու Արծրունուն և Նիկոլին, և նրանցից ակնկալելու պատասխաններ՝ որքան էլ դա չլինի նրանց սրտով: Այսքանը: