Համակարգ, որը կաշկանդո՞ւմ է դատավորներին

Համակարգ, որը կաշկանդո՞ւմ է դատավորներին

Փաստաբանների կողմից դատավորներին գնահատելու «Help court» համակարգն արդեն 3 տարի է՝ ակտիվ գործում է։ Այստեղ միայն փաստաբանները հնարավորություն ունեն գնահատելու դատավորների աշխատանքը, ինչի արդյունքում էլ ձեւավորվում է դատավորների վարկանիշը եւ հրապարակվում կայքում։ Այդ վարկանիշի չափումները որեւէ հետեւանք չեն ունենում դատավորների համար, զուտ հանրային կարծիք ձեւավորելու նպատակով են արվում, սակայն վերջերս այս կայքում դատավորների արձանագրած վարկանիշի ցուցանիշներին շատ են ուշադրություն դարձնում՝ դրանք հրապարակվում են, հանրայնացվում։

Թերեւս դա է պատճառը, որ դատավորներն էլ ուշադիր հետեւում են կայքում իրենց գնահատականներին, իսկ երեկ նրանցից մեկը կարծիք հայտնեց, որ այդ գնահատումը որոշակի կաշկանդվածության մեջ է պահում իրենց՝ դատավորներին։ Եվ որոշ դատավորներ սկսել են սիրաշահել փաստաբաններին, անհանգստանալ նրանց վերաբերմունքի հետ կապված եւ ամեն ինչ անել, որ նրանք բացասական չգնահատեն իրենց։

Դատավորների գնահատման համակարգի հիմնադիր, փաստաբան Լեւոն Սահակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորի վերը նշված կարծիքին, նշեց․ «Փաստաբանը ե՞րբ է գնահատում դրական, ե՞րբ է գնահատում բացասական։ Դատարանը պետք է «կաշկանդված» լինի իր կայացնելիք որոշումով՝ այնքանով, որ կարողանա իր որոշմամբ համոզել այն փաստաբանին, որին ի վնաս կայացրել է այդ դատական ակտը, որ ինքը կայացրել է պատճառաբանված, օբյեկտիվ դատական ակտ։ Նման պարագայում այլեւս նրան բացասական չի գնահատի։ Երբ դուք բացում եք համակարգը, տեսնում եք դատավորներ, որոնք ունեն բավականաչափ բարձր վարկանիշ, եւ դատավորներ, որոնք ունեն ցածր վարկանիշ»։

Հարցին, թե ինչու են դատախազները զրկված գնահատելու հնարավորությունից, Սահակյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, նման քննարկում շատ է ծավալվել, եւ այդ գաղափարը գոյություն ունենալու իրավունք ունի։ Եղել են նման առաջարկներ, եւ դրանք գնահատել ենք որպես ողջամիտ առաջարկներ։ Ինչո՞ւ մենք հրաժարվեցինք դատախազներին ներգրավելուց, որովհետեւ, եթե փաստաբաններն ամենաանկախ մասնագետներն են, եւ նրանք կաշկանդված չեն ո՛չ Փաստաբանների պալատով, ո՛չ Փաստաբանների պալատի նախագահով, դատախազների մասով մենք մտավախություն ունեինք, որ հնարավոր էր վերեւից ինչ-որ հրահանգ իջներ, եւ բոլոր դատախազները, անկախ ամեն ինչից, այսպես կամ այնպես գնահատեին։ Իսկ փաստաբանները հիմնականում անկախ են»։

Լեւոն Սահակյանը՝ որպես փաստաբան, եւս գնահատում է դատավորներին․ «Ես ունեմ այնպիսի հնարավորություններ, ինչպես ցանկացած գրանցված փաստաբան։ Սա անկախ համակարգ է, փետրվարի 10-ից արդեն «Help court 2021»-ն է գործարկվելու։ Հայտնեմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, ներգրավվելու են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներ»։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ թեմայի վերաբերյալ ասաց․ «ԲԴԽ-ի դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ մինչ այժմ չի քննարկել։ Ես՝ ինքս, որեւէ կարծիք չունեմ։ Մի բան կարող եմ ասել՝ անկախ դատավորի համար պետք է ոչ մի նշանակություն չունենա, թե ով իր մասին ինչ է ասում, եթե ինքը գտնում է, որ արդար, օրինական դատական ակտեր է կայացնում։ Բայց ես չեմ բացառում, որ սուբյեկտիվորեն մարդիկ կարող են կաշկանդվել հրապարակայնորեն տրված գնահատականներով, բայց էլի եմ ասում՝ իմ կարծիքով, դատարանը եթե անկախ է, ապա այդ գնահատականներից չպետք է վախենա»։

Ըստ ԲԴԽ անդամի՝ շատ դեպքերում այդ գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել․ «Եթե օբյեկտիվորեն նայենք, կարող է կաշկանդող հանգամանք լինել դատավորի համար, բայց որեւէ անգամ որեւէ դատավորից նման մտահոգություն չեմ լսել, չեմ կարող ասել, որ տարածված մտահոգություն է։ Պետք է դատավորները դիմեն, բարձրաձայնեն, որպեսզի մենք կարողանանք գործողություններ կատարել»։