Ինչո՞ւ ներկրենք ցածր որակի ցեմենտ, երբ կարող ենք որակյալն արտադրել

Ինչո՞ւ ներկրենք ցածր որակի ցեմենտ, երբ կարող ենք որակյալն արտադրել

«Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ 16 տարվա նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ «Արարատ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարաններին՝ նշելով, որ դրանք տարիներ շարունակ լիարժեք ապահովել են մեր պահանջարկը, եւ դրսից ցեմենտ ներկրելու խնդիր չի եղել։ Սակայն իրենք միշտ էլ մտահոգված են եղել, որ եթե էներգակիրների գներն աճեն, ապա դրա հետ մեկտեղ կբարձրանա ցեմենտի գինը, եւ դրսից կներմուծվի ցեմենտ։ Նա հիշեցրեց, որ վրացական շուկան գրավեց թուրքական ցեմենտը։ 

Նաիրա Մարտիրոսյանը նշեց, որ ցեմենտը տարիներ շարունակ չէր ներկրվում դրսից, ինչը հնարավորություն էր տալիս, որ երկու գործարաններն էլ նորմալ ծավալով աշխատեին։ Իսկ ահա հիմա Հայաստան է ներկրվում իրանական ցեմենտ, որը ներմուծվում է առանց որակը հաստատող փաստաթղթի։ 

«Չկան որակի սերտիֆիկատներ, եւ այսօր եզրակացություն անելը պարսկական ցեմենտի մասին բավականին դժվար է»,- ասաց Նաիրա Մարտիրոսյանը։ Նրա փորձերը՝ պարզելու ցեմենտի որակը հաստատող փաստաթղթերի գոյությունը, անիմաստ են անցել։ 

Նախկին տնօրենն ասաց, որ մեր երկիր կներմուծվի կլինկեր, որը կիսաֆաբրիկատ է, որից էլ ստանում են ցեմենտ։ 

«Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում ինքը դրսից կլինկեր կներմուծի։ Բայց դա ի՞նչ է նշանակում։ Դուք պատկերացրեք, որ կլինկերը մենք կներմուծենք, կաղանք, շատ էժան ցեմենտ կստանանք, բայց որակապես այն կլինի ցածր։ Իսկ արտադրամասերն էլ կմնան առանց աշխատանքի։ Ես չեմ կարծում, թե դա հարցի լուծում է»,- նշեց նա։

Նաիրա Մարտիրոսյանն ասաց, որ կան երկրներ, որոնք սահմանափակում են ցածր որակի ցեմենտի մուտքը, ինչո՞ւ մենք պետք է ներմուծենք ցածր որակի ցեմենտ այն դեպքում, երբ մեր գործարաններն ավելի որակյալ ցեմենտ կարող են արտադրել։ 

Հարցումների ժամանակ նախկին տնօրենը պարզել է, որ մեր շինարարներին ձեռնտու է տեղական արտադրանքը։

Ըստ նախկին տնօրենի՝ «Հրազդան» գործարանի ցեմենտի որակն ավելի բարձր է, քանի որ այն արտադրում են թաց եղանակով, իսկ «Արարատը»՝ չոր եղանակով։ Իսկ իրանական ցեմենտը շատ արագ բռնկվում է, ինչի պատճառով շինությունների ամրությունը նվազում է։ 
Նաիրա Մարտիրոսյանը մտահոգված է, որ եթե մի երկու տարի էլ մեր գործարանները չաշխատեն, մենք աշխատող չենք ունենա, մարդիկ կարտագաղթեն։ 

«Հիմա, երբ արտադրություն չկա, գործարանները աշխատողներին չեն ազատում, պահում են, որովհետեւ ցեմենտի արտադրության մեջ մասնագետ պատրաստելն ամենաքիչը պահանջում է տասը տարի։ Եվ դրա համար, թեկուզ մեր գործարանը չի աշխատում, բայց մենք մեր աշխատողներին պահում ենք։ Եթե մենք կորցնենք մեր շուկան, այն վերականգնելը շատ դժվար կլինի»,- ասաց նախկին տնօրենը։

Մամուլի ասուլիսին ներկա Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն էլ համաձայնեց լրագրողներից մեկի այն մտքին, որ պետք է արդիականացվեն գործարանները։ Նա կարծիք հայտնեց, որ պարսկական ցեմենտի ներկրումը Հայաստան խթան կդառնա, որ մեր ներդրողները ներդրումներ կատարեն եւ իջեցնեն ցեմենտի գինը։ Իսկ այդ ուղղությամբ կառավարությունը պետք է իր հերթին քայլեր կատարի։ Միաժամանակ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ շինարարության ծավալները մեր երկրում կրճատվում են։ 

Նաիրա Մարտիրոսյանին մտահոգում է, որ եթե կլինկերը ներմուծվի Հայաստան, ապա մեր ցեմենտի  գործարաններում աշխատատեղերը կկրճատվեն եւ չենք կարող երաշխավորել, որ մեր երկրում որակյալ ցեմենտ կարտադրվի։

Նա ասաց, որ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ում այսօրվա դրությամբ կա 10-15 հազար տոննա կուտակված ցեմենտ, եւ այդ ցեմենտը քիչ է վաճառվում։