«Եթե արտակարգ դրություն չմտցներ, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության մատնվեց»

«Եթե արտակարգ դրություն չմտցներ, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության մատնվեց»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։ 
Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը պատրաստվում է այսօր ելույթով հանդես գալ․ «Ելույթով կարծում  եմ, որ հանդես կգա, առաջին իսկ օրվանից ես լավ հիշում եմ՝ նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Կգա ժամանակը՝ ինչ-որ մեկը կտա ձեզ գործի նյութերի մի մասը։ Օրինակ, ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է  խորհրդակցություն՝ հաղորդագրություն ստանալով Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, մարդիկ զինված են, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Վերջերս նրա մի ելույթը լսեցի, որտեղ ասում է՝ հատուկ գնդի  ութսուն տոկոսը միացել է ցուցարարներին , ի՞նչ է սա նշանակում, զինվորականները միացե՞լ էին ցուցարաներին, ի՞նչ իրավունքով, որ նրանք դուրս են քաղաքական գործընթացներից։ Այս առումով է, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել եւ ասել եմ՝ բանակը մի ներքաշեք։ Եթե չստացվեր՝ Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության  մեջ։ Եթե արտակարգ դրություն չմտցներ, շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին  լինեին, կասեին՝ Ռոերտ Քոչարյանը անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»։

Հարցին՝ ի՞նչ ցուցմունքներ կան իր պաշտպանյալի դեմ, նա ասաց․ «Հարց է տալիս մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի՞ խախտել Սահմանադրությունը, նա իրավաբան չի, ո՞նց կարա էդ հարցին պատասխանի, ախր ո՞նց ես էդ հարցը տալիս մի մարդու, որը պատասխանելու իրավասություն էլ չունի»։

Իսկ թե ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել նրան, որ փոխվի Քոչարյանի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց, որ փաստաբանների այդ ամենին դժվարությամբ են հասել, այդպես եղել է բոլոր նախագահների, այդպես է նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Ես սպասում էի, որ փոփխոություններ են լինելու, իմ  կոլեգաներն ասում էին նախորդ իշխանությունների համար՝ թող չավելացնեն ոչինչ, հիմա անում են նույն բանը, ի՞նչն է պատճառն, որ մինչեւ հիմա գործերը չեն մտնում դատարան։ Հարց տվեք Ձեզ՝ Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, որովհետեւ նա ՌԴ քաղաքացի է, իրեն չեն հանձնում»։

Հիշեցնենք, որ առավոտյան 10։00-ից մեկնարկած նիստը դեռեւս ընթանում է, երկրորդ նախագահն այսօրվա նիստին ներկա է, մինչդեռ երեկ չէր մասնակցում։

Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական հայտնի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ․ նա կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։