Որքան արցախցի է մնացել Շիրակի մարզում

Որքան արցախցի է մնացել Շիրակի մարզում

Երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդի հերթական նիստի օրակարգային առաջին հարցն առնչվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Շիրակի մարզում ընդունման և տեղավորման, տրամադրված հումանիտար աջակցության ու կատարված այլ աշխատանքներին, որի վերաբերյալ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։

Մարտիկյանը նշել է, որ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և արցախցիներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ 

«Հոկտեմբերի 3-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում տեղավորված անձանց թիվը կազմել է 591, նոյեմբերի 13-ի դրությամբ թիվը նվազել է՝ հասնելով 14-ի։ 577 քաղաքացի մեր աջակցությամբ տեղափոխվել են առանձնատներ և բնակարաններ։ Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքի կազմը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարի տան վարձակալության համար»,- ընդգծել է մարզպետի տեղակալը։ 

Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, մարզի բուհերում՝ 45 ուսանող։ Այսօրվա տվյալներով, ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել է 71 թափուր աշխատատեղ։

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի զեկույցի համաձայն, Շիրակի մարզի բժշկական հաստատություններում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2479 անձ, 150 անձի տրամադրվել է անվճար դեղորայք, 46 անձի` ստացիոնար բուժման ուղեգիր, 222-ը ստացել է լաբորատոր-գործիքային հետազոտության ուղեգիր։ Հաշվառվել է 23 հղի, ծննդաբերել՝ 5 կին։