Յո՞ երթաս, Երկիր
Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից, կարելի է համարել բացարձակապես անպտուղ: Միակ հուսադրողն այն է, որ համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան, բայց թե ի՞նչ «ուղեբեռով՝ մնում է անորոշ: Ադրբեջանում սկսվել է քաղաքական վերադասավորումների նոր փուլ: Սենսացիոն հայտարարություն է տարածել ընդդիմադիր ԱԺՃ կուսակցության փոխնախագահ Գահրամանլիի դուստրը՝ հորը մեղադրելով ընտանիքում բռնակալական հակումների մեջ, որից հետո Գահրամանլին հրաժարական է տվել: Իշխանությունը սեղմում է օղակը ԱԺՃ երկարամյա նախագահ Քերիմլիի շուրջ՝ նրան պարտադրելով հրաժարականի: Ալիեւն, ամենայն հավանականությամբ, մտադիր է ձեւավորել նոր ընդդիմություն: Այն, անկասկած, ավելի ազգայնական եւ արմատական կլինի հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Խնդիրն ռազմական ճանապարհով լուծելու հարցում բախվելով միջազգային լուրջ համազդեցության, Ալիեւը, որքանով կարելի է հասկանալ, մտադրվել է Ադրբեջանում ձեւավորել «օկուպացված տարածքները պատերազմով ազատագրելու» հանրային-համազգային պահանջ: Եկող տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցնելու են իշխանության «խաղաղասիրական» եւ հանրության ռազմատենչ տրամադրությունների «հակադրման» մթնոլորտում:
Նպատակը մեկն է՝ միջազգային ասպարեզում հստակ տպավորություն ստեղծել, որ եթե ԼՂ հարցում Հայաստանի նկատմամբ ճնշումներ չգործադրվեն, ապա Ալիեւը պարտադրված կլինի ընդառաջել ԼՂ-ն «ազատագրելու համաժողովրդական պահանջին»: Ադրբեջանը նախապատրաստվում է խոշոր պատերազմի: Բաց է մնում միջազգային երաշխիքների հարցը: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի անթույլատրելիության» մասին: Հոկտեմբերի 1-ին Երեւան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաջորդ օրը նա Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանական մամուլը գրում է, որ «Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության անցկացումը ներկայումս լիովին համապատասխանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին»: Ենթատեքստը հասկանալի է՝ Ադրբեջանը կմիանա Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերին, եթե Մոսկվայից երաշխիք ստանա, որ ԼՂ-ում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի միջամտի եւ չի կատարի Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները: Հայ-ռուսական հարաբերությունները մնում են անորոշ, իսկ եթե նկատի ունենանք ռուսական մեդիա-տիրույթում իշխող մոտեցումները, Մոսկվան պարզապես չի վստահում Հայաստանի իշխանություններին:
Ռուս տասը փորձագետից ինը Նիկոլ Փաշինյանին համարում է «Արեւմուտքի դրածո»: Տեղի է ունենում իրավիճակի միտումնավոր նենգափոխում այն կտրվածքով, որ հենց Արեւմուտքն է շահագրգռված ԼՂ հակամարտության ապասառեցմամբ եւ, «հրաժարվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից»՝ Նիկոլ Փաշինյանը «պատերազմ է հրահրում, որպեսզի տարածաշրջանը վերջնականապես դուրս բերվի Ռուսաստանի ազդեցությունից»: Երեւան այցից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահին հրավիրելով Սոչի՝ Վլադիմիր Պուտինը, կարծես, անոնսավորում է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներից դուրս Հայաստանի վարչապետին ասելիք չունի: Հարավային Կովկասի կամ հայ-ադրբեջանական խորհրդային դարաշրջանի ստատուս-քվոն ձեւավորվել է ռուս-թուրքական մեծ պայմանավորվածությամբ: Քառորդ դար է՝ այն գոյություն չունի, կան նոր իրողություններ:
ԱՄՆ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը վերահաստատել է մոտեցումը, որ ԼՂ կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Նա ասել է, որ սպասում է Իլհամ Ալիեւի արձագանքին: Ալիեւը մեկնում է Սոչի՝ ՌԴ նախագահի հրավերով: Regnum-ի մեկնաբանն ասում է, որ եթե Հայաստանը շարունակի առաջ մղել «միացման» հայեցակարգը, ապա Ռուսաստանին այլ տարբերակ չի մնա, քան՝ «Լեռնային Ղարաբաղին մոտենալ արդեն Ադրբեջանից»: Սոչիում Պուտինը նման առաջարկ կանի՞ Ալիեւին: Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է որեւէ կարգավիճակով ՀԱՊԿ-ին ինտեգրվելու հեռանկարից: Բայց եւ ամենաբարձր մակարդակով ընդունել է ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարին: Պատմության մեջ մեկ անգամ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը Հայաստանը հայտարարել են «միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Հետեւանքը Հայաստանի անկախության վերացումն ու տարածքային մասնատումն էր: Կա՞ն երաշխիքներ, որ Ռուսաստանը չի արտոնի Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Անգլիական ռազմանավերը Հայկական լեռնաշխարհ չեն կարող բարձրանալ՝ ասված է բոլոր ժամանակների՞ համար: Յո՞ երթաս, Երկիր:
Կարծիքներ