Այս ամենը շատ վտանգավոր է մեր գիտության համար

Այս ամենը շատ վտանգավոր է մեր գիտության համար

Կեղծ դոկտորականների եւ գիտական կոչումների թեման մշտապես եղել է օրակարգային խնդիր կրթական համակարգի համար, իսկ վերջին շրջանում՝ հատկապես։ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ պլագիատները, կեղծ ատենախոսություններն ու կոչումները դարձել են համակարգային խնդիր, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է պատկերացնում այս ոլորտի կարգավորումը եւ վտանգներ ու ռիսկեր չի՞ տեսնում այս նոր տենդենցի մեջ, երբ ամեն անգամ նոր անուններ են շրջանառվում կոչումների եւ փաստաթղթերի կեղծարարությունների մեջ։

«Իրականում այս ամենը շատ վտանգավոր է առանց այն էլ վատ վիճակում գտնվող մեր գիտության համար, իսկ լուծումների մասով բարդ է ասել, թե ինչ կարելի է անել, որովհետեւ մի կողմից, եթե մարդը խախտում ունի, ցանկացած քաղաքացի իրավունք ունի այդ խախտման մասին բարձրաձայնել եւ պահանջել հետեւանք, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այսպես լայնամասշտաբ լինելու դեպքում համակարգն ուղղակի կքանդվի։ Եթե ուշադրություն դարձնեք, դատավորների դեպքում, երբ եղան ինչ-որ խնդիրներ, նրանք համախմբվեցին ու ասացին՝ մեր ներքին խոհանոցը մեր ներքին գործն է, իսկ, օրինակ, գիտնականներն իրենց բնագավառում սովորաբար նման բան չեն անում։ Դրա համար պրոբլեմներն այսպես դրսեւորվում են»։

Այն, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի այդ «խախտման» մասին բարձրաձայնել եւ պահանջել խնդրի լուծում, այսինքն՝ հանձնաժողով կազմել՝ ատենախոսություններն ուսումնասիրելու համար, որքանո՞վ է ենթադրում անաչառություն եւ օբյեկտիվություն, քանի որ տվյալ անձը կարող է գործել անձնական շահերից ելնելով։ Գոգյանն ասաց․ «Հենց դրանում է վտանգը, հիմա Հայաստանում ամեն գիտնական գիտի, թե մյուս գիտնականն ինչի է ընդունակ եւ արժանի, այսինքն՝ իրար մասին շատ բան գիտեն եւ պետք եղած դեպքում օգտագործում են դա։ Այսինքն՝ ոչ թե ոլորտի ազնվության եւ մաքրության համար են պայքարում, այլ կոմպրոմատի տեսքով օգտագործում են իրար դեմ։ Սա է խնդիրը։ Բայց մյուս կողմից էլ իրավունք ունեն, որովհետեւ օրինական ձեւով բացահայտված է, հո գաղտնի ձայնագրություններ կամ անձնական կյանքից դրվագներ չե՞ն հրապարակում, մարդու գիտական գործունեության բաց արդյունքներն են ուսումնասիրում, որի իրավունքն ունեն»։

Եթե կեղծ գիտական կոչումն ու ատենախոսությունը հարցի մի կողմն են, խնդրի մյուս կողմում հանձնաժողովի անաչառությունն է, որը հաստատել է այս կամ այն ատենախոսությունը կամ գիտական կոչումը։ Այս հանգամանքն ինչպե՞ս է կարգավորվում, կա՞ պատասխանատվության ինչ-որ մեխանիզմ։ «Պատասխանատվության ենթարկելն անհնար է, որովհետեւ հանձնաժողովի անդամներն էլ կարող են ասել, որ մենք չգիտեինք, որ արտագրություն կա։ Այստեղ էլ գալիս է կոմպետենտության խնդիրը։ Ամեն դեպքում, մենք աշխատում ենք աստիճանաշնորհման համակարգից հեռու պահել այն մարդկանց, որոնք երկու կողմից էլ վեճի առարկա են դարձնում այս ամեն ինչը։ Բայց, օրինակ, նույն այդ մարդիկ, որոնց ասպիրանտների ատենախոսությունը մենք մերժում ենք արտագրության համար, շարունակում են նշանակվել գիտական ղեկավարներ՝ իրենց գիտական հիմնարկներում, ինչը մի տեսակ աբսուրդային է, սակայն իրավական առումով մենք չենք կարող արգելել, բուհերի ակադեմիական ազատության դրույթն է գործում, իրենք ուզում են՝ նշանակում են։ Մեր համակարգը շատ խնդրահարույց է, քանի որ իրավունք ունեն»։

Թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի կարգավորումը, որտեղից պետք է սկսել, ԲՈԿ-ի նախագահն ասաց, որ օրենսդրական որոշակի կարգավորումներ պետք է լինեն, իսկ նոյեմբերի վերջին ասպիրանտների ու դասախոսների համար սկսելու են սեմինարներ անցկացնել. «Տեսնենք էֆեկտիվությունն ինչպես կլինի։ Նաեւ տարբեր քննարկումներ են ընթանում, բայց վերջնական լուծումներ չկան։ Երբ եկա ԲՈԿ-ի նախագահ, ասացի, որ անցյալը չենք ուսումնասիրելու մեր նախաձեռնությամբ, բայց դե՝ մեր նախաձեռնությունը բավարար չէ, մյուսները նախաձեռնում ու գնում են»։