ԿԳՄՍ-ն որոշել է հեծանիվ հորինել

ԿԳՄՍ-ն որոշել է հեծանիվ հորինել

Հայաստանի իշխանությունները որոշել են առաջին դասարանցիների դպրոց ընդունման կարգում նորարարությամբ հանդես գալ, ու վերացրել են առաջին դասարանցուն դպրոց ընդունելու համար պարտադիր բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս առնչությամբ, դեռ հուլիսի 29-ին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ծնողներ, դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Եթե կան դպրոցներ, որ նման պահանջ են դնում, խնդրում եմ անմիջապես տեղեկացրեք նախարարությանը»։ 

Այս նորարարությունը թե որքանով արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը, բայց մի քանի դիտարկումներ կատարենք․ 

• Նախ, փորձենք հասկանալ, թե ինչի համար է եղել դպրոց ընդունվելիս երեխայի բժշկական տեղեկանքը, որը տրվել է այն պոլիկլինիկայի կողմից, որին կցված է եղել երեխան, ըստ բնակության վայրի։ Բժշկական տեղեկանքն այլ բան չի եղել, քան մի փաստաթուղթ, որը պարունակել է տեղեկություններ երեխայի ընդհանուր առողջական վիճակի մասին, նաեւ պարունակել է տեղեկություններ՝ երեխայի բժշկական անկետայից։ Դպրոցում այդ տեղեկանքը ծառայել է նրան, որ մանկավարժը, դասվարը, մի խոսքով՝ դպրոցը կարողանա ճիշտ կազմակերպել երեխայի ուսումնառությունը։ Օրինակ՝ եթե երեխան ունի տեսողության խնդիր եւ դա արձանագրված է տեղեկանքում, ապա նրան նստեցնեն դասասենյակի նստարանների առաջին շարքում, որպեսզի երեխան հավելյալ չլարվի ու գրատախտակին գրվածը տեսնի։ Կամ եթե սրտանոթային հիվանդություններ ունի, դասվարը իմանա ինչպես իրեն պահել` եթե երեխան վատ է զգում, դպրոցի բուժկետն էլ հսկողության տակ պահի երեխային: Սրանք ամենապարզ օրինակներն են, կարող են այլ դեպքեր էլ լինել։ 

• Սակայն հիմա, երբ հանվում է այս տեղեկանքը, առաջանում է բնական հարց․ իսկ դպրոցը որտեղի՞ց է իմանալու, թե ընդունվող երեխան արդյոք չունի առողջական այնպիսի տվյալներ, որոնք պահանջում են որոշակի ուշադրություն այդ երեխայի նկատմամբ։ 

• Սակայն այստեղ կա մի հարց, որին պետք է անդրադառնալ` այդ տեղեկանքը որքանով է ծառայել իր կոչմանը, թե՞ եղել է զուտ ֆորմալ փաստաթուղթ։ Այսինքն, եթե իրոք երեխային դպրոց ուղարկելուց առաջ ծնողը տարել է պոլիկլինիկա այդ տեղեկանքը վերցնելու համար, երեխան բուժզննում անցել է, որի արդյունքները արձանագրվել են տեղեկանքում՝ բժշկական անկետայի հիման վրա, ապա տեղեկանքը անհրաժեշտություն է։ Իսկ եթե այն պարզապես վերածվել է անիմաստ ֆորմալ փաստաթղթի, որը, ինչպես ասում են, վերցրել են պոլիկլինկայից, որպեսզի երեխայի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացվի, ապա սա այլ բան է։ 

• Վստահ ենք, որ կրթության ու առողջապահության ոլորտի մասնագետները այս առումով ասելիք կունենան, սակայն կարծում ենք, որ պետությունը պետք է ապահովեր այն, որ այս տեղեկանքը իրապես լիներ այն, ինչին կոչված է: Եւ եթե ձեւական տեղեկանքներ էին տրամադրում, այդ ձեւականությունը վերացվեր, այլ ոչ թե բուն տեղեկանք ներկայացնելու կարգը:

ՀԳ Ի դեպ, սա շատ նման է տարիներ առաջ Տիգրան Սարգսյանի մի նախաձեռնությանը` երբ նա հայտարարեց, որ ավտոմեքենաների տեխզննումը Հայաստանում ձեւական է եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում ու տեխզննումը վերացրեց: Մարդիկ սկսեցին մուծվել բանկերին` տեխզննման կտրոն ստանալու համար, առանց մեքենաների տեխնիկական զննում անցնելու:

Մի քանի տարի շարունակ տեխզննումը վերացավ երկրից, բազմաթիվ դժբախտ դեպքեր եղան, մինչեւ որ մասնագետները հասկացան, որ ոչ թե տեխզննումն էր պետք վերացնել, այլ այն դարձնել իրական, որովհետեւ դա մեքենաների անվտանգ սպասարկման համար խիստ անհրաժեշտ գործընթաց էր: Հիմա դանդաղորեն վերականգնվում է այդ գործառույթը: Դանդաղորեն, որովհետեւ ավերելը միշտ ավելի հեշտ է, քան ինչ որ բան ստեղծելը: