Ինչո՞ւ պիտի Աշոտիկն ու Մարիամիկը թիկնազորով շրջեն, կաթողիկոսը՝ ոչ

Ինչո՞ւ պիտի Աշոտիկն ու Մարիամիկը թիկնազորով շրջեն, կաթողիկոսը՝ ոչ

Նախկին խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը, մեջբերելով Հրանտ Մաթեւոսյանին, որ մարդն ու անասունն իրարից տարբերվում են հիշողությամբ, հիշեցրել էր, թե ինչպես մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, մերժվեց Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ կատարելու իր նախաձեռնությունը։

- Ո՞րն էր այս հիշեցման, լրագրողական լեզվով ասած՝ տեղեկատվական առիթը, ինչո՞ւ եք հիշել այդ օրինագիծը։

- Որովհետեւ վտանգները չեն անցել, ինչպես անցած տարի էր կանաչ լույս վառվում անաստվածների, հակաեկեղեցականների ու հակաքրիստոնեական տարրերի համար, նույն ձեւով էլ հիմա է վառվում եկեղեցու, կաթողիկոսի վրա հարձակումների համար։ Արդեն ֆիզիկական հարձակումների մասին է խոսքը։ Ավելին՝ դրանք ոչ միայն չեն անցել, այլեւ ավելացել են, քանի որ վարչապետը մեկնում է ԱՄՆ ու խոսում է եկեղեցականներին, հոգեւորականներին ծնկի բերելու մասին՝ շատ վատ բառապաշարով։
Ուզում եմ հիշեցնել, թե ես ինչ էի առաջարկում։ Մեր օրենքը կարգավորում է այնպես, որ պարտադիր պետական պաշտպանության տակ են վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը։ Մնացածն արդեն վարչապետի հայեցողությամբ է, նա կգտնի՞, որ Պողոսի անվտանգությունը պետք է ապահովել՝ կապահովվի, չի գտնի՝ չի ապահովվի։ Եվ ես, հաշվի առնելով մեր եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, կարգավիճակը, որ Սահմանադրության մեջ ֆիքսված է, ասել էի, որ եկեք չթողնենք դա վարչապետի հայեցողությանը, եկեք օրենքով սա կարգավորենք։ Որ Նիկոլ Փաշինյանը, վաղը կլինի՝ Պողոսյան Պետրոսը, ինքը չորոշի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնապահներ տա՞, թե՞ ոչ։ Էն դեպքում, երբ խորհրդային, պաշտոնապես՝ աթեիստական պետությունն էր Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանություն տրամադրում։ Խոսքն էստեղ վախենալ-չվախենալու մասին չէ։ Ես չեմ ասում, որ մարդկանց մեջ դուրս գալու հետեւանքով բռնելու են հոշոտեն։ Բայց տեսե՞լ եք՝ ինչքան աննորմալներ կան, քաշքշեցին, չէ՞, էդ մարդուն։

- Բայց ինչ-որ ազդակներ ստացել ե՞ք՝ հարձակում, հարձակման փորձ։

- Վարչապետի խոսքը հենց ազդակ է եւ կանաչ լույս այդ՝ Աստված մերժող, այս հակաքրիստոնեական տարրերի համար։ Ու նորից հիշեցնում եմ, որ էս խնդիրը լուծել է պետք։ Սա համազգային խնդիր է, պետական կարեւորության։ Եվ ի՞նչ պարզվեց․ երբ օրինագիծը տապալվում էր, ասում էին՝ ինչու վեհափառը խնդի՞ր ունի իր ժողովրդի մեջ դուրս գալու, վախենո՞ւմ է։ Եվ հիմա ուզում եմ առաջարկել՝ թող վարչապետը մի հատ առանց իր թիկնապահների բանակի՝ մենակով դուրս գա ժողովրդի մեջ։ Տեսնենք կարո՞ղ է, թե՞ չէ։ Դրան գումարած՝ էդ ո՞նց է լինում, որ 1700-ամյա եկեղեցու առաջնորդի համար թիկնապահներ պետք չեն, բայց վարչապետի զավակները պետք է երեկոյան թիկնապահներով զբոսնեն։ Չհասկացանք՝ վարչապետի տղա Աշոտիկը կամ աղջիկ Մարիամիկն էս երկրում ավելի կարեւոր մարդիկ են, քան վեհափառ հայրապե՞տը։ Էդ ի՞նչ ձեւ ա, էդ ի՞նչ տոն է։ Թող կանգնեն-ասեն, որ այդ կյանքն իրենց դուր է գալիս, որ միշտ դրա մասին երազել են, որ էն, ինչի մասին խոսել են տարիներ շարունակ, որ օլիգարխնե՜րը թիկնապահներով ման են գալիս, ավտոշարասյուներով, իրենք ոչ թե քննադատել են, որ վատ երեւույթ է, այլ իրենք են ուզեցել տենց ապրել։ Հիմա էլ ապրում են։

- Ես հստակ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ քանի որ ներկայումս կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար է տարվում, Փաշինյանը, հնարավոր է, թիրախավորված է, նաեւ՝ իր երեխաները։

- Ի՞նչ է նշանակում՝ թիրախավորված են, եւ երեխաների վրա հարձակվելը, անկախ նրանից, թե ում երեխան է, ամենաստոր եւ ամենաանընդունելի երեւույթն է․․․

- Ամենաստորն է, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ հարձակում չի լինի, Դուք երաշխավորո՞ւմ եք։

- Բայց մենք տեսել ենք, չէ՞, կաթողիկոսի վրա հարձակումը։ Իսկ կարո՞ղ ենք երաշխավորել, որ այդ հարձակումը չի կրկնվի։ Եվ ի՞նչ է նշանակում՝ կոռուպցիայի դեմ պայքար։ Ցանկացած իշխանություն էլ՝ Հյուսիսային Կորեայից մինչեւ Արգենտինա, հակակոռուպցիոն քաղաքականություն է վարում։

- Համաձայնեք, որ հիմա մեզանում այլ թափով է ընթանում, ինչի համար Փաշինյանը քննադատվում է։

- Բայց մենք խելագարության կանխավարկածով ենք, հա՞, մոտենում։ Այսինքն՝ եթե իշխանությունը հակակոռուպցիոն քաղաքականությամբ է զբաղվում, մի հատ տենց հակակոռուպցիոն հանձնաժողով Հովիկ Աբրահամյանն էր ձեւավորել՝ Գագիկ Խաչատրյանի հետ․․․ այլ վարչապետեր են ձեւավորել։ Հիմա ինքն է ձեւավորել, առավոտից իրիկուն դրա մասին խոսում է․․․ հիմա մեկը մյուսի հետ խառնենք, ի՞նչ կստացվի։ Այսինքն՝ եթե հակակոռուպցիոն գործունեություն ես վարում, պտի ամեն կողքիդ մի հատ պետական թիկնապա՞հ ունենաս։

- Մեծ ֆինանսական լծակներ ունեցող ազդեցիկ մարդիկ են ճաղերի հետեւում։

- Նախ, պետք է գնահատել՝ ինչքան դա կապ ունի օրենքի հետ, իրավական գործընթացների հետ՝ առհասարակ։ Թե՞ խոսքը քաղաքական ռեպրեսիաների մասին է։ Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, այս մասին կխոսենք, եւ սա առանձին թեմա է։

- Վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերն անհասանելի են հանրությանը, որովհետեւ օրենքը, որ ժամանակին ընդունել էին հանրապետականները, թույլ է տալիս դա գաղտնի պահել։ Չե՞ք ափսոսում, որ նման օրինագիծ ընդունեցիք՝ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծախսերի հետ կապված։

- Սա նուրբ եւ զգայուն թեմա է, որովհետեւ պետության ղեկավարի անվտանգությանն է առնչվում։ Եվ այստեղ առանձնապես խնդիրներ չեմ տեսնում, որ էդ ամենը չպետք է հրապարակվի, խնդիր տեսնում եմ այն մասով, որ ներկայիս իշխանությունը տարիներ շարունակ խոսել է, որ պետք է հրապարակվի, հենց իրենք են դառնում, հրաժարվում են։ Եթե դա այդքան վատ բան է, բա փոխե՜ք։