Սյունիքից առաջ կա բուն Արցախի խնդիրը

Սյունիքից առաջ կա բուն Արցախի խնդիրը

Մոտ մեկ տարի առաջ ձեւավորվեց Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ, որը նախ իր ձայնը բարձրացրեց Սեւ լճի տարածք թշնամական ուժերի ներխուժման եւ տեղակայման դեմ, ապա ձեռնամուխ եղավ Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծմանը, որը, ինչպես ամիսներ առաջ հայտարարեց նախաձեռնող խումբը, պետք է նպաստեր բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում պարեկային ծառայության ուժեղացմանը՝ անհրաժեշտության դեպքում համալրելով տեխնիկական միջոցներով։ Ստեղծեր մեխանիզմներ՝ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։ Նպաստեր ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացներ մարզումներ ֆիզիկատակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։ 

Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ, Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանից հետաքրքրվեցինք, թե հիմա ինչով է զբաղված մտավորականության նախաձեռնող խումբը, որն ամիսներ առաջ պարբերաբար հայտարարություններ եւ հավաքներ էր անում սահմանային, ճանապարհների եւ երկրում ստեղծված վիճակի հետ կապված: Մեզ հետ զրույցում Ա. Խոջաբաղյանն ընդգծում է, որ այս պահին նախաձեռնող խմբի հիմնական նպատակն է՝ անվտանգային խնդիրների հետ կապված մոնիտորինգի իրականացում, ուզում են այնպես անել, որ մարդիկ ներգրավվածություն ունենան իրենց բնակավայրերի անվտանգային հարցերում, այլ կերպ ասած` հույսը դնեն իրենց վրա եւ փորձեն հասկանալ, թե ինչ կարող են անել իրենց գյուղը կամ քաղաքն ավելի անվտանգ դարձնելու համար։ «Դրա համար նպատակ ենք դրել, որ բոլոր բնակավայրերում ձեւավորվեն նմանատիպ անվտանգության խորհուրդներ»,- ասում է նա ու հավելում, որ իրենց ծրագրերում ներգրավում են նաեւ այլ կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Գորիսի ՈՄԱ-ին, որը մի շարք բնակավայրերում իրականացնում է դասընթացներ:

Անվտանգային առումով ի՞նչ խնդիրներ կան այսօր Գորիսում։ «Անվտանգային առումով ոչինչ չի փոխվել. Սեւ լճում թուրքերը շարունակում են մնալ, իրենց դիրքերն ամրացրել են, Որոտանի ճանապարհն էլ փակել են, իսկ ռազմական միջադեպեր, որպես այդպիսին, չկան, սահմանային լարվածության դեպքեր լինում են, բայց ավելի շատ՝ մանյովրային․ կարող է ինչ-որ տեղ կուտակումներ լինեն: Պարբերաբար լսում ենք նաեւ, որ անասուններ են կորում` այս տեսակ խնդիրներ։ Այսինքն՝ բուն Գորիսն անվտանգ է, բայց գլոբալ առումով տեսնում ես, որ պետությունն ինչ-որ տարածքներ զիջել է, տվել է ու չի ուզում դրանք հետ վերցնել: Քանի որ մենք էլ էն գլխից չենք վստահում թուրքերին, մտածում ենք, որ խնդիրներ ցանկացած պահի կարող են լինել, ու եթե այդ խնդիրը լինի, արդեն համահայկական բնույթ է կրելու եւ միայն մեր խնդիրը չի լինելու»:

Նախորդ տարվա նոյեմբերից Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Իսկ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն էլ մոտ մեկ ամիս է՝ դադարեցված են։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։ «Սա մեր իրականության աբսուրդն է, որովհետեւ Որոտանի ճանապարհի ամենահեռու կետը մեր գծից 800 մետր է, տեղ կա՝ 300-400 մետր։ Այսինքն, միայն այդքան մասը պահպանելով՝ այդ ճանապարհը մնում էր մեր տիրապետության տակ: Իսկ թուրքերը միայն Սեւ լճի տարածքում այս ընթացքում 3 կմ խորացել են, այսինքն՝ իրենք կարողանում են 3 կմ խորանալ ու մնալ այդ դիրքում կանգնած, բայց մենք չենք կարողացել թեկուզ բանավոր համաձայնությամբ այդ 800 մետրը չտալ, ու քանի որ տվել են, հիմա էլ միլիոնավոր դոլարների ծախս են անում Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի վրա, մինչդեռ կարելի էր դիվանագիտական ճանապարհով կամ կամք դրսեւորելու շնորհիվ այդ 800 մետրը չտալ, օրինակ, ասեին` գետից այս կողմը մերն է, գետից այն կողմը` ձերը, այս 800 մետր ճանապարհը չենք տալիս: Այդ 800 մետրը որ չտայինք, դրա համար ո՛չ պատերազմ էր լինելու, ո՛չ էլ, իսկ թուրքերը մաքսիմում վերցրին այն, ինչ ուզեցին: Այսինքն՝ Որոտանի ճանապարհի հարցը մեր քաղաքական ճգնաժամի, դիլետանտության մասին է խոսում եւ չունի ոչ մի բացատրություն, հատկապես որ մարդիկ՝ բոլորը, պատրաստ էին մինչեւ վերջ կանգնել եւ թույլ չտալ, որ թշնամին սադրանքների գնա այդ հատվածում»:

Վերջերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ սահմանային հարցերի, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտության մասին․ ի՞նչ վտանգներ է տեսնում սրա հետեւում։ «Իմ անձնական կարծիքը սա է` մենք գործ ունենք թուրքերի հետ եւ իրավունք չունենք վստահելու իրենց, որովհետեւ ամեն առիթ օգտագործել են մեզ վնասելու համար, ու այդ թշնամանքը հենց ժողովրդի մոտ է, քանի որ Ալիեւի կառավարությունը 30 տարի թշնամանք է ներարկել իր ժողովրդի մեջ, եւ սուտ է մտածել, որ մենք խաղաղության դարաշրջան ենք մտնում: Մենք հույսներս մեզ վրա պիտի դնենք ու պատրաստ լինենք ամենադաժան ագրեսիաներին, ընդունենք այդ ճակատագիրն ու մարտահրավերը եւ մեր սերունդներին հանձնենք ավելի լավ Հայաստան»: 

Հարցին, թե մարդկանց շրջանում ինչ տրամադրություններ կան, հավատո՞ւմ են այդ խաղաղության դարաշրջանին, զրուցակիցս նշեց, որ կան նաեւ այդպիսիք, բայց մարդկանց հավատալը քիչ է, որովհետեւ կա օբյեկտիվ իրականություն. «Բոլորն են ուզում, որ խաղաղություն լինի, բայց ցանկությունը որպես իրականություն պետք չէ ընդունել, որովհետեւ թուրքը միշտ փորձելու է դիմել ագրեսիայի, իրականացնելու է իր հեռանկարային պլանները։ Հիմա, օրինակ, Ալիեւը հայտարարում է, որ Զանգեզուրը մեր հողերն են, այսինքն՝ իրենք, միեւնույն է, թեկուզ խաղաղություն լինի, ինչ-որ ստրատեգիա աշխատեցնելու են, տնտեսական լծակներ են օգտագործելու, սադրանքների են դիմելու, գողություններ են անելու, որ տեղի բնակչությունը, ի վերջո, զզվի ու իր տարածքից թողնի հեռանա, ոնց որ Նախիջեւանում: Մեզ ուզում են խաբել, բայց եթե մարդը մի քիչ տրամաբանություն, մի քիչ հիշողություն է ունենում, չի կարող խաբվել»: 

Եթե հանկարծ գործող իշխանությունն իրագործի Ադրբեջանի բոլոր պահանջները, դա ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել։ «Իմ մտահոգությունը հիմնականում Արցախի խնդիրն է, որ հանկարծ չստացվի, թե մենք բոլորով Արցախին գցում ենք, մենակ ենք թողնում: Իսկ Սյունիքից առաջ կա բուն Արցախի խնդիրը, մենք Արցախին պետք է տիրություն անենք, որտեղ մեր եղբայր ժողովուրդն է, ու միասին խնդիրը լուծենք: Եվ շատ վտանգավոր է այն միտումը, որ ներկա իշխանությունը հրաժարվում է Արցախի հարցի այն լուծումից, որը, 88-ից սկսած, հայ ազգն է որդեգրել, հիմա այս իշխանություններն ուզում են փոխել այդ մոտեցումը: Ամենավտանգավորն այն է, որ ինչ-որ պահից արցախցիները կարող են ասել, եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում մեր խնդիրը լուծել, իրենք որոշեն՝ դիմել ուրիշի, ասենք՝ Ռուսաստանին, խնդիրը լուծելու համար: Սա ամենավտանգավոր պահն է, որովհետեւ մենք մի ժողովուրդ ենք, մի ճակատագիր ունենք, եւ չի կարող ազգի մի կեսը դիմել սրան, մյուս կեսը` ուրիշին, ու դառնանք նորից բաժան-բաժան: Մեր սերունդը ձախողում է պատմության իրեն հասանելիք մարտահրավերը, ու հարմարվում ենք այդ ամենին»:  

Խոջաբաղյանը նկատում է նաեւ, որ ներկայիս իշխանությունն իր մեդիա ռեսուրսներով լծվել է հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու քարոզչական գործին. «Ու այդ քարոզչությունը լեգիտիմացնում է նրանց, որ եթե վաղը նրանք մի հիմարություն անեն, կունենան մի ահագին զոմբիների բանակ, որ կասի` ճիշտ են անում»: