Երկուսն էլ Հայաստանի թշնամիներն են

Երկուսն էլ Հայաստանի թշնամիներն են

2024 թվականի մարտին իրականացված՝ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ամենամյա ուսումնասիրությունն (https://euneighbourseast.eu/news/opinion-polls/opinion-poll-shows-rising-trust-for-the-european-union-in-armenia-2/) անդրադարձել է նաև հայաստանյան հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակին: Այն աղետալիորեն ցածր է. բացասական ցուցանիշը բոլորի առումով բարձր է 60-ից: «Հրապարակ»-ի ընթերցողներին ես ժամանակ առ ժամանակ ներկայացրել եմ «ոսկե հատման» հարաբերությունը (կամ «ոսկե հատում»-ը), որի ցուցանիշը հասարակագիտության մեջ ընդունված է համարել 61.8 միավորը: Ինչը նշանակում է, որ եթե որևէ անձի, ինստիտուտի, իշխանության կամ ընդհանրապես պետության նկատմամբ վստահությունը բարձր է այդ ցուցանիշից, ապա վստահության այդ մակարդակն ընդունված է համարել ամբողջական: Ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, բայց դա կլիներ բացառությունների շարքից: 
Ինչևէ, վերադառնանք հաստատությունների նկատմամբ հայաստանցիների վերաբերմունքին: Նիկոլական «ժողովրդավարության» նկատմամբ հարցվածների շրջանում առկա է 66% կազմող դժգոհություն: Հիշեցնեմ, հետազոտությունն իրականացվել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում անցյալ տարվա սկզբին: Ինչը նշանակում է, որ եթե պատվիրատուն լիներ չեզոք որևէ կազմակերպություն, ապա այդ ցուցանիշը կարող էր շատ ավելի բացասական լինել: Դա՝ մեկ, և երկրորդ՝ դրա մասին տեղյակ էր նաև Նիկոլը: Ի դեպ, որքան հիշում եմ, այս ուսումնասիրության մասին որևէ խոսք չի եղել Հայաստանում: Այսինքն, այն գաղտնի է պահվել հասարակությունից: Իհարկե, այն հրապարակված է եվրոպական կառույցի կայքում, բայց ում մտքով կանցներ բացել այդ կայքն ու այնտեղ ինչ-որ ուսումնասիրության արդյունքներ փնտրել:
Ես այդ ինֆորմացիային ծանոթացել եմ ռուսական տելեգրամյան ալիքներից մեկում, իսկ թե ինչպես է ինքը ինն ամիս անց պեղել այն՝ կարող եմ միայն ենթադրել: Ինչն արդեն էական չէ: Էականն այն է, որ սրա մասին տեղյակ են Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ները), որոնց նկատմամբ դժգոհության ցուցանիշը կազմել է 65%: Որպես նախկինում այդ խավի ներկայացուցիչ, ով վաղուց արդեն շփումներ չունի իր նախկին գործընկերների հետ, կարող եմ պատկերացնել, թե շոկային ինչ հարված է եղել այդ ցուցանիշը նրանց համար: Եթե, իհարկե, վերջիններս 2018-ի «թավշյա» արկածախնդրությունից հետո պահպանել են նվազագույն ազնվություն: 
Շարունակենք. քաղաքական կուսակցություններին չի վստահում հարցվածների 79%-ը, ինչն աննորմալ ցուցանիշ է: Ու այն, վստահաբար, ածանցված է «Քաղպայմանագիր» կոչված կառույցից: Որովհետև նախկինում ևս կուսակցությունների նկատմամբ վստահությունը բարձր չի եղել, բայց այդպիսի ցուցանիշ չի եղել երբեք: Իսկ ես 2004 թվականից շուրջ 10 տարի զբաղվել եմ սոցիոլոգիական հետազոտություններով՝ համակարգելով դրանք: Բնական է, որ ՔՊԿ-ի նկատմամբ 2018-ի հսկայական դրական ցուցանիշից հետո անկումը ևս պետք է լիներ ճիշտ այդ աստիճանի:
70 տոկոսից բարձր անվստահություն է առկա նաև արհմիությունների (74%), խորհրդարանի (73%) և դատարանների (71%) գործունեության առումով: Նախկինում ևս դրանց նկատմամբ վստահությունը եղել է ցածր, բայց ոչ այս աստիճանի: 60 տոկոսից բարձր ցուցանիշ (հիշեցնեմ՝ դժգոհության) են «վաստակել» ընտրությունների ինստիտուտը (69%), ՔՀԿ-ների առումով արդեն ասվեց, լրատվամիջոցները (65%), կրոնական իշխանությունները (65%), տեղական իշխանությունները (63%) և կառավարությունը (62%)։ Ո՞վ էր ասում, որ այսուհետ Հայաստանում անցկացվում են օրինական կամ ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Թող հարցներ ժողովրդից ու կիմանար, թե ինչ կարծիք ունի իր «սիրելի» ժողովրդն այդ պնդումի վերաբերյալ: Իսկ որ տեղական և պետական իշխանություններից դժգոհ են 61.8 տոկոսից (կրկին հիշենք «ոսկե հատում»-ը) ավելի հարցվածներ, խոսում է դրանց գործունեության նկատմամբ ամբողջական բացասական վերաբերմունքի մասին: Եվ եթե տեղական իշխանությունը տեղական ՔՊԿ-ականներն են, ապա կառավարությունը, բնականաբար, առաջին հերթին Նիկոլն է:
Հայաստանում հիմնական խնդիրները համարվում են անվտանգության համակարգի և ուժեղ բանակի բացակայությունը (75%), ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն ու պատերազմի հեռանկարը (73%)։ Մեծ կտրվածությամբ դրանց հաջորդում են ցածր աշխատավարձերը և թոշակները (56%), կրթության որակը (56%), բարձր գներն ու հարկերը (53%), աղքատությունը (50%) և առողջապահության հասանելիության բացակայությունը (49%): Եվս մեկ անգամ հաստատվում է հայաստանյան ընդհանուր միտումը. նոր պատերազմի վախն ավելի շատ է անհանգստացնում հասարակությանը, քան սոցիալական հարցերը։ Ինչը, անկեղծորեն ասած, նորություն չէ: Ու հենց դրա վրա են աշխատում թե՛ Նիկոլը և թե՛ Իլհամը: Այո, երկուսն էլ օգտվում է այդ հանգամանքից. մեկը, որպեսզի պահպանի իշխանությունը, մյուսը, որպեսզի առավելագույնը քամի մեր հայրենիքից: Ինչը, բնականաբար, նշանակում է, որ երկուսն էլ Հայաստանի թշնամիներն են: