Համաճարակը հաղթեց եկեղեցուն

Համաճարակը հաղթեց եկեղեցուն

1303 թ․ սեպտեմբերին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի զինված խումբը Գիլյոմ Նոգարեի գլխավորությամբ ներխուժում է Անանիա և այնտեղ արգելափակում Հռոմի բնակիչների կողմից լքված Բոնիֆացիուս 8-րդ պապին։ Որոշ տեսակետների համաձայն պապի նկատմամբ նույնիսկ բռնություն է կիրառվել, իբրև թե նրան ապտակել են։ Վերջին տեղեկությունն իհարկե հաստատված չէ, բայց ամեն դեպքում իրադարձություններից մի քանի օր անց պապը մահանում է։ 

Սա իհարկե թագավորի և պապի սովորական մի բախում չէր, այլ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ամենալայնածավալ հակամարտություններից մեկը, որն ավարտվեց եկեղեցու ջախջախիչ պարտությամբ։ Փաստացի եվրոպական հողի վրա Կաթոլիկ եկեղեցին կրեց իր առաջին լուրջ պարտությունը և սկսեց աստիճանաբար կորցնել իր քաղաքական ազդեցությունը։ Մինչև այս պարտությունը աշխարհիկ և հոգևոր իշխանությունների մրցվազքում առաջնությունը պատկանում էր եկեղեցուն։ Ոչ վաղ անցյալում Հռոմի պապական աթոռի դեմ պայքարում պարտություն էին կրել Հռոմեական սրբազան կայսրության ամենանշանավոր կայսրերը՝ Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսն ու նրա թոռ Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը։ 

Բայց ոչինչ ասած չենք լինի, եթե պնդենք, որ եկեղեցու քաղաքական ազդեցության աստիճանական քայքայման միակ ու բացառիկ պատճառը պարտությունն էր քաղաքական իշխանությունից։ Իրականում կա չափազանց լուրջ գիտական տեսակետ, որի համաձայն Հռոմի պապական աթոռի դիրքերի թուլացման համար շատ ավելի զորեղ նշանակություն են ունեցել համաճարակները, որոնց պատճառով միջնադարյան Եվրոպայի բնակչության մի զգալի մասը պարզապես ոչնչացել է։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նույնիսկ պնդել, որ եկեղեցին առաջին լուրջ պարտությունը կրել է հենց ամենուրեք մահ սփռող համաճարակներից, այլ ոչ թե՝ Ֆրանսիայի թագավորից։ 

Եթե փորձենք պատկերացնել միջնադարյան մարդու աշխարհայացքը, աշխարհընկալումը և աշխարհաճանաչողության կերպը, ապա կտեսնենք, որ հարյուրամյակների ընթացքում եկեղեցին անհատի համար դարձել էր կյանքի գլխավոր ուղեկից, մտածելակերպ և գործելակերպ, արդարության հույս այս կյանքում և փրկություն այնկողմնային աշխարհում: Ահա այս աստվածակենտրոն արժեքների վրա խարսխված իրականությունը առաջին անգամ անուղղակիորեն կասկածի տակ դրվեց: Հայրերն ու մայրերը համաճարակի հրդեհից քայքայված իրենց զավակների դիակները տանում էին եկեղեցի, որպեսզի փրկություն աղերսեն այդ վերահաս դժոխքից, բայց փոխարենը հայտնաբերում էին համաճարակի ալիքներից ցնցվող եկեղեցու պատեր՝ ողողված աստծո սպասավորների անշնչացած մարմիններով:

Սա լրջագույն հարված էր եկեղեցու քաղաքական հեղինակության համար, քանի որ մարդիկ արդեն իսկ սկսում էին կասկածել մարդու և աստծո միջև միջնորդի առաքելություն ունեցող հաստատության լեգիտմությանը։ 

Նշենք, որ 14-րդ դարում «Սև մահ» անունով համաճարակը խլել է 75-200 միլիոն մարդու կյանք։ Ժանտախտը տարածվում էր ցորենի նավերով Եվրոպա տեղափոխվող մոխրագույն առնետների միջոցով։ 14-րդ դարում հին աշխարհամասում այդպիսի առնետներ չկային։ Ի դեպ եկեղեցին խավարի ժամանակաշրջանի մարդկանց համոզում էր, թե համաճարակի պատճառը հրեաներն են, քանի որ նրանք ժամանակին կտտանքների էին ենթարկել ու խաչել Հիսուս Նազովրեցուն։ Մարդիկ իհարկե հավատում էին դրան և դիմում հրեաներին ոչնչացնելու գործողությունների։ Իսկ նրանց պատկանող գույքն ու ողջ հարստությունը օտարվում էր հօգուտ եկեղեցու։ 

Հ․Գ․ Կարելի է ասել, որ ես չնչին կասկածներով համոզված եմ այս տեսակետի մեջ, բայց իմ երջանակահիշատակ դասախոս Գագիկ Հարությունյանը, որը միջնադարի պատմություն էր դասավանդում, համաձայն չէր այս թեզի հետ՝ պնդելով, թե համաճարակները ավելի էին ուժեղացնում եկեղեցու ազդեցությունը։ Դասերի ըթնացքում այս հարցի շուրջ բազմաթիվ բանավեճեր ենք ունեցել։ Վերջաբանի փոխարեն միայն ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել հետևյալը․ հույսներդ հավատքի կամ էլ եկեղեցու վրա մի՛ դրեք, հետևեք բժիշկների խորհուրդներին և հավատացեք ապացուցողական գիտության զորությանը։