6 երեխային ինչպե՞ս կերակրեմ 50 հազար դրամով. Արցախցի կինը ծանր վիճակում է հայտնվել

6 երեխային ինչպե՞ս կերակրեմ 50 հազար դրամով. Արցախցի կինը ծանր վիճակում է հայտնվել

Տարին փոխվեց, և թվում է, թե արցախահայության սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմվել են, շարունակ այս մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները, հատկապես` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղից հայտարարում են, թե իբր լուծվել են այս մարդկանց բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Սակայն, արցախցիների հետ շփումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Արցախցիները չեն կարողանում պետության տրամադրած գումարներով հոգալ իրենց սոցիալական մինիմալ կարիքները: Այդ գումարի մեծ մասը նրանք հատկացնում են միայն բնակարանի վարձակալությանը, որոնք բավականին բարձր են։

Մենք զրուցեցինք ծնունդով Արցախից Լիանա Ոսկանյանի հետ, ով Ստեփանակերտում թողնելով ամեն ինչ՝ տուն, ապրուստի միջոցներ, 6 անչափահաս երեխաների հետ դուրս է եկել և հաստատվել Հայաստանում։ Թե ինչ խնդիրների առջև են կանգնած արցախցիները, փորձեցինք հասկանալ Լիանայի հետ զրուցելով։ 

- Կառավարության իրականացրած սոցիալական ծրագրերը որքանո՞վ են բավականացնում ձեզ և ձեր 6 անչափահաս երեխաների կարիքները հոգալուն։ 

- Ես որպես բազմազավակ մայր, որն ունի 6 երեխա եւ նրանց հետ ապրում է վարձով, ամսական վճարում եմ 200 հազար դրամ։ Պետության տրամադրած գումարներով կարողանում եմ վճարել բնակարանի վարձը, հոգալ կոմունալ ծախսերը, որը վերջին ամիսներին կազմում է 100 հազար դրամ։ Ընդհանուր` 7 անձի համար ստանում եմ 350 հազար դրամ։ Վճարելով բնակարանի վարձը և կոմունալ ծախսերը, ինձ մնում է՝ 50 հազար դրամ։ 50 հազար դրամով անհնար է հոգալ 7 անձի կարիքները: Ես էլ չեմ կարողանում աշխատել, քանի որ ունեմ 10 ամսական բալիկ, որին չեմ կարող թողնել առանց խնամքի։ 5 երեխաներս հաճախում են դպրոց։ Եթե աշխատանք գտնեմ, պետք է փոքրիկիս թողնեմ 13 տարեկան աղջկաս խնամքին, բայց չեմ կարող, քանի որ աղջիկս դպրոցական է, և չեմ ցանկանա, որ այս իրավիճակում տուժի նրա կրթություն ստանալու իրավունքը։ Ստիպված եմ մնալ տանը, բայց դա էլ հարցի լուծում չի։ Փոքրիկս մինչ այս պահը օգտագործում է կաթնախառնուրդ, որը ձեռք բերելը կրկին խնդիր է։ Ցանկանում եմ ավելի էժան բնակարան գտնել, բայց երբ լսում են, որ 6 երեխա ունեմ` տանտերերը հրաժարվում են տրամադրել։ Մինչ այս պահը մեզ օգնել են անհատներ, կազմակերպություններ, բայց դա էլ ճիշտ չէ, ախր, այդ մարդիկ մինչև ե՞րբ կարող են օգնել մեզ՝ կատարելով պետության պարտավորությունները։ 

- Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն, որ մեղմվի արցախցիների սոցիալական խնդիրները։ 

- Մենք չպետք է դուրս գայինք մեր տներից, մեր հայրենիքից․․․։ Դժվար է նման բան ասելը, որովհետև բոլորս էլ դուրս ենք եկել։ Ես դուրս եմ եկել, որ երբ երեխաներս մեծանան, թուրքը իմ երեխաներին չտանի բանակ՝ հայի դեմ թշնամի սարքի։ Գալով Հայաստան, բոլորս անելանելի վիճակում ենք հայտնվել՝ անորոշ է մեր ապագան նաև այստեղ, ինչպես են լուծվելու մեր խնդիրները, ի՞նչ է լինելու Արցախի և արցախցիների հարցերը, չգիտենք․․․։ 

- Եթե հնարավոր լինի հետ վերադառնալ, հետ կգնա՞ք՝ Արցախ։ 

- Եթե չտեսնեմ թուրքի, թուրքի դրոշ և այնտեղ ղեկավարները հայեր լինեն` կգնամ։ Բայց իմանալով թշնամուն՝ նա Արցախից ձեռք չի քաշի։ 

- Այս պահին ի՞նչ առաջնահերթ կարիքներ ունեք, որոնց լուծման դեպքում քիչ թե շատ կբարելավվեր ձեր և ձեր երեխաների կյանքը։ 

- Խնդիրները բազմաթիվ են, երեխաներին ամեն ինչ հարկավոր է, եթե չմանրամասնեմ, թե ինչ կարիք կա, ապա կարճ կասեմ՝ գումարի։ Գումարով է հնարավոր լուծել այդ խնդիրները՝ հագուստ գնելուց մինչև սնունդ գնելը։ Ես, եթե կարողանայի ձեռք բերել 1 սենյականոց բնակարան, վեց երեխաներիս հետ կապրեի, մինչև տեսնենք ինչ է լինելու մեր հարցերը։ 

ՀԳ Եթե կլինեն մարդիկ, որ կցանկանան օգնել Լիանային՝ հոգալու իր 6 անչափահաս երեխաների կարիքները, կարող եք զանգահարել 094 27-77-73 հեռախոսահամարին։