Էդուարդ Աղաջանյանը հերքում է իր մասնակցությունը Կապանի ակցիաներին

Էդուարդ Աղաջանյանը հերքում է իր մասնակցությունը Կապանի ակցիաներին

Մենք հունվարի 20-ին հրապարակում էինք արել՝ «Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում» վերտառությամբ, որտեղ գրել էինք․ «Նիկոլ Փաշինյանը հատուկ նպատակով է ընտրել ասուլիսի վայրը»: Կապանում լուրեր են շրջանառվում, որ կապանցիները պատրաստվում են այդ օրը ճանապարհ փակել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված որոշ հարցեր բարձրացնելու համար: Կապանում տարածված խոսակցությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն ուզում է կոմբինատի ղեկավարներին ստիպել այն վաճառել իրենց ուզած մարդուն: Այս հոդվածի տպագրությունից հետո երեկ Կապանից մեզ ուղարկեցին տեսանյութեր, որտեղ մի խումբ մարդիկ ելույթներ են ունենում, 5 հոգով, հիմնականում ՔՊ անդամներ, ճանապարհ են փակում՝ պահանջելով կոմբինատը վերադարձնել իրենց եւ անգամ Արթուր Վանեցյանի անունն է հնչում, որն իբրեւ թե սեփականատերերի թվում է եւ տեղի բնակչությունը պահանջում է, որ նա հեռանա։ Մեր հոդվածում մենք հղում անելով Կապանի աղբյուրներին գրել էինք, որ այդ ակցիաների կազմակերպմամբ զբաղվում է  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

Այսօր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը գրություն է ուղարկել մեզ՝ տեղեկացնելով, որ ««Hraparak.am» կայքում 2020 թվականի հունվարի 20-ին «Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, թե Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը համակարգում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ որոշակի գործողություններ, իրականության հետ որևէ աղերս չունի, ՀՀ վարչապետի աշխատակազմը և անձամբ Էդուարդ Աղաջանյանը որևէ նման գործընթացում ներգրավված չեն»: