Ամեն ինչ ռազմաճակատի համար

Ամեն ինչ ռազմաճակատի համար

Արդեն մեկ ամիս է՝ ընթանում է Արցախյան պատերազմը, եւ ուրվագծվում են հակառակորդի մտահղացումները: Ժամանակին լեգենդար Մոնթեն շեշտել է, որ Արցախի վերջը կնշանակի նաեւ Հայաստանի վերջը: Ցավոք սրտի, այս պատերազմում առայժմ իրողությունները մարտի դաշտում եւ դիվանագիտական ասպարեզում ընթանում են ոչ մեր ցանկացած հունով: Հակառակորդը, կիրառելով ռազմական պայքարի ընդունված եւ մերժված մեթոդները, զավթում է նորանոր տարածքներ՝ ավերելով մեր բնակավայրերը եւ մոտենալով ՀՀ սահմաններին: Արդյոք ամե՞ն ինչ է արվում թշնամու առաջխաղացումը կանխելու համար: 

Ճիշտ է՝ պատերազմական գործողությունների ժամանակ հաճախ են լինում նահանջներ՝ հակահարձակումից առաջ, եւ ամեն մի նահանջ դեռ պարտություն չէ, բայց դա հեշտ հաղթահարելի է այն պետությունների համար, որոնք ունեն մեծ տարածք եւ բավականաչափ մարդկային ռեսուրս (Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան), հզոր ծանր արդյունաբերություն եւ ռազմական արդյունաբերություն (Հայրենական մեծ պատերազմ): Մեր փոքր հանրապետության համար անսահման թանկ է ամեն մի զինվորի կյանքը եւ ամեն մի թիզ հողը:

Առաջին հայացքից կարծես ամեն ինչ նորմալ է՝ աշխատում են զինկոմիսարիատները, հոսպիտալները, պետական կառույցները, գործարանները, սակայն այսօրվա անհաջողությունները խոսում են այն մասին, որ կիրառված միջոցառումները բավարար չեն: Պետք է մեզ ձգենք, մոբիլիզացնենք բոլոր ուժերը, որ հասնենք շոշափելի արդյունքների: Նահանջող զորքին օգնելու համար պետք է կառուցել ժամանակակից պաշտպանական ամուր պատնեշներ ДЗОТ-ներ, բլինդաժներ, խրամուղիներ, ճանապարհներ, կամուրջներ՝ ներգրավելով հեղինակավոր եւ փորձված մասնագետների: 

Մեր զինվորը մարտի դաշտ մեկնելուց առաջ պետք է պատրաստ լինի ժամանակակից մարտավարությանը: Այդ գործում պետք է ներգրավվեն քաղպաշտպանության միավորումները՝ ДОСААФ-ը, մոբիլիզացնող զորամասերը: Հայրենասեր զինվորը պետք է լինի նաեւ լավ մարզված: Փառապանծ զորավար Գեորգի Ժուկովն իր հուշերում նշում է, որ տաք հագուստը, վալինկաները, սպիտակեղենը, տաք սնունդը եւս զենք են մարտի դաշտում: Ցրտերն արդեն սկսվել են, եւ պետք է բանակը դրանք ստանա: Այդ խնդիրները լուծելու համար կարելի է ներգրավել տնային տնտեսուհիներին, բարձր դասարանցիներին: Այս պատերազմը մեզ համար կլինի տեւական եւ համառ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը չի պատրաստվում սկուտեղի վրա Արցախը մատուցել թուրքերին:

Պատերազմի առաջին օրերին զգացվում էր մարդկանց բուռն մղումը՝ ժամ առաջ մեր հողից վռնդել թշնամուն: Վերջերս կարծես այդ մղումը մարում է: Կարծում եմ՝ այստեղ նշանակություն ունի հակառակորդի կողմից կիրառվող կործանիչ զինտեխնիկան (ԱԹՍ), որն առաջացնում է որոշակի անվստահության մթնոլորտ: Անբավարար եմ համարում մասսաների մեջ տարվող բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ: Բացի Արծրուն Հովհաննիսյանի տեղեկատվական հաղորդումներից, պիտի յուրաքանչյուր քաղաքացու բացատրել Արցախի դերը հայ ժողովրդի հետագա գոյատեւման համար: Պետք է ոգեկոչել մուսալեռցիների, սարդարապատցիների ոգով:

Մեր հարգելի վարչապետը նշում է, որ զինկոմիսարիատների առաջ չկան հերթեր: Դա վտանգավոր հայտարարություն է եւ, ինչու չէ, կարող է ոգեւորել մեր հակառակորդին: Այն հարիր չէ պատերազմ վարող երկրի վարչապետին: Դիվանագիտության մեջ մանրուքներ չկան: Հիշենք, թե ինչպես էին հիտլերականները ծեծում Մոսկվայի դարպասները, բուն Մոսկվայում զորահանդես անցկացնում: Մեկ այլ հայտարարություն՝ ղարաբաղցի ուսանողները եւ գործարարները թող վերադառնան Ղարաբաղ: Դա եթերում քննարկման թեմա չէ, պարոն վարչապետ, դրա համար գոյություն ունեն ռազմական ոստիկանության, ներքին գործերի բաժիններ, զինկոմիսարիատներ: Հիշեք․ մասսաներին իրենց հետեւից ունակ են տանելու միայն ուժեղները, եւ նրանք, հենվելով հասարակության լայն զանգվածների վրա, հասնում են հաջողության թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում:

Ձեր քննարկմանն եմ ուզում ներկայացնել մեկ հարց. Ֆեյսբուքը դարձել է անդեմ բամբասանքների թատերաբեմ: Մարդիկ քաղաքական զանազան հարցեր են քննարկում՝ ցուցաբերելով մարդկային մտքի բոլոր հնարավոր բացասական եւ դրական կողմերը, երբեմն էլ առաջացնելով խուճապային տրամադրություններ: Գուցեեւ հարկ է այն փակել ժամանակավորապես, որովհետեւ բացասական ինֆորմացիաները ունակ են խանգարելու մեր համընդհանուր գործին:

Մենք այլեւս հապաղելու իրավունք չունենք: Ես գլուխ եմ խոնարհում այն զորահրամանատարների, զինվորների առաջ, որոնք այսօր կյանքի գնով պահպանում են մեր հայրենիքը, բայց պետք է նրանց զորավիգ լինել: Անհրաժեշտ են նոր մտքեր, միջոցներ, ուժեր եւ նորագույն տեխնիկա: Սա ապահովելու համար պետք է մոբիլիզացնել ամեն մի հնարավորություն: Որպես կանոն, այդ բարդագույն հարցերի կազմակերպումն իրականացնում է իշխող կուսակցությունը, բայց մյուս կուսակցությունները եւս չպետք է իրենց ուսերից թոթափեն այդ հայրենանվեր գործը: Ժողովրդի արժանի գնահատականը նրանք կստանան ժամանակին: 

Ես հեռու եմ ռազմական, քաղաքական գործունեությունից, բայց հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մեր տարածաշրջանում բռնկված պատերազմների պատմությանը եւ կարծում եմ, որ պատերազմում հաջողության հասնելու համար նշված միջոցառումներն անհրաժեշտ են: Դեռ ավելին. հսկա այսբերգի միայն առանձին ցցուն հատվածն է երեւում ջրի երեսին: Իմ նշածները պատերազմը վարելու համար անհրաժեշտ միջոցառումների այդ ցցուն հատվածն են, իսկ հիմնական գործը պետք է անեն մեր քաջարի զորապետները, բժիշկները, դիվանագետները, ինժեներները, տնտեսագետները, թիկունքի աշխատողները, գիտության եւ տեխնիկայի առաջավոր մասնագետները՝ այդ գործում ներգրավելով ողջ հայ ժողովրդին:

Սուրեն ՍՈՒՎԱՐՅԱՆ