Իսկ վաղը պատերազմ կլինի՞

Իսկ վաղը պատերազմ կլինի՞

Հուլիսի 19-ի երեկոյան հայաստանցիները բավականին սառնասրտորեն հետեւում էին, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացում հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հետո՝ դա ինչպես է վերածվում ինտենսիվ փոխհրաձգության, վիրավորվում է Երասխի գյուղապետը։ Կրակում են նաեւ Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում։
44-օրյա պատերազմի ընթացքում բերանը ջուր առած ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր էլ լուռ է՝ ոչ մի հայտարարություն, ոչ մի բան։ Ճակատագրի հեգնանքով՝ նախորդ տարվա պատերազմի նախերգանք տավուշյան դեպքերը հենց այս օրերին էին տեղի ունենում։

Մենք նոր պատերազմի հավանականության մասին զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Նախ հետաքրքրվեցինք, թե հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը կարո՞ղ է վերածվել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի։ Ռուսաստանցի փորձագետն ասաց․ «Հազիվ թե, թեպետ, անտարակույս, ոչինչ պետք չէ բացառել, բայց ինձ թվում է, որ դա քիչ հավանական է»։ 

Պարոն Խրամչիխինն էլի՞ «սահմանային միջադեպ» է համարում այս հրետակոծումը, թե՞, այնուամենայնիվ, սա ագրեսիա է, ինչպե՞ս է գնահատում այս դեպքերը ՀԱՊԿ-ն։ Քաղաքագետն ասում է․ «ՀԱՊԿ-ի փոխարեն չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով՝ այս պահին սա միջադեպ է»։
Հիշեցնենք․ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմը ՀԱՊԿ-ի չարձագանքելը պայմանավորում էր Արցախի Հանրապետության ճանաչված չլինելու հանգամանքով եւ նրանով, որ ռազմական գործողությունները ՀԱՊԿ անդամ Հայաստանի բուն տարածքում չեն ընթանում, թեեւ ՀՀ տարածքում էլ զոհեր ու վիրավորներ կային։ Իսկ վերջին շրջանում ասում են, թե սա այնպիսի  մասշտաբի ագրեսիա չէ, որ միջամտեն՝ պետք է լինի մեծամասշտաբ։

Իսկ էլ ի՞նչ պետք է կատարվի ՀՀ ինքնիշխան տարածքում, որպեսզի ռուսական կողմը սա դիտարկի որպես ագրեսիա։ Փորձագետն ի պատասխան ասաց, որ դժվարանում է քանակական չափանիշներ թվարկել, բայց որակական առումով ամեն ինչ պարզ է․ «Մեծամասշտաբ ագրեսիան այն մասշտաբներն են, որոնք Ղարաբաղում էին անցած տարի։ Միայն թե այնտեղ էլ իրավական առումով խնդիր կար՝ ագրեսիա չկար, որովհետեւ Արցախն անգամ Հայաստանի աչքերում Ադրբեջանի մաս էր»։

ՀԳ․ Հայաստանյան ընդդիմության դաշտից որոշ փորձագետներ այս փոխհրաձգությունները դիտարկում են որպես «պասերով խաղ»։ Օրինակ, Ադրբեջանի նախկին արտգործնախարարի ռազմաշունչ հայտարարությունների կապակցությամբ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեզ ասել էր․ «Այստեղ Սեւ լճի պատմության շարունակությունն է։ Տրամաբանությունը՝ վախեցնել հայ հասարակությանը, հետո գնալ զիջումների, որպեսզի հանրային արձագանքն առավել թույլ լինի։ Հետո տեղի է ունենում մի բան, որի մասին իմանում ենք պոստֆակտում»։  

Իսկ ադրբեջանական կայքերից տեղեկանում ենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «ժամացույցի սլաքները» Ռուսաստանի հետ համաձայնեցնելու նպատակով Մոսկվայում գտնվող Ալիեւի եւ Պուտինի հանդիպման ժամանակ սեղանին դրված է եղել 3 թղթապանակ։ Դրանցից մեկը «հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներն են․ սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, ստորաբաժանումների ձեւավորման ժամանակացույցը եւ սահմանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը»։

«Haqqin․az»-ը նաեւ հավելում է․ «Հայկական կողմից միջադեպերը, խաղաղապահների վերահսկողությունն ու մշտադիտարկումը»։ Երկրորդ թղթապանակը նվիրված է հեռահաղորդակցության դաշտում համագործակցությանը, իսկ երրորդ թղթապանակում «ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացումն է՝ առեւտրային-ներդրումային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության շեշտադրմամբ»։ Առանձին հարցով էլ՝ ռազմատեխնիկական համագործակցություն՝ սպառազինությունների գնում եւ լիցենզավորված արտադրություն։

Հիշեցնենք, որ սրանից մեկ շաբաթ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր Մոսկվայում՝ «ժամացույցի սլաքները» Կրեմլի հետ ուղղում։ Հիշեցնենք, որ այդ առնչությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն ասել էր․ «Եվ հատկապես զավեշտալի է, որ Հայաստանը ներկայացնող էակը գնում է Մոսկվա ու ՌԴ նախագահի մոտ չի բարձրաձայնում Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունների ու ռազմական գործողությունների վտանգի մասին, դա անում է ԵՄ պաշտոնյայի մոտ»։

Չնայած սրան, Նիկոլ Փաշինյանին սերտ քաղաքագիտական շրջանակները տարբեր եթերներում կրկնում են, որ Ֆրանսիայի ակտիվացման պատճառով է Ալիեւը կատաղած կրակում Երասխում՝ թեժացնելով կոնֆլիկտը։ Այսպիսով պահանջելով ՌԴ-ից՝ ճնշել Հայաստանին։