Աշոտյանի համար անմոռուկը խորհրդանիշ է, Միրզոյանի համար՝ ծաղիկ

Աշոտյանի համար անմոռուկը խորհրդանիշ է, Միրզոյանի համար՝ ծաղիկ

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «անմոռուկ» պաշտոնական խորհրդանիշի մասին խոսեց․ «Հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը։ 100 տարի անմոռուկ չէի կպցրել, այսօր կպցրել եմ այդ մարդկանց ինադու»։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը  օրերս հայտարարել էր, որ «Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ 

Ի՞նչ է անմոռուկն աշխարհի համար։ Այս ծաղիկը բոլոր լեզուներով ունի խորհրդանշական իմաստ. հիշել, չմոռանալ և հիշեցնել։ Խորհրդանիշը ներկայացնում է հավերժ հիշողություն, ինչպես նաև նախատեսվում է խորհրդանշորեն հիշեցնել հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան։ Ընտրված գույները խորհրդանշում են անցյալը, Ցեղասպանության ողբերգությունը, ներկան և ապագան։ Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը։ Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում։ Անմոռուկն ընտրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ, որը  մշակվել է 2015 թվականին և տարածվել է Հայաստանում, հայկական Սփյուռքում և համակիրների շրջանում։  2015 թվականի գարնանը խորհրդանշանը ակտիվորեն օգտագործվեց հիշատակի միջոցառումների ժամանակ. 

Ապրիլի 4-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 60 երկրներից ժամանած պատվիրակությունները ստեղծել էին ծաղկեպսակ-անմոռուկ։ 2015 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում հայկական կողմի վեց մասնակիցները խորհրդանշում էին անմոռուկ։ 2015 թվականի հունվարի 29-ին «Հայկական փոստը» հանդես է եկել ցեղասպանության 100-ամյակին նվիրված 7 ստանդարտ նամականիշերի շարքով՝ վրան պատկերելով անմոռուկ։ Չշարունակեմ շարքը։ 
Աշոտյանի համար անմոռուկը խորհրդանիշ է, Միրզոյանի համար՝ ծաղիկ, որը կարող է ցանկացած պահի պոկել ու շպրտել։ Ինչու՞ է այդպես՝ Միրզոյանն ավելի լավ գիտի։ Նրա համար ցավ չէ ավերել, ոչնչացնել, հետին պլան մղել խորհրդանիշը, առաջնահերթությունից հանել ցեղասպանությունը։  Գուցե դա է պատճառը, որ թշնամու կողմից մեր հիշատակի քարերը, խաչքարերը, գյուղերը, քաղաքները, եկեղեցիներն ավերելը, Սպարապետի, Մոնթեի ու մյուս հերոսների  արձանները պղծելն այս իշխանության  համար սովորական գործողություն է, իսկ հայ ազգն այն ընդունում է որպես նվաստացում, ոչնչացում ու մահվան հավասար։