Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ

Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ

Ազգային ժողովում ընդուվել է հանքերի իրական սեփականատերերի բացահայտմանը վերաբերող օրենսդրական փաթեթը, որը պատրաստվել էր նախորդ կառավարության օրոք և առաջին ընթերցմամբ ընդուվել էր դեռ Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում։ Մինչև նոր Ազգային ժողով ներկայացնելը՝ ՀՀ նոր կառավարությունն այն քննարկել և ընդունել է 2019 թվականի փետրվարի 21-ի նիստում։ Ստորև ներկայացված տեսանյութի սկզբում կտեսնեք այդ քննարկման կարևոր հատվածները․

Հատկանշանական է, որ փաթեթի ներկայացման ժամանակ ոչ մեկը վարչապետին չի ասում, որ օրենքների այս փոփոխությունների մեջ խոսքն իրականում վերաբերում է միայն 10 տոկոս և ավել բաժնեմաս ունեցող սեփականատերերին, այլ ոչ թե բոլորին։ Այնպես, որ հանքարդյունաբերող ընկերություններում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ։ Ավելին, երբ վարչապետը կասկածանքով երկու-երեք անգամ դիմում է զեկուցողին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ հարցնելով, թե արդյո՞ք ամբողջական տեղեկություները բացահայտվելու են և մինչև վերջին ֆիզիկական անձը պարզ է լինելու ով է՝ նրանք պատասխանում են, որ այո։

Շատ զարմանալի է, որ այս նիստում վստահ հավաստիացումներ տվող Տիգրան Ավինյանը հետագայում «Սիվիլնեթ» կայքում հունիսի 7-ին հրապարակված հարցազրույցում արդեն նշում է, որ ինքն այդ օրենքների բոլոր դետալներին չի տիրապետում, բայց կարծում է, որ հնարավոր է ինչ-ինչ ընթացակարգերով այդ խնդիրը լուծել։ Նա նաև լրագրողին խորհուրդ է տալիս նախաձեռնությամբ հանդես գալ և առաջարկություն անել վերանայել, եթե սխալ է արվել։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Եվ քանի-քանի նմանատիպ օրենքներ և որոշումներ են անցկացրել հետհեղափոխական Հայաստանում ՀՀԿ-ից մնացած կադրերը մոտավորապես նույն սխեմայով՝ լավ հասկանալով, որ Կառավարության նոր անդամներն այնքան էլ լավ չեն տիրապետում իրական տեղեկություններին և նրանց կարելի է մանիպուլյացիայի ենթարկել։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն