Մասկը գնահատել է համառությունը 

Մասկը գնահատել է համառությունը 

Հնդիկ երիտասարդ ու ամբիցիոզ ինժեներ Դրուվ Լոյան ապացուցել է, որ համառությունն ու նպատակասլացությունը կարող են բացել նույնիսկ աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների դռները։ Նրա պատմությունը փայլուն կերպով ցույց է տալիս, որ դեպի երազանք գնացող ճանապարհին երբեք պետք չէ հանձնվել։ Ուսանողական միջազգային ծրագրով գալով Միացյալ Նահանգներ՝ Դրուվը հաջողությամբ ավարտել է համալսարանը։ Սակայն չնայած լավ ինքնակենսագրականին եւ մի քանի խոշոր ընկերություններում անցած աշխատանքային պրակտիկային, հնդիկ երիտասարդը չի կարողանում լավ աշխատանք գտնել։ Դրուվը չի հուսահատվում եւ որոշում է, որ ինչ էլ լինի՝ պետք է դառնա իր երազանքների ընկերության՝ Tesla-ի աշխատակիցը։

Նա ավելի քան 500 նամակ է ուղարկում Իլոն Մասկին պատկանող Tesla-ի տարբեր ստորաբաժանումներ, փորձում հավակնել 300 հաստիքի, անցնում 10 հարցազրույց՝ 5 ամսում։ Եւ ի վերջո, նրա համառությունը դրական արդյունք է տալիս։ Նրան ընդունում են Tesla-ում աշխատանքի՝ տեխնիկական աջակցության բաժնում։ Սա հաջողության պատմություն լինելուց զատ, նաեւ ցույց է տալիս, թե որքան կարեւոր է համառությունը, հետեւողականությունն ու նպատակասլացությունը՝ դեպի երազանքի իրականացումը եղած ճանապարհն անցնելիս՝ որքան էլ այդ ճանապարհը լինի բարդ։ Ի դեպ, նշում են, որ Մասկը հատկապես գնահատել է երիտասարդի համառությունը, որով նա ցանկացել է դառնալ Tesla-ի աշխատակից։