Արդարության պահանջ
Իրականում մարդիկ ոչ թե մեծ բարեկեցության պահանջ ունեն, այլ սոսկ արդարության: Որ հավասար պայմաններում լինեն իրենց նմանների հետ: Եթե իրենք ունեն մեկ բարձրագույն կրթություն եւ ուրիշներից ոչ պակաս գիտելիքներ` ունենան նրանց պաշտոնին համարժեք պաշտոն, նրանց բարեկեցությանը համարժեք բարեկեցություն, եթե նրանք թալանում են` իրենք էլ թալանեն, եթե նրանք չարքաշ աշխատանք են կատարում, եւ այդ պաշտոնն ընդամենը բեռ է ու պարտականություն, դժվար թե մարդիկ երազեն նրանց տեղում լինել: Եթե դիմացինը ոչնչով իրենցից առավել չէ` ո՛չ խելքով, ո՛չ մարքեթինգային կարողություններով, բայց բախտի բերմամբ հայտնվել է մի բիզնեսի գլխին կամ անարժանորեն հորից ժառանգություն է ստացել եւ վայելում է այն, իրենք էլ են ուզում ստանալ ու վայելել: Բայց եթե բիզնեսը կառավարելու շնորհք ու հմտություններ ունի եւ օրական 18 ժամ աշխատանքով է հասել իր բարեկեցությանը, դա արդեն նախանձի տեղիք տալ չի կարող:
Մի խոսքով` մարդիկ արդարություն են ուզում: Ուզում են վստահ լինել, որ անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, եւ եթե որեւէ արարքի համար կալանավորում են ընդդիմադիր Արմեն Աշոտյանին, պետք է կալանավորվի նաեւ նմանատիպ գործողություն կատարած ցանկացած ՔՊ-ական: Որ քրեական գործերը հարուցվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությամբ, այնպես, որ պաշտպանության նախարարն անհայտ պատճառներով 3 տարի բանտում անցկացնի, այլ բացառապես արդարության սկզբունքով, այնպես, որ ԱՆԻՖ հիմնադրամի վրա ծախսված միլիարդների բոլոր պատասխանատուները խստորեն պատժվեն: Մարդիկ ուզում են, որ վարչապետի «լյուբիմչիկ» նախարարներ չլինեն, ոչ էլ քավության նոխազ նախարարներ լինեն: Որ առաջին դեմքի, նրա ընտանիքի անդամների սուբյեկտիվ կարծիքը վճռորոշ չլինի կադրեր նշանակելիս:
Կարծիքներ