«Հրապարակ». Երբեք ընդդիմությունն այսքան բարդ վիճակում չի եղել
Մայիսի 28-ին հայտարարվեց «Մայր Հայաստան» շարժման մեկնարկը։ Շարժումը վերկուսակցական է, ներգրավված են տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Նպատակը լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
Շարժման ստվերային առաջնորդն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է, սակայն բացի Արեգնազ Մանուկյանից եւ Թեւանյանից, խորհրդարանական ընդդիմությունից որեւէ մեկը չի մասնակցում այս պրոցեսներին: Ենթադրություններ կան, որ այս շարժման վերջնանպատակն Անդրանիկ Թեւանյանին Երեւանի քաղաքապետ առաջադրելն է: Այժմ, այսպես ասած, թիմ են ձեւավորում, որ աշնանը մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին: Մենք մի քանի հարց ուղղեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին:
- Դուք չե՞ք մասնակցում «Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը:
- Ոչ:
- Ինչո՞ւ, ի՞նչ կարծիք ունեք այս նորաստեղծ շարժման մասին:
- Միայն մի բան կարող եմ ասել` հաջողություն եմ իրենց մաղթում, ամենալավ ցանկություններս իրենց:
- Կարծիքներ կան, որ «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվելու նպատակով է ընտրվել «Մայր Հայաստան» անվանումը: Այսպես ասած` որպես դաշինքի իրավահաջորդ է հանդես գալիս այս խումբը:
- Չգիտեմ, ճիշտն ասած, չեմ կարող ենթադրությունների դաշտ մտնել:
- Հետաքրքիր է` իսկ ինչո՞ւ Դուք, Ձեր գործընկերներն այս շարժմանը չեք միանում, ի՞նչն է պատճառը:
- Դե, մենք փորձում ենք խորհրդարանում հարցեր լուծել:
- Ստացվո՞ւմ է:
- Ստացվում է, ստացվում, էնպես չի, էլի, որ մի վայրկյանում պետք է ստացվի, մի օր կստացվի: Եթե շատ ուզենք, որ ստացվի` կստացվի, այդ ուղղությամբ ես ու իմ ընկերները ջանք ու եռանդ չենք խնայում:
- Օրինակ` ի՞նչ եք անում:
- Անում ենք այն, ինչ պետք է անեինք: Վատն այն է, որ մենք՝ բոլորս, շտապում ենք, շատ ենք շտապում, արած աշխատանքն էլ չի նկատվում:
- Աշոտ Փաշինյանի եւ զոհված զինծառայողի մոր միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո Ձեզ մեղադրում էին ոչ վճռական լինելու մեջ:
- Նրանք միշտ են մեղադրելու, եկեք նրանց չանդրադառնանք: Գիտեմ, որ մեր հասարակությունը շատ առողջ է, առողջ ու սթափ ամեն ինչ գնահատում է: Մարդիկ լավ էլ հասկանում են, որ իրավիճակը բավականին բարդ է: Պատմության մեջ երբեք ընդդիմությունն այսքան բարդ վիճակում չի եղել: Ծանր պայմաններում ենք աշխատում: Հավատացնում եմ, որ անում ենք առավելագույնը, որ կարողանանք մեր առաջ դրված խնդիրները լուծել: Չեմ ասում, թե անթերի ենք, սակայն անում ենք մեր գործը:
Կարծիքներ