Պարտված, հաղթանակները կորցրած, կապիտուլյացիայի ակտ ստորագրած իշխանություն։ Հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում։ Ես սա հարցնում եմ այն պատճառով, որ մեծ աշխարհաքաղաքական խաղերի մասին մեր իշխանությունն այնպես է խոսում, ասես իրենք էլ սուբյեկտ լինեն։ Ասես իրենք էլ կարող են ինչ որ բան անել կամ չանել, ինչ որ բան թույլ տալ կամ թույլ չտալ։ Իմիտացիա ստեղծելով, թե մենք ինքնիշխան պետություն ենք, ու դա անում է ոչ թե դրսի, այլ սեփական ժողովրդի համար ։ Տեսեք՝ մենք կարող են գործ հարուցել, ձերբակալել, անհնազանդներին գործից ազատել, ներսում ինչ ասես, անել։
․․․ Բայց հո դրսում գիտե՞ն, թե ինչ արժե պարտված իշխանության գինը։ Եվ հանդիպումներն այլ երկրների դեսպանների արտաքին գործերի նախարարների, ղեկավարների հետ, դա դեռ չի նշանակում, որ իրենք հավասար «ոտ են գցում» Ռուսաստանի, Ամերիկայի, ֆրանսիայի, Թուրքիայի հետ։ Հայաստանն այս պարագայում գործոն է դարձել ընդամենը։ Նա ձայն չունի, որովհետև իր պետության շահը, ժողովրդի իրական պահանջը չի բարձրաձայնում և չի էլ կարող՝ իր կարգավիճակով։ Հայ ժողովուրդը դրսի կողմից ընկալվում է որպես պարտված իշխանությունը պահելու խորհրդանիշ։ Իշխանությունը հայտարարում է, որ ժողովուրդը ինքն է և ինչ անում, գցում է իրեն հանդուրժող ժողովրդի վրա։ Ու մեկ անձ՝ իր թիմով որոշում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Տաշեղի պես մեր երկիրը գետն ընկած գնում է։
Ու դրա ողջ մեղքը պարտված իշխանությանն է, որն իր գոյությամբ անընդհատ հիշեցնում է պարտության ուրվական։ Նա թելադրող, բան ասող չի, նա միայն կատարող է։ Ու քանի որ պարտվել է իշխանությունը, նա արժանապատվության վերջին փշրանքներն է խաղում։ Իբր գնում է խաղաղության դարաշրջան։ Մնում է հարցնել՝ պարտվողը էլ ու՞ր պիտի գնա։ Պիտի գնա հնազանդության, որ իրեն «չդնգստեն»։ Էդ հնազանդության անունը ,,խաղաղության դարաշրջան,, է , բայց դա այն խաղաղությունը չէ, որն իշխանությունն է փորձում ներկայացնել։ Մեր խաղաղությունը լինելու է խայտառակ պարտության ուրվականը՝ անշոշափելի, անգծագիր, անծրագիր, անգոյ, անիրական։ Նմանվելու ենք այն մուրացկանին, ով ձեռք է պարզում անգամ իր թշնամուց հացի փող մուրալու։ Եվ խաղաղասիրությունը կոպեկների պես շպրտվելու է մեր դեմքին, որ քաղցից չմեռնենք։
Ռուս-ուկրաինական պատերազմն է գնում ու չես հասկանում՝ այս իշխանությունը որևէ կողմնորոշում ունի՞։ Այնպիսի տպավորություն է, ասես սպասում է՝ տեսնի, ,,իրար տփելուց հետո, մեզ ե՞րբ են տփելու․․․
․․․Սպասում է տեսնի՝ մեզնից է՞լ ինչ են ուզելու, որ տա ։