Որակյալ փոքրամասնություն

Որակյալ փոքրամասնություն

Իհարկե, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի վրա վարդի թերթիկներ շաղ տվող, ե՛ւ նրա գռեհկաբանության վրա հիացած մարդիկ մեր ժողովրդի մի մասնիկն են, ինչպես մեր ժողովրդի մի մասնիկն է նաեւ ադրբեջանցիներին մեր զինվորականների կոորդինատները տված դավաճանը, որի մեղքով պատերազմի հենց առաջին օրերին նրանց թիրախավորված ոչնչացրին։ Ժողովրդի մասնիկն են նաեւ ԱԱԾ-ի «պադվալներում» 20 տարուց ավելի անցկացրած ոճրագործ եղբայրները՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ Ժողովրդի մի մասնիկն է նաեւ Մոսկովյան փողոցում գիշերող տղամարդը, որն ասֆալտի վրա քնում է, մարդկանց ողորմածությամբ ապրում։

Ժողովրդի մասնիկն են ե՛ւ 4-րդ դասարանի կրթությամբ մարդիկ, ե՛ւ գիտությունների դոկտորի կոչում ունեցողները։ Ժողովրդի մեջ կան աշխատասեր ու օգտակար մարդիկ, կան նաեւ պորտաբույծներ ու հանցագործներ։ Ժողովուրդ ասվածը, առհասարակ, բազմաշերտ ու բազմադեմ զանգված է, որը երբեք ամբողջությամբ լավը կամ վատը չի լինում։ Բայց ժողովուրդ կա, որը կարողանում է պետություն ստեղծել, բարեկեցիկ կյանք ապահովել այդ պետության տարածքում, իր հավաքական ամբողջության մեջ վճռական պահերին ճիշտ որոշումներ կայացնել, բայց կան նաեւ ժողովուրդներ, որոնք ինքնաոչնչացմամբ են զբաղված եւ իրենց քայլերով մոտեցնում են պետության, ըստ այդմ՝ նաեւ ազգի վերացումը։ Երբ գրագիտության, աշխարհընկալման, ընտրություններ կատարելու հարցում ժողովրդի մեծամասնությունը սխալ է կողմնորոշվում, վտանգվում է նրա ապագան։ Նրա գոյությունը դառնում է մազից կախված։ Ինչ-որ պահից որոշումներ կայացնելու, ազգի ու պետության ճակատագիրը որոշելու առաքելությունը մենք հանձնեցինք ժողովրդի ոչ բարձրորակ հատվածին՝ 4-րդ դասարանի կրթությամբ, հանցագործության հակված, պորտաբույծ եւ ոչինչ չստեղծող մարդկանց։ Եվ արդյունքը եղավ սա։