Ինքնիշխանության ավարտը

Ինքնիշխանության ավարտը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն, ըստ «politico.eu» կայքի, կասկածի տակ է դրել Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության, կենսունակությունը, և կոչ է արել Կիևին հանձնվել՝ քանի վիճակն ավելի չի վատացել: «Վլադիմիր Պուտինը չի պարտվի, և ժամանակն էլ Ռուսաստանի կողմից է»,-նշել է նա` Ուկրաինան անվանելով «ոչ մեկին չպատկանող տարածք» եւ համեմատելով Աֆղանստանի հետ: Դրանից հետո Ուկրաինայի և Հունգարիայի միջև հարաբերություններն ավելի են սրվել: Առհասարակ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Եվրոպական Միությունում ոչ միասնական դիրքորոշում կա:

Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Ուկրաինայի նկատմամբ «հոգատարությունն» անցել է ԱՄՆ-ին: Եվ վերջերս ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկումների հեղինակը ոչ թե երկրի նախագահն է, այլ ամերիկյան վարչակազմը: Դրա պատճառը Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պատերազմի դադարեցման «Սալիվանի բանաձև»-ին (Ջեյք Սալիվանն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն է) համաձայնություն տալուց Վլ. Զելենսկու խուսափումն է: Ի դեպ, պաշտոնից զրկվողներից մեկը նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն էր, որին հենց Ուկրաինայում անվանում էին «գրասենյակի (նախագահական՝ Վ. Ս.) դրամապանակ», և որը համակարգում էր ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը: Այսինքն, կառավարման համակարգի՝ «ատկատների» առումով ամենայուղոտ ոլորտը: Իսկ Ջ. Սալիվանի առաջարկը ենթադրում է Ուկրաինայի արևելքից և հարավից ռուսական ենթակայության տակ անցած տարածքների դե-յուրե հանձնում ՌԴ-ին և ՆԱՏՕ-ի կազմի մեջ ներառվելուց հրաժարում: Դրա դիմաց երկիրը ստանալու է անվտանգության արևմտյան երաշխավորություն, ՆԱՏՕ-ական սպառազինություն և 50 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև Արևմուտքում սառեցված ռուսաստանյան հսկայական ակտիվների (շուրջ 300 միլիարդ ԱՄՆ դոլար) մի մասը: Մյուս մասն էլ պետք է որ հանձնվի սեփականատիրոջը՝ Ռուսաստանին:

Ի դեպ, ԱՄՆ-ը չի բավարարվել եղած հրաժարականներով՝ պահանջվում է նաև Ուկրաինայի ՊՆ Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականը: Մասնագիտությամբ իրավաբան Ռեզնիկովը նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հովանավորյալն է: Եվ վերջինս, չնայած բանակի մատակարարումների կոռուպցիոն սխեմաների հրապարակմանը, փորձում է պահել նրան: ԱՄՆ-ը չի բավարարվել նաև, ըստ նույն աղբյուրների,Կիրիլ Տիմոշենկոյի հրաժարականով (պաշտոնանկությամբ): ԱՄՆ-ից Վլ. Զելենսկուն հաղորդվել է, որ «Սալիվանի բանաձև»-ից վերջնական հրաժարականի դեպքում սպասվելու է Տիմոշենկոյի ձերբակալությունը և նախագահի գրասենյակի գործունեության կոռուպցիոն ողջ սխեմանի հանրայնացումը: Ինչը, բնականաբար, մեծ հարված կլինի թե՛ անձամբ նախագահ Զելենսկու և թե՛ նրա երկրի հեղինակությանը: Իսկ 2023 թվականի հոկտեմբերին նախատեսվում է ուկրաինական Ռադայի (խորհրդարանի) ընտրությունը, և սխեմաների հրապարակումը հարցականի տակ կդնի նախագահական կուսակցության (Ժողովրդի ծառան) հաջողությունը: Սակայն ընտրությունը կարող է և տեղի չունենալ, եթե մինչ այդ պատերազմը չդադարի. դա սահմանադրական պահանջ է: Սակայն ԱՄՆ-ից պահանջում են բոլոր դեպքերում չհետաձգել ընտրությունը: Ավելացնենք նաև վերջին տեղեկատվությունը. ըստ Ռադայում իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի, այսօր Վլ. Զելենսկին աշխատանքից հեռացնելու է մաքսյաին համակարգի ողջ ղեկավարությանը: 

Այդ երևույթները վկայում են, թե որքան ինքնիշխան է Ուկրաինան արևմտյան հովանավորության ներքո: Իսկ պատերազմը, չմոռանանք, ծագեց այն հիմքի վրա, որ երկիրը փորձում էր «ազատագրվել» ռուսական կախվածությունից հանուն ավելի մեծ ինքնիշխանության: Գալով մեր երկիրը՝ ասեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի ղեկավարությամբ մենք ևս գնում ենք ուկրաինական ճանապարհով: Ինչին դժվար թե խանգարի «ազգընտիր» քպկականների կողմից Քրեական օրենսգրքում «հակամիութենական» դրույթների հավելումը: