Վարչապետին, ինչպես միշտ, սխալ տեղեկություն է տրվում

Վարչապետին, ինչպես միշտ, սխալ տեղեկություն է տրվում

Ազգային պատկերասրահում նախօրեին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ օպերային թատրոնի կոլեկտիվի կողմից իրեն ուղղված նամակին, որտեղ ներկայացված էին թատրոնի հակափաստարկները Կ․ Օրբելյանի՝ տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնում նշանակվելու, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։ Հանդիպման ընթացքում վարչապետը տեղեկացրել էր, որ թատրոնի պարզաբանումներն ուղարկել է արդարադատության նախարարություն՝ իրավական փորձաքննության, արդյունքում արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը՝ ոչ։

«Իրենց զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի, սա արդարադատության նախարարության եզրակացությունն է։ Հիմնավորումը սա է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել»,- ասել էր վարչապետն ու հավելել, որ առաջիկայում կհանդիպի թատրոնի ներկայացուցիչների հետ, եւ կքննարկեն, թե ստեղծված իրավիճակից ինչպես են դուրս գալու։

Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը կարծում է, որ արդարադատության նախարարության կողմից ճիշտ չեն մեկնաբանվել ներկայացված փաստերը, հատկապես՝ Կ. Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելու մասին հրամանի ժամկետի վերաբերյալ կետը, որը, ըստ նրա, պետք է նորմալ պարզաբանվի, ինչն էլ արել են իրենց նամակում։ Մասնավորապես, Կ. Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդած օրը՝ 2017 թ․ օգոստոսի 3-ին: Իսկ Կ. Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելու մասին մշակույթի նախարարի թիվ 39-Ա հրամանն ընդունվել է 2017 թ․ օգոստոսի 2-ին՝ որպես անհատական իրավական ակտ:

«Նշված օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից: Այս պարագայում Կ. Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելուն հաջորդած օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին, եւ այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Իսկ քանի որ այդ հրամանով Կ. Օրբելյանի վրա էին դրվում թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն հրամանը Կ. Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվան հաջորդած օրը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել թատրոն 2017 թվականի օգոստոսի 3-ին): Ինչպես հստակ երեւում է, Կ. Օրբելյանը թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո»,- որպես հակափաստարկ՝ նշված է նամակում, որը եւս մեկ անգամ ընդգծում է Արզումանյանն ու նկատում, որ այս ամենն իրավաբանի կողմից բացատրվել, ներկայացվել է նաեւ Ն․ Ղարիբյանին․

«Իրենք դա ընդունել էին, բայց հետո նույն բանը գրել էին։ Հիմա նույնձեւ ներկայացվել է վարչապետին, բայց վարչապետն իրավաբանական այդ մանրուքներն ի՞նչ իմանա»։ Արզումանյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունը չի խորացել ներկայացված կետերի մեջ, ավելին՝ նա չի հասկանում, թե ինչ է նշանակում՝ «արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը՝ ոչ»։ Ըստ նրա՝ միակ խնդրահարույց պահը հենց այդ կետն էր, որի բացատրությունն էլ գրել են պատասխան նամակում՝ կցելով դրան նաեւ օրենքի հղումները։

«Վարչապետին, ինչպես միշտ, սխալ տեղեկություն է տրվում»,-ասում է Արզումանյանն ու նկատում, որ եթե այս տրամաբանությամբ շարունակվի, ապա իրենք եւ Օրբելյանը դատարանով կվիճարկեն այդ կետի իրավացիությունը։ Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, ապա կսպասեն վարչապետի հետ հանդիպմանը, որից հետո պարզ կդառնան իրենց անելիքները։