ՊԵԿ «օպերներին» աքսորում են Մեղրի

ՊԵԿ «օպերներին» աքսորում են Մեղրի

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում կառուցվածքային փոփոխություններ են։ «Օպերներին» աշխատանքից ազատում են՝ պատճառաբանելով հաստիքների կրճատումը։ 
Հարկայինից վերջին 4 ամսում մի քանի տասնյակ աշխատողներ են ազատվել։ Հեռացողները, սակայն, հաստիքների կրճատման վարկածին չեն հավատում։ Տեսնում են, որ իրենց փոխարեն այդ նույն տեղերում նոր աշխատողներ են հայտնվում։ Նրանք համոզված են, որ ՊԵԿ ղեկավարությունը հաստիքների կրճատումը «բստրել» է անցանկալիներից ազատվելու եւ ցանկալիներին գործի դնելու նպատակով։ 

«Հրապարակի» հետ զրույցում նախկին օպերլիազորներից մեկը հայտնեց․ «Հրամանը կա, որ կրճատման տակ ենք ընկել, բայց իմ տեղում արդեն մարդ են ընդունել։ Դա ի՞նչ կրճատում է, եթե նույն տեղը մնացել է»։  
Կրճատվողներից է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 7-րդ բաժնի օպերլիազոր Աշոտ Աֆիյանը՝ 27 տարեկան, ԵՊՀ եւ Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտ, 2013-2017 թվականներին աշխատել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում։ ՊԵԿ ընդունվելիս մասնագիտական քննություն է հանձնել՝ ստանալով բարձր՝ 98 միավոր։ Աֆիյանին հայտնել են, որ նա կրճատման տակ է ընկել, եւ միաժամանակ առաջարկել են փոխել ծառայության վայրը՝ գնալ Բավրա կամ Բագրատաշեն։

«Աֆիյան Աշոտն աշխատել է օպերատիվ հետախուզության վարչության թիվ 7 բաժնում,- հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ - Փետրվարին, ՀՀ վարչապետի որոշմամբ, օպերատիվ հետախուզության եւ հետաքննության վարչությունները վերակազմակերպվել են` ստեղծելով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն: Վերակազմակերպման արդյունքում ոչ միայն Աֆիյան Աշոտի զբաղեցրած պաշտոնն է լուծարվել, այլ նաեւ` ամբողջ բաժինը:

Վերակազմակերպման արդյունքում շուրջ 50 աշխատակիցներ կրճատվել են»: Հարցին՝ եթե նոր ստորաբաժանում ստեղծելով՝ մարդկանց եք ազատել, ինչո՞ւ եք դրսից մարդիկ բերել, բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանն անհեթեթ պատասխան տվեց․ «Վերակազմակերպված վարչության համար կադրեր են պետք, չէ՞»։ Ավելացրեց նաեւ, որ ինքը հակված չէ մեկնաբանելու նման հարցեր։ 

Մեր տեղեկություններով՝ հարկայինի երիտասարդ աշխատողներից շատերին են եղել Երեւանից Բավրա, Բագրատաշեն, Մեղրի ուղարկելու առաջարկներ։ ՊԵԿ այս ստորաբաժանումները նախկինում համարվում էին եկամտաբեր։ Ազատ տեղեր այնտեղ չկային։ Այժմ, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, դրանք դատարկվել են։