Փոխնախարարը մեծ կարծիքի է իր մասին

Փոխնախարարը մեծ կարծիքի է իր մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնող թիմն օրեր առաջ կոնֆերանս-քննարկում էր կազմակերպել «Հանրակրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի» հետ կապված, որին իր էջում անդրադարձել էր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով «ապատեղեկատվության շքերթ» էր անվանել քննարկման ժամանակ հնչեցված մտքերը։ «Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի։ Մնացած բոլոր մեր քաղաքացիներին հորդորում եմ՝ կարդալ այն, ինչ կարեւոր են համարում, ու ձեւավորել սեփական կարծիք, որը զերծ կլինի սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններից։ Հա, մաթեմատիկայի չափորոշիչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա, ուշադիր կարդացեք»,-  խոսքը եզրափակել է Անդրեասյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, հայագետ Անահիտ Հակոբջանյանը, ով նաեւ հայոց լեզու է դասավանդում Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, կարծում է, որ խոցելի են հատկապես հայագիտական առարկաները․ «Իրենց թիրախում են հիմնականում հայագիտական առարկաները՝ հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն։ Դե, հայ գրականությունը տեսանք, թե ինչպես ներկայացվեց, իսկ ներկայացված էր ընդամենը 150 տարվա գրականություն, եւ ի սկզբանե չկային Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա։ Գրականությունը սկսվում էր Աբովյանով։ Ճիշտ է, հետո նախարարն ասաց, որ դա սուտ է, կեղծիք է, եւ բոլոր այդ հեղինակները կան ցանկում, բայց պետք է ասեմ, որ ղեկավար անձին, տղամարդուն վայել չէ ստելը։ Իրականում հանրության ճնշման տակ իրենք կատարեցին փոփոխություններ։ Բայց եղած փոփոխությունները մեզ չեն կարող բավարարել, քանի որ դրանք էլի կիսատ են, իսկ չափորոշիչներում մոտեցումը թերի է, կիսատ եւ վիճելի, նաեւ խախտվել է դասավանդման ժամանակագրական կարգը հատկապես ավագ դպրոցում․ դա ե՛ւ գրականության, ե՛ւ պատմության առարկաների դեպքում։ Դրա մասին խոսել է նաեւ Արտակ Մովսիսյանը։ Այդպես չի կարելի ներկայացնել ո՛չ գրականությունը, ո՛չ պատմությունը»։

Ինչ վերաբերում է կոնֆերանսին եւ դրա ընթացքում հնչեցված մտքերին, որոնք փոխնախարարը որակել էր որպես «վայ-վերլուծություններ», ապա մեր զրուցակիցն ասում է․ «Փոխնախարարը, հավանաբար, նկատի ուներ Աիդա Թոփուզյանի ելույթը, որը ժամանակին փոխնախարար է եղել, բայց այս իրավիճակում Աիդա Թոփուզյանի խոսքերում ոչ մի ապատեղեկատվություն չկար, միայն՝ բացարձակ ճշմարտություն։ Հետո․ փոխնախարարն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել եւ մեծ կարծիքի է իր մասին, չէր կարելի այդպես արտահայտվել, Աիդա Թոփուզյանը վաստակավոր մանկավարժ է, ոլորտի մասնագետ, եւ չի կարելի մարդու անձը վիրավորել։ Պետք էր ուղղակի լսել, թե նա ինչ է ասում, իսկ Թոփուզյանն ասում էր, որ Լանզարոտեի կոնվենցիայի դրույթներ են մտնելու դպրոց, որոնք արտահայտվում են արդեն չափորոշիչներում։ Եվ նա բերել էր մաթեմատիկայի մի հանձնարարություն, որտեղ նշվում էր մաթեմատիկա-կենսաբանություն-հայոց լեզու միջառարկայական կապը, եւ թե ինչպես են դրան լուծում տվել»։

ԿԳՄՍ նախարարն ասում է, որ մեկնարկած կրթական փոփոխությունները ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում են։ «Դա միայն իրենց կարծիքն է, հանրության ոչ մի խավ լուսավորչական ոչ մի փոփոխություն չի տեսնում»,- հակադարձում է Հակոբջանյանը եւ նշում, որ արդարացված չէ նաեւ այն հանգամանքը, որ գրականության ցանկում ներառել են  արտասահմանյան գրականության հեղինակների նույնպես․

«Հատկապես որ այդ գրականությունը չգիտես ինչ արտասահմանյան է, ինչ չափանիշներից ելնելով են ընտրել։ Եթե իրենք խուսափում էին հայ մանուկին տալ հայ գրողի գրականությունը, որն անդրադառնում է հայոց մեծ եղեռնին, բայց տալիս են մի գրականություն, որտեղ բազում դաժանություններ կան ներկայացված, դրա տարբերությունը ո՞րն է։ Հետո՝ ո՞վ ասաց, որ ավագ դպրոցում Կաֆկա կարելի է անցնել, ի՞նչ չափանիշներով․ թե՛ տարիքային իմաստով եւ թե՛ նաեւ այն, որ հաջող գործ ընտրված չէ։ Տպավորություն է, որ այդ աշխատաքային խումբն ինչ կարդացել, ինչ մարսել է, դա էլ ներկայացրել է։ Հետո․ կարծում եմ՝ այնքան էլ խրախուսելի չէ, որ աշակերտն ուսուցչի հետ որոշի, թե ինչ է պետք կարդալ, քանի որ աշակերտը դեռ սովորում է։ Մանկավարժի առաջին գործառույթն այն է, որ աշակերտի մոտ հետաքրքրություն առաջացնի դեպի գիրքը, ընթերցանությունը։ Չի կարելի նաեւ առանց մտածելու, ծանրութեթեւ անելու ժամանակակից գրողներին ներառել ծրագրային եւ արտադասարանական լրացուցիչ ցանկում, որովհետեւ ամեն գործ չէ, որ արժանի է դպրոցում անցնելու։ Իրենք ներկայանում են տարբեր գրական էջերով, եւ ցանկացած դպրոցական կարող է նրանց ընթերցել այդ էջերում, եւ ընդգրկել նրանց գրականության ծրագրի մեջ՝ դեռ վաղ է, անհրաժեշտ է գրականագետի, մանկավարժի, հոգեբանի գնահատականը եւս»։

Արդեն բավական երկար ժամանակ, տարբեր ուժեր պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, ցույցեր են տեղի ունենում, մի քանի քաղաքացի անգամ հացադուլ են սկսել․ դա որքանո՞վ կարող է հարցի լուծում լինել։ «Դա ամենեւին հարցի լուծում չէ, ինչպես որ այդ չափորոշիչների տեղ-տեղ վերանայումը, իմ համոզմամբ՝ պետք է այդ չափորոշիչները կողք դրվեն, եւ նորից ստեղծվեն նոր մասնագիտական խմբեր, եւ նորից գրվեն նոր չափորոշիչներ։ Չի կարելի ամերիկյան, սինգապուրյան չափորոշիչները բերել-տեղայնացնել մեր երկրում։ Ի դեպ, վարչապետն էլ գովասանական խոսքեր է ասել չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի մասին՝ նշելով, որ այս չափորոշիչները մեր հայրենիքի հավիտենականության չափորոշիչներ են եւ համապատասխանում են մեր երկրի ռազմավարությանը, ինչն իրականում այդպես չէ։

Այսինքն՝ նախարարը առանց կառավարության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանության նման բան չէր անի, այդ իսկ պատճառով ոչ թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է պահանջել, այլ՝ կառավարության»։ Հակոբջանյանի կարծիքով, թեպետ կա հանրային պահանջ, բայց հանրությունը դեռ քնած է․ «Մեր ժողովուրդը շատ համբերատար է, բայց երեւի դանակն արդեն ոսկորին է հասել, մեր կուսակցությունը հասկացավ, որ արդեն վտանգավոր կետի է հասել՝ հայագիտությանը։ Հայագիտական առարկաները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ հայագիտության դեմ արշավը վաղուց է սկսվել՝ բուհերի հայոց լեզվի ժամերը կրճատելով․ վերջինը այդ չափորոշիչները եղան»։  

Ի դեպ, արդեն այսօր՝ ժամը 11-ին «Ազգային օրակարգ» կուսակցությունը պիկետ անցկացրեց կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ողջ կառավարության հրաժարականը։