Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժեշտի ուղերձը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժեշտի ուղերձը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը հրաժեշտի ուղերձով դիմել է զինակիցներին․

«Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:

Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը:

Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ: Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար: Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան»: