Այս անգամ «Բայրաքթարն» աշխատեց Երեւանի կենտրոնում

Այս անգամ «Բայրաքթարն» աշխատեց Երեւանի կենտրոնում

2018 թվականից հետո աչք չենք բացում աղետներից ու ցավից։ Մահն ու ավերածությունները մեր կյանքից անբաժան են դարձել։ Բայց ամենից սոսկալին այն է, որ վերջին տարիներին մարդիկ անգամ նորմալ գերեզմանի չեն արժանանում, զոհվածների դիակներն անգամ չեն կարողանում հանձնել հարազատներին, որ հայկական ավանդույթներին համաձայն հուղարկավորություն անեն, սգան ու գերեզման սարքեն։ Պատերազմի ժամանակ զոհվածների մի մասը դեռ անհայտ կորած է համարվում, որովհետեւ օդը բաց էր եւ բայրաքթարների ռմբակոծություններից ոչ միայն ոչ մեկը չէր փրկվում, այլեւ դիակներն այրվում-մոխրանում էին ու հնարավոր չէր լինում հանձնել հարազատներին։ 

Հազարավոր երիտասարդների թաղեցին փակ դագաղներով եւ այդ դագաղներում երբեմն թեւի կամ ոտքի փոքրիկ ոսկոր էր դրված՝ դիակի փոխարեն։ Իսկ ոսկորների պատկանելությունը ճշտում էին ԴՆԹ բարդ անալիզներով, որոնք երկար ամիսներ էին տեւում՝ հոգեպես ուժասպառ անելով, ջախջախելով սգավոր ու որդեկորույս ծնողներին։ Թվում էր՝ այս չավարտվող մղձավանջը, որի մեջ ապրում էինք մոտ 2 տարի, արդեն անցյալում է եւ մենք նման սարսափներ այլեւս երբեք չենք տեսնի։ Պարզվեց՝ ոչ, ոչինչ դեռ ավարտված չէ։ Նորից զոհեր եւ անգամ անթաղ զոհեր ու չհայտնաբերվող դիակներ։

Այսօր կառավարության նիստում ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն ասել է․ 

«Այս պահին կատարում ենք մաքրման աշխատանքներ, որպեսզի կարողանանք հասնել բուն նկուղային հարկին, որտեղ գտնվել է անհետ կորած համարվող քաղաքացին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, որտեղ հարվածային ալիքը, հրդեհը մեծ են եղել, և նաև այս օրերի ընթացքում եղած գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»։

Սա մարդկային լեզվով ասած՝ մարդու դիակից ոչինչ չի մնացել, չենք կարողանալու նրան գտնել եւ հարազատները չեն կարողանալու իրենց մերձավորին քրիստոնեաբար հողին հանձնել, նրա գերեզմանը համարելու են <Սուրմալու> տոնավաճառի տարածքը։