Շենքը վաճառելու լուրերը կապում է ռեկտորի առաջիկա ընտրությունների հետ

Շենքը վաճառելու լուրերը կապում է ռեկտորի առաջիկա ընտրությունների հետ

Կոնսերվատորիայի շենքի վաճառքի հարցն ու բուհն ամբողջովին Գյումրի տեղափոխելու մասին լուրերն այս օրերին ակտիվորեն շրջանառվում են հենց բուհի ներսում։ Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ Սոնա Հովհաննիսյանը, սակայն, զարմացավ՝ լսելով շենքը վաճառելու եւ Կոնսերվատորիան Գյումրի տեղափոխելու մասին լուրերը։ «Նման բան չկա, սուտ լուրեր են, համենայնդեպս, ես նման տեղեկություններ չունեմ, եւ նախարարն ինձ ոչ մի բան չի ասել»,-ասում է Հովհաննիսյանն ու նկատում, որ շենքի վաճառքի մասին տարիներ առաջ էլ գրվեց, ավելին՝ պարբերաբար լինում են նման չհիմնավորված աղմուկներ։ Ինքը տեղյակ չէ, բայց եթե հանկարծ նման ոտնձգություն արվի շենքի հանդեպ, բոլորը ոտքի կկանգնեն։ 

Ինչ վերաբերում է բուհը Գյումրի տեղափոխելուն, ապա․ «Ո՞նց են պատկերացնում՝ այսքան դասախոս, ուսանող ինչպե՞ս պետք է տեղափոխվեն Գյումրի։ Սա մի ամբողջ համակարգ է, հետո՝ հատկապես Կոնսերվատորիան ունի իր մշակութային դերն ու տեղը։ Մի ժամանակ էլ ուզում էին մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի, բայց հետո կանխվեց։ Ես այստեղից-այնտեղից լսել եմ, որ ընդհանուր մշակութային բուհերն են ուզում տեղափոխել, բայց դա նշանակում է կործանել եւ ընդհանրապես հարվածել բուհին։ Դա ուղղակի սարսափելի եւ աղետալի բան կլինի, ինչն անընդունելի է։ Դա կնշանակի կործանել ամբողջ բուհի գործունեությունը, որովհետեւ դասախոսները, ուսանողներն ամբողջապես կապված են այս տարածքի հետ։ Այդ ուսանողները նաեւ զուգահեռաբար աշխատում են Օպերայում, Ֆիլհարմոնիայում, հազար ու մի կենտրոնում։ Ու եթե այդպիսի բան լինի, դա ուղղակի ավերածություն կլինի»։ Նա կրկնեց, որ որեւէ պաշտոնական տեղեկություն չունի։ Սոնա Հովհաննիսյանը ներկայիս փուլում, երբ մայիսի 14-ին պետք է տեղի ունենան Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները, նման աղմուկը նորմալ է համարում․ «Այս պահին ինչ ասես, կխառնեն։ Պարզ է, որ այս սուտ լուրերն այս շրջանում պետք է գցվեն, պետք է աղմուկ լինի, պատեհ-անպատեհ զրույցներ։ Ես այդ շարքի մեջ եմ այս ամբողջը տեսնում, իսկ եթե հանկարծ պարզվի, որ դա իսկապես իրականություն է, ապա ուղղակի անընդունելի իրավիճակ կունենանք»։ 

«Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարը տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակվեց 6 ամիս առաջ՝ նոյեմբերին։ Ասում է՝ հաշվետվություն է կազմել, որտեղ հստակ արված քայլերն են նշված։ «60 կետ է եւ դեռ ավելին կլիներ, բայց շատ հակիրճ եմ գրել՝ մեկ նախադասությամբ ներկայացնելով յուրաքանչյուր գործ կամ գործառույթ, որ տեղի է ունեցել Կոնսերվատորիայում։ Իսկ Կոնսերվատորիայում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ, երկու նույնատիպ ամբիոնների միավորումներ են տեղի ունեցել, բաց դասեր եւ մաստեր կլասներ են կազմակերպվել։ Պարեկային կետը փոխվեց պահակակետի, այսպես կոչված՝ բուդկաները հարկ-հարկ վերացվեցին։ Ընդհանուր վիճակը բավականին փոխված է, 30 տոկոս աշխատավարձ է բարձրացել՝ ներքին ռեսուրսը համակենտրոնացնելով։ Պատկերացնո՞ւմ եք հիմա ինչքան բարդ է երկրի համար 10 տոկոսով բարձրացնելը, բայց մենք մեր ուժերով, մեր կազմակերպվածությամբ կարողացանք դա անել առնվազն 2 ամիս հետո»,- ասում է Հովհաննիսյանն ու նկատում, որ այդ գումարները բուհում կողմնակի նպատակների համար էին օգտագործվում, ինքը որոշեց, որ ճիշտ է դրանք ուղղել աշխատավարձերին։

Նա ընդգծում է՝ որեւէ բուհ այսպիսի ցածր աշխատավարձ չունի, նույն վիճակում է մեկ էլ թատերականը․ «Մարդ կա՝ 1 ուսանող ունի եւ ստանում է 17 հազար դրամի կարգի գումար, հետո՝ մեր առանձնահատկությունն էլ ուրիշ է, մենք անհատական պարապմունքներով ենք աշխատում, բայց դրա ձեւերը կան, տարբեր բաներ եմ մտածել, բանակցություններ եմ սկսել, որ այսպես չմնա, որովհետեւ անհանդուրժելի վիճակ է»։     

Սոնա Հովհաննիսյանը հիմա դեսպանների հետ է բանակցում, տարբեր ծրագրեր ունի Կոնսերվատորիայի հիմնանորոգման հետ կապված, նաեւ հիմնադրամ ստեղծելու գաղափար կա, արդեն կանոնադրության վրա են աշխատում։ Մրցակիցներ ունի՞․ ռեկտորի ԺՊ-ն կարծում է, որ կլինեն, որովհետեւ հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 3-ն է․ «Դեռ ժամանակ կա եւ վստահաբար չեմ կարող ասել, որ չկան, իմ կարծիքով՝ կլինի»։