Մարդիկ ասում են՝ գոնե այնքան ապրենք, որ սրանց վերջը տեսնենք
Հետաքրքրիր բնավորություն ունի մեր ժողովուրդը։ Իշխանավոր չի սիրում։ Հիմա կասեք՝ ինչ մի սիրելու բան են , որ սիրենք։ Համամիտ եմ։ Ինչևէ, ամբողջացնելով ՀՀ- ի մի շարք ղեկավարների կառավարման տարիները, որոնց մասնակիցն եմ եղել, ասեմ, որ, նման ղեկավար չեմ հանդիպել, ում կառավարման տարիներին այդքան ատեին, հայհոյեին, անիծեին, օրը հազար անգամ թաղեին, հանեին, ինչքան Նիկոլ Փաշինյանին։ Եթե սխալ եմ, արձագանքեք։ Ու նա միայնակ չէ այդքանը «վայելում» , որը նախորդ իշխանությունների ժամանակ չի եղել։ Հավասարապես ընտանիքը կիսում է «այդ ավարը»։ Թիմի մասին էլ չխոսեմ։ Դա սարսափելի է այն առումով, որ նա դեռ կառավարում է և մարդիկ որակավորումներ տալու համար հետապնդվում, բայց շարունակում են ասել այն, ինչ մտածում են նրա մասին։ 2018-ից մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը «Բռնոցի- նստոցի» է խաղում։ Եթե 2018-ին մարդիկ այդ բռնոցիներով ոգևորվում էին, այսօր խորը անտարբերության մեջ են։ Գիտեն, որ խաղ է, ու ի վերջո, բոլորն ինչ որ գործողություն կատարելուց հետո՝ ազատ ֆռֆռում են։ Նման խաղերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում և հանրային արհեստական հնչեղություն առաջացնելն անիմաստ է։ Այսօր էլ Կենտրոնի թաղապետարանում էր «Բռնոցի»։ Նիկոլ Փաշինյանին հիշեցնեմ, որ 2018-ից այսօր բավականին ժամանակ է անցել, մարդիկ էլ չեն հետաքրքվում «Բռնոցի»- ով, որովհետև նրանց համար միևնույն է՝ ում եք բռնում կամ ինչու՞ եք բռնում։ Այս դեպքը էլի եմ պատմել, բայց պիտի հիշեցնեմ․
«Նախկին ընդդիմադիր հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ մարդկային ծովը հեղեղել էր փողոցները, մի նիհարիկ տատի ուզում էր փողոցն անցնի։ Բայց ո՞նց անցնի։ Տեղյակ էլ չէր, թե այդքան մարդն ինչու էր հավաքվել և ուր էր գնում։ Այնպիսի շփոթված տեսք ուներ, որ իսկույն ուշադրությունս գրավեց։ Կախվեց հայացքիցս՝ բալա ջան էդ ու՞ր եք գնում ազգովի։ Կողքինս սրամտեց․
-Տատի ջան ինքնաթիռ է վթարվել, մեր բարձր պաշտոնավորները մեջն են եղել․․․ Գնում ենք հոգեհանգստի։
Տատին նախ հիասթափվեց՝ քա՜, ես էլ ասեմ բան է եղել։ Հետո էլ թե՝
-Էդ ինքնաթիռը քանի՞ տեղանոց է եղել»։
«Բռնի- բռնիի» այս օրերին տատիին հիշեցի։ Ո՜նց էր ուզում, որ ինքնաթիռում տեղերը շատ լինեին, ու մեկը հանկարծ պրծած չլիներ։
Հիմա տատիի վիճակում են «պաշտոնյաների ձեռքից վառված մեր ժողովուրդը»։ Ուզում ես բոլոր «պաշտոնյաներին բռնի» , ժողովրդի «վեջը չէ»։ Հանրությունն անտարբեր է, սպասում է իսկական «Բռնոցիին»։ Ու ոչ թե սպասում, այլ երազում է։ Մարդիկ ասում են՝ գոնե այնքան ապրենք, որ սրանց վերջը տեսնենք։
Կարծիքներ