Նիկոլ Փաշինյանը գերազանցեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը գերազանցեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Անցյալում էլ էին քրեական հոդվածներով քաղաքական հետապնդումներ իրականացվում։ Այդ ավանդույթը, կարելի է ասել, դրվել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում, երբ կասկածելի հիմքերով քրեական հետապնդումներ էին իրականացվում, կուսակցություն եւ լրատվամիջոցներ էին փակվում, մարդ էին վտարում Հայաստանից։ Բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ դրսեւորումները սաստկացան եւ առավել ակնհայտ դարձավ, որ իրավապահներն ավելի շուտ իշխանություններին են պաշտպանում, քան հասարակական կարգը եւ օրինականությունը։ 
Թվում է՝ ժողովրդի իշխանությունը պետք է ձեռնպահ մնար Քրեական օրենսգիրքը քաղաքական նկատառումներով օգտագործելուց, բայց, պարզվեց, ոչ մի իշխանություն ի զորու չէ զերծ մնալ նման գայթակղությունից եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ սկսեց «շփոթել» քրեական հանցագործներին քաղաքականների հետ եւ օգտվել իշխանությանը պատկանող ուժային լծակներից։

Ավելին՝ երիտասարդ իշխանավորները, որոնք հավանաբար իրենց ավելի ամուր են զգում, քանի որ 8 ամիս առաջ ընտրողի անվերապահ աջակցությունն են ստացել եւ ավելի ինքնավստահ են, քան մինչ օրս Հայաստանում եղած բոլոր նախկին իշխանությունները։ Եւ ըստ այդմ էլ, կարծես թե, ավելի ցինիկ են իրենց հետապնդումների մեջ։ 

Ասենք, ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ այսպես անթաքույց չէին հետապնդում իրենց կամքը չկատարած դատավորներին։ Ճիշտ է՝ կանչում էին նախագահական եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով պարտադրում իրենց կամքը կատարել, ինչպես ժամանակին արել էին Հյուսիսային պողոտայի վտարվողների գործերը քննող դատավորների հետ։ Կամ՝ տվյալ գործի դատաքննությունից ամիսներ անց մի որեւէ պատրվակով վարույթ էին սկսում դատավորի դեմ եւ նրան զրկում դատավորի կարգավիճակից, ինչպես արեցին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ, ով անցանկալի որոշում էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության հետ կապված եւ ազատ էր արձակել մեղադրյալին։ Կամ՝ դատավորների տեղափոխություններ էին անում՝ լավ դատարանից վատ դատարան, իջեցնում էին ստատուսը՝ բարձր դատարանից ցածր դատարան։ Ստիպում էին, որ կարեւոր գործերով հաշվետու լինեն վերադաս դատարանին եւ նախագահականից «կուրացիա» անող օգնականին եւ այլն։

Բայց նման ցինիզմ, որ դատավորն ազատ արձակի վարչապետի անձնական«թշնամուն» եւ անմիջապես դատախազությունը գործ հարուցի նրա վրա «իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն» կազմելու ծիծաղելի հիմքով, երբեք չի եղել Հայաստանում։ Եւ դատարանների վերադաս մարմին համարվող Բարձրագույն դատական խորհուրդը (ժամանակին՝ Արդարադատությա խորհուրդը) ոչ մի ընդվզում չդրսեւորի, հակառակը՝ հավանություն տա դրան, նույնպես չլսված ու չտեսնված բան է։

Պարոնայք, այս ի՞նչ եք անում։ Այս ո՞ւր եք տանում Հայաստանը։ Դեպի 37 թի՞վ, դեպի խորը միջնադա՞ր։ Այսօր փաստաբաններն են համախմբվում նման բեսպրեդելի դեմ, վաղը հանրային մյուս խավերն են հասկանալու, որ սա վտանգավոր ճանապարհ է եւ դուք չեք մարսելու այս գործելաոճը։ Անգամ եթե Դավիթ Գրիգորյանն այս օրերին ծանր հանցանք կատարել, նորմալ իշխանությունը պետք է ձեռնպահ մնար նրան պատժելու մտքից՝ միայն այն պատճառով, որ դա չվերագրվի քաղաքական հետապնդման։ Մանավանդ, որ պատեհ պահի հայտարարում եք, թե «դեմոկրատիայի բաստիոնն է» Հայաստանը։

Ամոթ է՝ կանգ առեք։