Առանց դեմքդ փրկելու ծլկես, որ ի՞նչ անես…

Առանց դեմքդ փրկելու ծլկես, որ ի՞նչ անես…

ՀՀ իշխանությունը միասնական չէ արցախյան կարգավորման հարցում: Սա, անշուշտ, տարօրինակ կարող է թվալ, բայց փաստ է, եւ որքան Փաշինյանը պնդի, որ իշխանությունը գործում է որպես մեկ մարմին, միեւնույն է, կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության մեջ կան շրջանակներ, որոնք արտաքուստ չընդդիմանալով վարչապետին՝ միեւնույն է, առաջ են մղում իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում եւ Արցախի խնդրի ուղղությամբ: Կարող եմ ավելին ասել․ նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, երկվության բազմաթիվ պահեր է ունեցել վերջին 1.5 տարվա ընթացքում: Տպավորություն է ստեղծվում, որ նրա մի կեսը պայքարում է մյուս կեսի դեմ: Ինչի՞ հետեւանք է դա: Այլ պատասխան չունենք՝ դա հետեւանք է Փաշինյանի կառավարության եւ, առհասարակ, ՀՀ իշխանությունների պառակտվածության:

Արդյոք, սխալված կլինե՞մ, եթե ասեմ, որ Հայաստանում այսօր երկիշխանություն է՝ նիկոլական եւ սորոսական թեւերով տարանջատված: Փաշինյանը հենց դա չի՞ խոստովանում, երբ բողոքում է համակարգից եւ սպառնում ջարդել այն, եթե շարունակի ընդդիմանալ հեղափոխությանը: Վերջին 1.5 տարում Փաշինյանը բազմաթիվ առիթներ է ունեցել կարեւորելու մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդական առաքելությունն Արցախի խնդրի կարգավորման գործընթացում: Թեեւ ժամանակին հենց Ռուսաստանին էր մեղադրում Ապրիլյան պատերազմի սանձազերծման մեջ: Հայաստանի պրոիշխանական թեւը, սակայն, շարունակում լայն թափով առաջ մղել հակառուսական հիստերիան: Ի՞նչ է սա նշանակում․ մեկ բան՝ կա՛մ Փաշինյանը չի կարողանում վերահսկել այդ շրջանակի գործողությունները, կա՛մ ինքն է իրականում երկփեղկված, ու նրա մի կեսը, առնվազն, պատանդ է սորոսական ոչ լեգիտիմ թիմի ձեռքում:

Այս երեւույթի ցայտուն օրինակ է նաեւ ՀՀ վարչապետի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջեւ կոնֆլիկտը: Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Սպահանի հայության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք, չգիտես որ պետության համար են աշխատում: Սա՝ ոչ ավել, ոչ պակաս, խոստովանություն էր Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի առկայության մասին: Նույն բանն ասաց նաեւ Արթուր Վանեցյանը՝ ընդ որում կոնկրետացնելով «ագենտուրայի» շրջանակը: Եվ, ուրեմն, ո՞րն էր Փաշինյանի եւ Վանեցյանի «գժտության» պատճառը, եթե նրանք նույնկերպ էին մտածում պետության անվտանգությանը նետված այդ մարտահրավերի մասին: Նրանք հաստատ անձնական խնդիրներ չունեին, չէ՞: Եվ, ուրեմն, ո՞վ «կռվեցրեց» նրանց, եթե ոչ իշխանության սորոսական սեկտորը, որին դուր չէր գալիս Վանեցյանի «վարքագիծը»: Բացեք սորոսական լրատվամիջոցները եւ կտեսնեք, թե ինչերի մեջ են «մեղադրում» Արթուր Վանեցյանին՝ «ռուսամետություն» եւ Քոչարյանի աջակիցների հետ կապեր: Իհարկե, կարող եք ասել, որ Փաշինյանի եւ Վանեցյանի տեսակետները չէին համընկնում համատարած ձերբակալությունների եւ ԱԱԾ-ին այդ գործում ներգրավելու հարցերում, բայց մյուս կողմից էլ եկեք չմոռանանք, թե ինչ ելույթ ունեցավ Փաշինյանն ԱԱ ծառայողի օրվա կապակցությամբ՝ իր գոհունակությունը հայտնելով ԱԱԾ 1.5 տարվա աշխատանքից: Դա, ըստ էության, Վանեցյանի աշխատանքի բարձր գնահատականն էր:

Կարիք չկա, կարծում եմ, երկար-բարակ պատմելու, թե ինչ ուղղություններով է սորոսական սեկտորն այսօր պայքարում Հայաստանի Հանրապետության դեմ: Այն կարելի է բնութագրել շատ հակիրճ՝ «պայքար ազգային արժեքների դեմ»: Ընդունեն սորոսականները, թե ոչ, նրանք հենց Փաշինյանի իշխանության 1.5 տարում են դրսեւորել իրենց ամենամեծ ակտիվությունը: Սա փաստ է:

Սորոսականներ նախկինում էլ են եղել թե՛ ԱԺ-ում եւ թե՛ կառավարությունում, բայց Փաշինյանն առաջին վարչապետն է եղել, որ բարձրաձայնել է օտար պետությունների համար աշխատող պաշտոնյաների մասին, Փաշինյանի ժամանակների ԱԱԾ-ն է առաջին անգամ բարձրաձայնել այդ խնդիրը: Սա նույնպես փաստ է: Լարիսա Մինասյանը, էն կապույտ մազերով կինը, Արման Բաբաջանյանը, Լեւոն Բաղդասարյանը, Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Սաֆարյան Ստյոպան, Արայիկ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանը եւ շատ ու շատ այլ օտարասուններ մեր երազած հերոսները չեն եղել երբեք, բայց այսօր նրանք են հասարակական դեմքերը: Լարիսա Մինասյանն ԱԺ-ում ստամբուլյան կոնվենցիան է պտտում, Արման Բաբաջանյանի ձեռքերը հասել են ՍԴ-ին եւ Հոկտեմբերի 27-ի գործին, Լեւոն Բարսեղյանն ընտանեկան արժեքներ է քարոզում, Արթուր Սաքունցն ԱԱԾ-ի վրա է տակառ գլորում, Դանիել Իոաննիսյանն Արցախն է խառնում, Սաֆարյան Ստյոպան, այ քեզ հաջողություն, Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց… Ո՞ւմ մոռացա: Հա, Փաշինյանի կառավարությունում բազմած ամենասրսուռ սորոսականներից Արայիկ Հարությունյանը՝ հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության ոխերիմ հակառակորդը, առանց ամաչելու ԱԺ-ում հայտարարում է, թե այս կառավարությունն ամենաազգային կառավարությունն է: Հիմա ես նրա խոսքի՞ն հավատամ, թե՞ կերած բողկերին: ԱԺ-ի սորոսական հատվածի մասին էլ չասած: Ի՞նչ ասես մի զանգվածի մասին, որը սպառնում է աղբամանը նետել ամեն ինչ, որ այս կամ այն կերպ կապված է ազգային արժեքների հետ: Ում անունը մոռացա տալ, թող ներող լինեն, սրանք Հայաստանում կիսում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի հետ: Փող ունեն, փողով շլացրել են իշխանությանը: 

Ավարտելով՝ երկու խոսք ասենք նաեւ սորոսական լրատվամիջոցներով ծավալված հակառուսական հիստերիայի մասին: Կարճ ասեմ՝ ամեն ինչ արվում է Հայաստանի ու նրա ռազմավարական դաշնակցի հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար: Արման Բաբաջանյանի «Ժամանակը» էջանոց լավաշներ է թխում այն մասին, թե Ռուսաստանը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանին, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցության դիմաց: Ի՞նչ է, Բաբաջանյանի կարծիքով Մոսկվայում իդիոտնե՞ր են նստած ու չե՞ն հասկանում, որ արեւմտյան բազմամիլիարդ ներդրումների ճիրաններում հայտնված Բաքուն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող անդամակցել ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին: Իսկ գուցե Բաբաջանյանին թվում է, թե ի՞նքն է տապալել արցախյան խնդրի կարգավորման արեւմտյան պլանը, ըստ որի՝ տալիս ենք ամեն ինչ ու բավարարվում Լաչինի միջանցքով: Խաղաղության մասին սրտաճմլիկ նախադասությունների հետեւում թաքնվող սորոսականներին հիշեցնեմ Մամեդյարովի «ձեռնտու» առաջարկը՝ խաղաղություն՝ Ղարաբաղի դիմաց: Կարելի՞ է արդյոք մտածել, որ Մամեդյարովը տեղյակ չէ Ադրբեջանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ներքաշելու ռուսական ծրագրերից: Եվ ուրեմն՝ Մամեդյարովի համար ավելի հեշտ չէ՞ Ռուսաստանի աջակցությամբ հետ բերել Ղարաբաղը, քան հերթական անիմաստ պատերազմը սանձազերծել Հայաստանի դեմ ու անփառունակ պարտվել, ինչպես Ադրբեջանին հասկացրել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:

Թող չափազանցություն չթվա, բայց Փաշինյանն այսօր հայտնվել է սեփական դեմքը փրկելու հրամայականի առջեւ: Եթե նրան գոհացնում են իր ռեյտինգի մասին սորոսական Gallup-Հայաստան կազմակերպության հարցման արդյունքները, խնդիր չկա, թող հավատա դրանց, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Իսկ իրականությունն այն է, որ ինքն այլեւս թագուհու կարգավիճակ ունի Հայաստանում․ կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: Փաշինյանը թող այլեւս հույս չունենա, որ կկարողանա հրապարակ լցնել, եթե դա չանեն սորոսական ՀԿ-ները, թող հույս չունենա, թե կկարողանա որեւէ օրինագիծ կասեցնել, եթե սորոսականներն էս գլխից են հայտարարում, որ այդ օրինագիծը պետք է ընդունվի, թող այլեւս հույս չունենա, թե այս կառավարությունն ու ԱԺ-ն կսատարեն իրեն, եթե սորոսական հիմնադրամները փակեն առատության եղջյուրից թափվող փողերի ճանապարհը: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, թե ինչպես կարող է Փաշինյանը դուրս գալ այս իրավիճակից: Օղակը շատ է սեղմվել, խեղդելու աստիճան: Թերեւս դեռ կա այն հողակտորը, որին նա կարող է ամուր ոտք դնել եւ վերստին շահել փողոցում անտեր մնացած ժողովրդի վստահությունը: Դա Ղարաբաղն է: Իսկ մյուս տարբերակը՝ հրաժարական տալ ու ծլկել, նույնիսկ չարժե քննարկել: Առանց դեմքդ փրկելու ծլկես, խայտառակ լինես, որ ի՞նչ անես… Ճիշտ չե՞մ ասում: