Հայաստանում չկան ռուսամետ ուժեր. կան ռուսական գործակալներ և Ռուսաստանից ֆինանսավորվող հացկատակներ․ Միքայել Հայրապետյան

Հայաստանում չկան ռուսամետ ուժեր. կան ռուսական գործակալներ և Ռուսաստանից ֆինանսավորվող հացկատակներ․ Միքայել Հայրապետյան

«Հրապարակի» զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է:

- Պարոն Հայրապետյան, վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական միութենական պետության ստեղծման մասին: Դուք այս մասին ի՞նչ եք մտածում:

- Բնականաբար, Կրեմլը կփորձի նման գործընթաց գեներացնել, բայց մենք էլ պարտավոր ենք գտնել ելքեր՝ հնարավորինս անկորուստ խուսափելու հակաքաղաքակրթական նման կառույցում հայտնվելուց:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը: Սա ի՞նչ է նշանակում:

- Սա նշանակում է, որ Ռուսաստանը, անելանելիությունից դրդված, ընտրել է իր և աշխարհի համար ամենաանհաջող ու վտանգավոր տարբերակը: Հայկական այսպիսի մի առած կա. «Շան սատկելը որ գալիս է, գնում`` ժամի պատի տակ է կեղտոտում»:

- Ռուսամետ քաղաքական ուժերը, իհարկե, Պուտինի այս քայլից բավականին գոհ են: 

- Հայաստանում չկան ռուսամետ քաղաքական ուժեր. Հայաստանում կան ռուսական գործակալներ և Ռուսաստանից ֆինանսավորվող հացկատակներ: Ոչինչ ավելի: Իրենք իրենցից ինքնին ոչինչ չեն ներկայացնում. անհանգստանալ պետք չէ, մանավանդ որ Հայաստանում կան սթափ ու լուրջ գործիչներ թե՛ իշխանության ներսում, թե՛ իշխանությունից դուրս:

- Պուտինն ու Ալիևն օրերս ստորագրեցին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր: Ի՞նչ է սա ենթադրում:

- Սա ենթադրում է, որ Ռուսաստանը փորձում է ապահովագրել իր հարավային ճակատը, որպեսզի իր տկար ուժերն ամբողջությամբ կենտրոնացնի արևմտյան ճակատում: Դա ընդամենը հերթական փուլն էր այն ծրագրի, որի առաջին արարով ոչնչացրին հայ ժողովրդի ծաղիկ սերունդն ու կիսեցին Արցախը: Մեր հաշվին Ռուսաստանը բավարարել էր թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները, հիմա նրանց հերթն է Ռուսաստանին երաշխիքներ տալու: Լուրջ տագնապների կարիք չկա. թող Ռուսաստանն ինքը մտահոգվի ու լարվի, թե որտե՛ղ և ե՛րբ են իրեն գցելու իր թուրք եղբայրները:

- Սա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա:

-Գոնե հիմա խոստովանենք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ չեն եղել. եղել է Ռուսաստանի կողմից ուղղակի կառավարում: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել:

-Դուք կարծում եք, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դո՞ւրս գա:

- ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց Հայաստանը պետք է սկսեր առնվազն անցյալ տարվա մայիսից, երբ ադրբեջանական զինուժն օկուպացրեց ՀՀ տարածքներ: Հիմա ամենից անպատեհ ժամանակն է նման գործընթաց սկսելու համար: Հիմա դա ոչ մի օգուտ չի տա, այլ գուցե արկածախնդրություն լինի: Մի՞թե այնքան ժամանակ ու ռեսուրսներ ունենք, որ ծախսենք այնպիսի մի բանի վրա, որն օգուտ չի բերելու այժմ: Մեր ներազգային էներգիան կենտրոնացնելու նյարդակետեր կան, որոնց, ցավոք, մեր քաղաքական դասն անգիտանում է՝ համընդհանուր ժխոր բարձրացնելով ու շեղելով: