Հարցազրույց, որն ավարտվեց հիստերիայի նոպայով

Հարցազրույց, որն ավարտվեց հիստերիայի նոպայով

Երեկ այն պահին, երբ հայ-ադրբեջանական սահմանին թեժ փոխհրաձգություն էր, սակայն դեռ հայտնի չէր, որ հայկական կողմն ունի տասնյակի հասնող զոհեր, գերեվարված ու վիրավոր զինծառայողներ, իշխանական պատգամավորները խորհրդարանում անխռով քննարկում էին վայրի կենդանիներին ազատ եւ անազատ պահելու, օգտագործելու կարգին վերաբերող նախագիծ։ «Քաղպայմանագիր» կուսակցության ցուցակով խորհրդարան անցած ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանից փորձեցինք հետաքրքրվել՝ տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում սահմաններին։

- Պարոն Արսենյան, Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում սահմաններին, փոխհրաձգության մասին է հայտարարվում, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ տարածքային ու մարդկային կորուստներ ունենք, սա՞ է իշխանության հայտարարած «խաղաղության դարաշրջանը», դրա համա՞ր է խորհրդարանում այսքան հանդարտ մթնոլորտ տիրում։

- Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ավելի օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո նոր կկարողանամ կարծիք հայտնել։

- Բայց արդեն տեղեկություններ կան, իսկ պատերազմից հետո մեր իշխանությունները պարբերաբար խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին: Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ։

- Ուզում եմ Ձեզ ասել, որ «խաղաղության դարաշրջան» տերմինի վերաբերյալ հեգնանքով խոսելն առնվազն անհասկանալի է։

- Ես չեմ հեգնում, պարզապես ուզում եմ, որ քաղաքացիների համար հասկանալի լինի՝ մեզ ասվում էր, որ թեւակոխելու ենք խաղաղության դարաշրջան, ինչ-որ բան այն չէ՞, թե՞ այսպիսին պետք է լինի այդ դարաշրջանը։

- Խաղաղության դարաշրջանը դա մարդկանց, պետության երազանքն է, որին ձգտում են։

- Երազանքները  մի քիչ էլ իրականության հետ պետք է աղերս ունենան, էլ չեմ ասում՝ ինչո՞ւ պիտի երկիրը երազանքներով կառուցենք, ոչ թե ռեալ քաղաքականությամբ։

- Բոլոր երազանքները վերածվում են պլանների, պլանները՝ իրականության։ Սա է օրինաչափությունը։

- Իշխանությունը որքան էլ հակված էր ամեն բան զիջելու, սրացման չգնալու, անգամ մեր սուվերեն տարածքը նվիրելու, բայց հակառակորդի ախորժակն ավելի մեծ է, եւ տեսնում եք, թե ինչ է կատարվում։

- Ի՞նչ է նշանակում՝ ամեն ինչ զիջել։ Շատ հեշտ եք ասում, այստեղ՝ Երեւանում, ընդդիմադիր տերմինոլոգիայով, ընդդիմադիր դիրքերից շատ հեշտ եք պատկերացնում մեր զինվորների մահը։ Մենք այդքան հեշտ չենք պատկերացնում մեր զինվորների մահը։

- Երբ մաքսակետ է տեղադրվում Գորիս-Կապան ճանապարհին, մի քանի գյուղ շրջափակման մեջ է մնում, կտրվում է կապն աշխարհից, դա նորմա՞լ է։

- Շրջափակվել է` կապաշրջափակենք, բայց կրկնում եմ՝ ինչ վերաբերում է ընդդիմադիր աղմուկ բարձրացնելու համար զինվորների դիակների առկայությանը, ես դրա հետ համաձայն չեմ, մեր զինվորները մեզ համար թանկ են, մենք իրենց սիրում ենք, մեր երկրի քաղաքացիներին էլ ենք սիրում, մենք ըտենց իշխանություն ենք, մենք չենք ատում մեր երկիրը, մեր երկրի  քաղաքացիներին։

- Դուք ատում եք այն հողը, որտեղ ապրում է քաղաքացին, տալիս եք հողը, որ վաղը էլ հայրենիք չլինի, իսկ ձեր սիրած քաղաքացին էլ տեղ չունենա ապրելու։

- Դուք հողային պահանջների նկրտում ունեք, դա Ձեր գործն է, ունենք ՀՀ հանրապետություն, ունենք ճշգրտվող սահմաններ։

- Ո՞ւմ հետ եք ճշգրտում, եթե դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մասին դեռ չի հայտարարվել։

- Պրոցեսի մեջ ենք։

- Այդպիսի պրոցե՞ս է գնում, ո՞ր քարտեզներով, ո՞ւմ հետ։

- Մենք քննարկումների մեջ ենք։ Պրոցեսը դա նշանակում է` քննարկումներ են գնում։

- Բայց գործնականում տարածքային կորուստներ ունենք Սյունիքի հատվածում, եւ Դուք թերեւս չեք սխալվում, որ պրոցեսը գնում է։

- Ես ասում եմ՝ քննարկումներ են ընթանում, պետական պաշտոնյաները բանակցություններ են վարում, այդ թվում` Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որը քննարկում է առկա հարցերի շարքը, այդ շարքի մեջ մտնում է սահմանագծումն ու սահմանազատումը։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ մեր քաղաքացիները, մեր զինվորները, հայկական ընտանիքների  զավակները, մենք չենք պատրաստվում մեր որեւէ զինվորի կյանք դարձնենք խաղաքարտ։

- Բայց իշխանությունը դեռ մեկ տարի առաջ է խաղաքարտ դարձրել զինվորների կյանքը, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, որ իրեն դավաճան չասեն։ Այսօր էլ շարունակվում է․․․

- Ես ուզում եմ հասկանալ՝ Ձեր աշխարհաքաղաքական գիտելիքներն ու վերլուծությունները որ պլատֆորմից են ապահովվում, ընենց բաներ եք ասում։ 

- Հայկական պլատֆորմից են ապահովվում, բայց անցնենք հաջորդ հարցին` ինչո՞ւ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրվեց, ինչո՞ւ այդ ճանապարհը հանձնեցիք Ադրբեջանին: Տեսա՞ք, որ դրանով չբավարարվեցին, այսօր ավելիի նկրտումներ ունեն։

- Ես ասում եմ հետեւյալը, որ այս պահին ունենք փաստ, որը որ բոլորիս ներվայնացնում է։ Ձեզ՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ...

- Ես լրագրող եմ։

- Չէ, չէ, մի հակաճառեք, ընդդիմության ներկայացուցիչ եք։

- Լավ, թող Ձեր ասածը լինի, երեւի Դուք էլ եք հասկանում, որ հնարավոր չէ ձեր վարած քաղաքականությանը չընդդիմանալ։

- Հա, հա, մի կեղծեք, ընտիր է․․․ Բայց, ի տարբերություն ձեզ, մենք նաեւ զբաղվում ենք այդ խնդիրների լուծմամբ։

- Մաքսակետի տեղադրումը համարում եք լուծո՞ւմ։

- Մաքսակետի տեղադրումը ես չեմ համարում լուծում կամ ոչ լուծում, ես դա համարում եմ փաստ, որը մեզ մտահոգում է։ Ժամանակի ընթացքում, երբ մենք կհասնենք այդ հարցերի օրակարգին, կքննարկենք նաեւ այդ հարցը, մյուս հարցը։

- Այսինքն` սկզբում խնդիրն առաջացնում եք, որ հետո լուծե՞ք, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ մաքսակետ տեղադրեն։

- Իրենք մեր թույլատրելուն չեն հարցրել, իրենք իրենց տեղադրել են։

- Կարող է վաղն էլ Հայաստանի սրտում տեղադրեն, ասեն` դա մեր տարածքն է, Դուք, օրինակ, 90-ականներից քաղաքական դաշտում եք, երբեւիցե լսե՞լ էիք, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածն անցնում է ադրբեջանական տարածքով։

- Սովետական Ադրբեջանի տարածք է դա, ես ըտենց գիտեմ, որ ՀՀ ճանապարհներից մի քանիսը ժամանակին անցնում էր Ադրբեջանի տարածքով։

- Չե՞ք լսել, որ շատերն են ասում, այդ թվում՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ դա սուտ է, չկա նման բան։ Եթե նույնիսկ կա, քանի դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չի արվել, ո՞վ է որոշել, որ դա իրենցն է։

- Դա եմ ասում, որ պատասխանատու իշխանությունն անիմաստ հոխորտալու տեղը զբաղված է իր աշխատանքներով։

- Ո՞րն է իր աշխատանքը՝ ՀՀ սուվերեն տարածքն Ադրբեջանին նվիրե՞լը։

- Ասում եմ` զբաղված է աշխատանքով, այդ աշխատանքի արդյունքները կարող են հասարակության համար լինել գոհացուցիչ կամ ոչ գոհացուցիչ, դրա համար տեղի է ունենում հետեւյալ բանը․ իշխանության աշխատանքների արդյունքները գալիս-հասնում է հերթական ընտրությունների ժամանակ, եւ մարդիկ արձանագրում են, ու դրանով ձեւավորվում է իշխանություն։

- Դուք Հայաստանում գիտե՞ք մի իշխանություն, որ ընտրություններով հեռացել է, այլ կերպ ասած՝ չի կեղծել ընտրությունները։ Ի դեպ, ասում են, որ ժամանակին ընտրակեղծարարության, կաշառք բաժանելու հիմնադիրն էլ Դուք եք եղել՝ Մասիսում։

ՀԳ․ Այս հարցից հետո իշխանական պատգամավորը բառի բուն իմաստով կորցրեց ինքնատիրապետումը եւ խորհրդարանի միջանցքում այնպես ձայնը գլուխը գցեց, որ րոպեներ հետո դահլիճից նրա ձայնի վրա դուրս եկան գործընկերները։ Նա ինձ «անդաստիարակ» անվանեց, ասաց, որ ես զբաղված եմ «խարդախությամբ», մարդկանց ուղեղները լվանալով, զրպարտությամբ, որ չունեմ տարրական դաստիարակություն։ Որքան փորձեցի պատգամավորին ադեկվատության դաշտ հրավիրել, հիշեցրի, որ տարիներ շարունակ մամուլն է այդ մասին այդպես գրել, եւ ինքը դա չի հերքել, դատարան չի մտել, սակայն պատգամավորն այնպիսի հիստերիայի մեջ էր, որ փորձում էր գործի դնել ձեռքերը, գոռգոռում էր, մատ թափ տալիս, սպառնում, որ իմ հարցերն անպայման լուծելու է: «Չկասկածես, որ կլուծեմ քո հարցերը»,- գոռում էր պատգամավոր Արսենյանը եւ կրկնում, որ դաստիարակության պակաս ունեմ: Այնքան, մինչեւ ստիպված եղա նրան խորհուրդ տալ, որ իր զավակների դաստիարակությամբ զբաղվի, որպեսզի նրանք բանտում չհայտնվեն եւ ողջ երկրում մատնացույց չարվեն։ Դրանից հետո արդեն Արսենյանն ավելի փրփրեց ու սկսեց սպառնալիքներ տեղալով՝ մի կողմ կանչել ինձ ու ինձ պաշտպանող գործընկերուհուս` հաշիվ մաքրելու։