Որևէ բացասական բան Արկադի Փելեշյանին հնարավոր չէ ասել

Որևէ բացասական բան Արկադի Փելեշյանին հնարավոր չէ ասել

Հարցազրույց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի հետ

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել հենց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, որոնք կայանալու են այս կիրակի՝ դեկտեմբերի 5-ին։ Այլ համայնքներում կարծես թե չեք մասնակցում։

-Ճիշտն ասած՝ մենք կարող էինք շատ համայնքներում մասնակցել, մենք ունենք և՛ կուսակցականներ, և՛ համակիրներ, և՛ առաջարկներ, բայց քանի որ մեր ռեսուրսներն այդքան մեծ չեն, առաջին հերթին՝ ֆինանսական, չեմ թաքցնում, կազմակերպական առումով դրանք անհրաժեշտ են, որոշեցինք կենտրոնանալ Վանաձորի վրա, որովհետև Վանաձորն այս ընտրություններում ամենամեծ համայնքն է՝ մոտավորապես 96 հազար ընտրող է մասնակցելու, և հետո` ես ունեմ բավականին լավ կապեր, ընկերներ, կուսակցական լավ կորիզ ունենք, և ընտրությունը կանգ առավ հենց Վանաձորի վրա՝ հաշվի առնելով բոլոր այդ հանգամանքները։

-Ձեր կուսակցությունն այդքան էլ ակտիվ չէ քաղաքական դաշտում, վերջին տարիների համապետական ընտրություններին չեք մասնակցել, թեև շատերը կհիշեն, որ դուք այս ուժն եք, որը ժամանակին (1998 թ․) առաջադրել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ Կարո՞ղ ենք համարել, որ սա ձեզ համար ակտիվանալո, հանրությանը ներկայանալու շանս է։

-Լավ հիշեցրիք, որ մեր կուսակցությունն առաջադրել է Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ Ես էն ժամանակ բավականին մտերիմ հարաբերություններ ունեի Կարեն Դեմիրճյանի հետ, մենք եղել ենք գաղափարակիցներ։ Եվ, անկեղծ ասած, 1996 թվականին իմ կողմից կուսակցության ստեղծման նպատակը Կարեն Դեմիրճյանին օգնելն էր` մեծ քաղաքականություն վերադառնալուն։ Դրա համար 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին մենք օգտագործեցինք էդ պահը և Կարեն Դեմիրճյանի թեկնածությունն առաջադրեցինք․ նա մեր կուսակցության թեկնածուն է եղել։ Բայց հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները մեծ հարված էին մեր կուսակցության համար, որովհետև, չեմ թաքցնում, մեր գործունեության հետագա ծրագրերը ես՝ անձամբ, կապել էի Կարեն Դեմիրճյանի անվան հետ։ Մենք այդ ընթացքում էլ բավականին ակտիվ հանդիպումներ էինք ունենում, և ասեմ, որ հոկտեմբերի 28-ին էլ մենք պետք է հանդիպեինք, և էնտեղ արդեն լրիվ ուրիշ պայմանավորվածություն կար, և լրիվ ուրիշ ծրագիր էր մտնելու գործունեության մեջ։ Ես առաջին անգամ եմ հիմա այդ մասին ասում։ Իսկ հոկտեմբերի 27-ը, իհարկե, մեծ հարված էր մեզ համար, և մենք ահագին պասիվացանք։ Չնայած՝ էլի բոլոր ընտրություններում որոշ ձևով մենք մասնակցություն ունեցել ենք։ Մասնակցել ենք նաև Երևանի ավագանու առաջին ընտրություններին։

-Լավ, ինչպե՞ս եք գնահատում Վանաձորում ձեր շանսերը, տասը ուժ է մասնակցում, որոնցից մեկն իշխող ՔՊ-ն է, որի թեկնածուն գործող մարզպետ Արամ Խաչատրյանն է, նաև նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է մասնակցում` իր իսկ դաշինքով, և նա էլ վատ ռեյտինգ չուներ քաղաքապետ աշխատած տարիներին։

-Ուզում եմ ասել՝ ես բավականին բարձր եմ գնահատում մեր շանսերը, որովհետև առաջին անգամ մենք ակտիվորեն մասնակցում ենք համայնքային ընտրությունների, և չմոռանանք, որ վերջին համապետական ընտրություններից հետո սա ամենախոշոր մասշտաբի ընտրություններն են մեր հանրապետությունում։ Եվ սա նաև ինչ-որ ձևով ցույց կտա մեր հասարակության մեջ իշխող տրամադրությունները, վերաբերմունքը դեպի քաղաքական ուժերը,  որովհետև առաջին անգամ բավականին շատ համայնքներում համամասնական ընտրակարգով են տեղի ունենալու ընտրությունները։ Այսինքն՝ սրանք կարևոր ընտրություններ են, մենք էլ մասնակցում ենք մեր անունով, մեր գաղափարներով, մեր ծրագրերով՝ որպես Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, և միակն ենք մեր գաղափարախոսությամբ։ Ասեմ, որ  աշխարհում երեք գաղափարախոսություն կա հիմնականում՝ լիբերալ, սոցիալիստական և պահպանողական։ Հայաստանում վերջին 30 տարում եղել է իշխող մեկ գաղափարախոսություն` գոնե իշխանությունների մակարդակով, դա լիբերալ գաղափարախոսությունն է։ Մենք առաջին անգամ մտնում ենք հստակ սոցիալիստական գաղափարներով, խնդրում եմ՝ չշփոթել կոմունիստական գաղափարների հետ, և մեզ համար առավել ընդունելին սոցիալիզմի չինական մոդելն է։ Եվ բացի մեր գաղափարական, քաղաքական ուղղվածությունը, մենք բավականին հզոր թիմ ենք ձևավորել Վանաձորում, վանաձորցիների կողմից ըդնունված, հարգված, Վանաձորի նկատմամբ սրտացավ և հոգատար մարդիկ են ցուցակում։ Ասեմ, որ ցուցակը ղեկավարում են Ձեր նշած Մամիկոն Ասլանյանի երկու տեղակալները՝ առաջին փոքաղաքապետ Արկադի Փելեշյանը և երկրորդ փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը։ Թիմում ընդգրկված են նաև քաղաքապետարանի հմուտ աշխատակիցներ, որոնք աշխատել են Մամիկոն Ասլանյանի օրոք, ավագանու անդամներ, իրենց գործի նվիրյալներ, պրոֆեսիոնալներ, և ես մեր գործում ակնկալվող հաջողությունը կապում եմ նաև մեր թիմի պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների, հայրենասիրության հետ։ 

-Ի դեպ, ձեր քաղաքապետի թեկնածուն՝ Արկադի Փելեշյանը, ձեր կուսակցության անդամ չէ, ժամանակին երբեմնի ՕԵԿ-ի, այժմ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ էր ու այդ ցուցակով էր դարձել ավագանու անդամ և փոխքաղաքապետ, և նրա կերպարն էլ ոչ միանշանակ է ընկալվում, մամուլում նրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, մի մասը լավ է վերաբերվում նրան, մի մասի համար նա էքսցենտրիկ կերպար է։ Վանաձորում ինչպե՞ս են ընկալում նրան, և Արկադի Փելեշյանի դեմքով ներկայանալը որքանո՞վ է ձեզ համար հաջողության գրավական լինելու։

-Միանգամից ասեմ, որ բավականին մեծ հաջողության գրավական է, ես Արկադի Փելեշյանին բավականին բարձր եմ գնահատում իր մարդկային հատկանիշներով, շատ լավ մարդ է, լավ անձնավորություն է, բավականին փորձառու է, համարյա հինգ տարի զբաղեցրել է Վանաձորի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը։ Ինքն ուղղակի ակտիվ, աշխույժ անձնավորություն է, ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բավականին ակտիվ երիտասարդություն է ունեցել, պատանեկություն, բավականին մեծ շրջապատ ունի, հարգված է վանաձորցիների կողմից, և իր անձով ինքն արդեն բավականին շատ ձայն ունի Վանաձորում։ Որևէ բացասական բան Արկադի Փելեշյանին հնարավոր չէ ասել։

-Իր անձո՞վ եք ավելի շատ ձայն հավաքելու, թե՞ նաև ձեր կուսակցության համար ձեզ ձայն կտան։

-Ես դրա համար ասացի, որ երկու հանգամանք ենք հաշվի առել՝ կուսակցությունը և թիմը։ Այդ թիմն էլ ինքն է ղեկավարում, հիմնականում իր շուրջն է ձևավորված, նաև մեր կուսակցական ակտիվից կան։ Դուք լավ գիտեք, որ համայնքներում, սովորաբար, ընտրություններն ավելի ապաքաղաքական, ապագաղափարական են եղել, համենայնդեպս՝ մինչև օրս, և ավելի շատ սուբյեկտիվ հանգամանքներն են դեր խաղացել՝ մարդու անձը, շրջապատը, միջանձնային հարաբերությունները։