Ինչ տարբերություն կա Նիկոլին ու Սերժին քծնողների միջեւ

Որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է երկրի համար կարեւոր հարցերում եւ հատկապես` հրաժարվում է Արցախի խնդրից, այնքան հաճախ է մեկնում Հայաստանի մարզեր եւ ժողովրդի կողմից բուռն ընդունելության տեսարաններ բեմադրում: Կարծես` ուզում է ասել, որ մեր ժողովուրդը Արցախի մասին չի մտածում եւ գործող իշխանությունից էլ շատ գոհ է` մարդկանց մի փոքր խումբ է միայն դժգոհում իրենից եւ հիշում Արցախը:
Վերջին շաբաթներին այդ այցելությունները` տարբեր մարզերում, ավելի հաճախակի են դարձել եւ Փաշինյանին ջերմ ընդունող համբուրող, օրհնող տատիկ-պապիկները դարձել են մեր եթերի անբաժան ուղեկիցը: Հասարակության սթափ հատվածը վրդովվում է այդ տեսարաններից` մարդկանց ճնշումն է բարձրանում, սիրտն է վատանում: Բայց վերլուծելու ունակ, խելացի մարդիկ հասկանում են, որ այս սիրառատ ընդունելությունները ոչինչ չեն նշանակում` ոչ հանրային աջակցություն, ոչ բարձր իմիջ: Որովհետեւ նման ընդունելությունների արժանացել են մեր բոլոր իշխանությունները:
Մի՞թե մարդիկ մոռացել են Կարեն Կարապետյանին դիմավորող եւ հաճույքից հալվող կանանց ժպիտները: Կամ` տնօրենների եւ ուսուցիչների ելույթները` «Ա սեյչաս չեբուրաշկա սկաժետ ռեչ»: Կամ` 2017 թվականին ՀՀԿ-ի ստացած 700 հազար ձայնը: Այնպես որ Փաշինյանի շուրջը հավաքված, նրան ծափահարող տարեց լոռեցիները եզակի երեւույթ չեն մեզանում:
Անգամ 2018-ին այդպես հիմնովին «մերժված» Սերժ Սարգսյանին են եւ ժամանակին, եւ հատկապես հիմա մեծ ոգեւորությամբ դիմավորում: Հունիսի 12-ին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նրան ուղեկցում էին ՀՀԿ մի խումբ անդամներ, Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանը:
Պանթեոնի մոտ մի կին` տեսնելով Սերժ Սարգսյանին, բացականչեց. «Պարոն նախագահ ջան, ես քո ցավը տանեմ, պարոն նախագահ, հետ արի, էլի, ես քո ցավը տանեմ, հետ արի։ Մեռնեմ արևիդ, պարոն նախագահ, հետ արի»:
ՀՀԿ-ն էլ կարող էր այս տեսարանը տիրաժավորել, իսկ Սերժ Սարգսյանը կարող էր ընդհատել քայլը, մոտենալ, ողջագուրվել կնոջ հետ, ձեռքը համբուրել եւ մի բեմադրություն սարքել այս տեսարանից, ինչպես Փաշինյանն է անում մարզերում, բայց նա այդ կնոջ քաղցր-մեղցր խոսքերին որեւէ կերպ չարձագանքեց:
Թերեւս, Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, թե որտեղից է գալիս այս սերը եւ ինչքան կարճ կյանք ունի այն: Ու թե որքան անհեթեթ ու տգեղ է այս մարդկանց զեղումներից դիվիդենտներ շահելը:
Կարծիքներ