Վիճել՝ ինչի՞ շուրջ

Բանավեճն առհասարակ լավ բան է: Ասում են` բանավեճի մեջ է պարզվում ճշմարտությունը: Աշխարհի շատ երկրների օրենսդրություններում ամրագրված են նախընտրական բանավեճերը` որպես պարտադիր պայման: Ընտրողը պետք է ճանաչի թեկնածուներին եւ գիտակցված ընտրություն կատարի: Բանավեճերի մեծ ավանդույթ ունի ԱՄՆ-ն, որի նախագահները մի քանի ռաունդից բանավեճերի են բռնվում` ողջ Ամերիկայի աչքի առաջ, եւ դրանց հետեւում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Հայաստանում էլ կա բանավեճերի ավանդույթ: Դեռ 2003 թվականին ՀՀ նախագահի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսային բանավեճի մասնակցեցին: Հետագայում նախընտրական բանավեճերն ավելի հաճախ էին կայանում, եւ անգամ ՏԻՄ ընտրությունների նախօրեին թեկնածուները եթերում բանավիճում էին միմյանց հետ, եւ դրանք, իսկապես, ուշագրավ շոուներ են, որի ժամանակ նաեւ բանավիճողների գիտելիքները, աշխարհայացքը, կուլտուրան ու դաստիարակությունն են բացահայտվում:
Բանավեճի, վիճելի հարցերը կարգավորելու մի ճանապարհ էլ հանրաքվեներն են, որ քաղաքակիրթ երկրներում անցկացնում են այդ վիճելի հարցերը հասարակության մեծամասնության կարծիքի համաձայն լուծելու համար։ Ամենից շատ հանրաքվեներ անում են Շվեյցարիայի կանտոններում, որտեղ ամենափոքրիկ հարցերն անգամ դնում են հանրության քննարկմանը եւ ըստ արդյունքների՝ որոշումներ կայացնում։ Ամենից հայտնի հանրաքվեն իրականացվեց Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտի արդյունքներով բրիտանական հանրությունը՝ ձայների փոքր առավելությամբ որոշեց Եւրամիությանը չանդամակցել։
Բայց բանավեճը կամ հանրաքվեն չի կարող ի սկզբանե սխալ, աքսիոմատիկ ճշմարտությունները վիճարկելու նպատակ ունենալ: Չի կարող հայ հասարակությունը քննարկել հանրաճանաչ ճշմարտություններ, ինչպես օրինակ, 1915 թվականին ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, կամ՝ Արցախը հայերի՞ բնօրրանն է, թե՞ ազերների։
Օրինակ, 2005 թվականին Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ էր գրել ՀՀ նախագահ Ռոբեր Քոչարյանին` առաջարկելով ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 1915 թ. իրադարձությունները, որ պարզեն` «հայ ժողովրդի ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»։ Հայաստանի արձագանքը շատ կոշտ էր, ու միանշանակ` այդ հարցը չի կարող դառնալ քննարկման առարկա:
Հիմա Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչը փորձում էր անել Էրդողանը ժամանակին` քննարկման առարկա դարձնել քննարկման ոչ ենթակա հարց` արդյոք Արցախը Հայաստա՞ն էր, թե՞ ոչ, եւ 30-ամյա բանակցությունների ընթացքում քննարկվել է Արցախի ինքնորոշմա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում մնալու հարցը: Այս հարցում փաշինյանական տեսակետի կողմնակից կարող են լինել բացառապես ադրբեջանաթուրքական հանրության ներկայացուցիչները, կամ՝ Հայաստանի ներքին թշնամիները, որոնք մի նպատակ ունեն՝ արդարացնել Արցախի հանձնումը եւ մաքրել Նիկոլ Փաշինյանի վեցամյա մեղքերը՝ ցույց տալով, որ այն, ինչ կատարվել է կատարվելու էր անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն էր իշխանության գլխին, թե՞ Սերժ Սարգսյանը, կամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Կարծիքներ