Սխալ եւ մոլորություն
Սխալի եւ մոլորության մասին երգիծաբանության դասականի օրինակը հիշո՞ւմ եք․ թատրոնից դուրս գալիս եթե դուք հագել եք ուրիշի թանկարժեք վերարկուն՝ ձեր հնամաշի փոխարեն, դա սխալ է, բայց եթե հագել եք ուրիշի հնամաշը՝ ձեր թանկարժեքի փոխարեն՝ դա արդեն մոլորություն է։
Մարտի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել ժողովրդից կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում թույլ տված սխալների համար։ Իշխանական-իշխանամերձ մամուլը հիացմունքի մեջ է, աննկարագրելի հուզված է իշխանական ֆեյքազանգվածը՝ ի՜նչ ազնիվ պահվածք, ի՜նչ ազնվական դաստիարակություն․ մարդը նախարար տեղով «իջել» է ժողովրդի մոտ՝ ներողություն է խնդրում։
Եվ ոչ մեկը չի ասում․ եղբայր, դու ներողություն պիտի խնդրես ոչ թե գործած սխալների, այլ մոլորությունների համար, որովհետեւ սխալի զոհերը սովորաբար լինում են մեկը, մի քանիսը, իսկ մոլորության «գինը» բոլորովին այլ է՝ դրանք հարյուրավոր մահերն են, որոնք «ի կատար ածվեցին», որովհետեւ մենք ունեինք մոլորության ճիրաններում դիլետանտորեն հայտնված կառավարություն, մոլորյալ վարչապետ ու առողջապահության նախարար։ «Պինցետը», «արաղը», «շունը»՝ բոլորս հիշում ենք․ սրանք սերունդներին ժառանգվող դարձվածքներ են, որ «կհիշվեն դարեդար»։ Անշուշտ, պետության ղեկավարը կարող էր նաեւ սխալվել, բայց, այ, որ առողջապահության նախարարը գիտունիկի անվրդովությամբ կորոնավիրուսը կհամարեր «սովորական գրիպ», պատրաստ կլիներ իր երեխաներին մանկապարտեզ ուղարկել՝ նրանց ենթարկելով, իբր, չեղած վտանգին (ինչերի՛ միայն ընդունակ չէ կեղծ հեղափոխությամբ մոլորյալ-ախտահարը), դա արդեն սխալ չէր, այլ՝ մոլորություն, որի համար ընդամենը ներողություն չեն խնդրում։
Բայց նույնիսկ այդ ներողությունը ներողության նման չէր։ Որովհետեւ հետին թվով մեղավոր բռնել մահաբեր վարակին, թե բա՝ աշխարհն էլ, ախր, ոչինչ չգիտեր կորոնավիրուսի ծագման ու բնույթի մասին, հետեւաբար, հարգելի ժողովուրդ, մեր սկզբնական սխալները, վիրուսի անհայտ լինելու հանգամանքով պայմանավորված, մի՞թե արդեն սրբագրված չեն․․․
Այո, առողջապահության նախարարը ներողություն չէր խնդրում․ ընդամենը արդարանում էր՝ արդարացնելով իրեն եւ իր կառավարությանը։ Հակառակ դեպքում՝ արժանապատվության, ամոթի ու մեղքի զգացում ունեցող մարդը պարզապես հրաժարական կտար ու կհեռանար։
Բնականաբար, Թորոսյանը հրաժարական չի տա, որովհետեւ այդպիսի սխալ ակնկալել այս իշխանությունից ու մասնավորապես սույն իշխանավորից՝ նշանակում է լինել խորագույն․․․ մոլորության մեջ։
Կարծիքներ