Դեսպանի նշանակման հողի վրա սրվել են ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հարաբերությունները

Դեսպանի նշանակման հողի վրա սրվել են ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հարաբերությունները

 Մենք 2019-ի դեկտեմբերի 6-ին լուր էինք հրապարակել, որ «դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում»։ Գրել էինք․ «Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, որը ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, որը 2013-2018 թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»։ Այս լուրը գրեթե ամբողջությամբ հաստատվել է՝ Վիկտորիա Բաղդասարյանը պաշտոնանկ է արվել, Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան։ Բրյուսել կմեկնի Աննա Աղաջանյանը, ով նշանակվել է Բելգիայում ՀՀ դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Միայն Թաթուլ Մարգարյանի պարագան դեռ պարզ չէ։ Նա կարծես թե վերադառնում է Հայաստան։ Մենք փորձեցինք մեր աղբյուրներից ճշտել, թե ինչումն է բանը՝ ինչու 2019 թվականի հուլիսից՝ Արման Կիրակոսյանի մահվանից հետո, թափուր մնացած Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում ոչ ոք չի նշանակվում։ Մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ ներկայացրեցին մեզ։ Պարզվում է՝ Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել իշխանության ներսում։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս պաշտոնում տեսնում է Թաթուլ Մարգարյանին, ինչի մասին մենք գրել էինք դեռեւս անցած դեկտեմբերին, սակայն դեսպաններ նշանակող անձը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարգարյանին չի տեսնում իր նախկին պաշտոնում։ Ըստ ամենայնի, նա իր թեկնածուն ունի, որը Թաթուլ Մարգարյանը չէ։ Թվում է՝ դեսպանները նշանակվում են ՀՀ վարչապետի առաջարկով եւ ՀՀ նախագահն ընդամենը այդ որոշումները դակողն է։ Բայց այս պարագայում Արմեն Սարգսյանը բացի հրամանագիրը չստորագրելը, այլ լծակ էլ ունի՝ նա կարող է ուղղակիորեն խանգարել դեսպանընկալ երկրի կողմից ագրեման ուղարկելու գործընթացին։ Այսինքն՝ անգլիական արքունիքում իր ունեցած կապերի միջոցով կարող է այնպես անել, որ Հայաստանի կողմից ներկայացված դեսպանի թեկնածուին Մեծ Բրիտանիան ուղղակի չընդունի։ Թե ում է տեսնում Արմեն Սարգսյանը Անգլիայում ՀՀ դեսպանի պաշտոնում, մենք չկարողացանք պարզել, սակայն մեզ պատմեցին, որ նա ուղիղ տեքստով Զոհրաբ Մնացականյանին, որն իր կադրն է համարվում եւ իր նախկին աշխատողն է եղել, ասել է՝ «բախտդ փորձիր եւ Մարգարյանին ներկայացրու, չի ստացվելու»։ Դա է պատճառը, որ ԱԳ նախարարը ձեռնպահ է մնում Մարգարյանի թեկնածությունն առաջ մղելուց եւ Մեծ Բրիտանիայում մենք մեկ տարուց ավելի է չունենք դեսպան եւ անգամ ագրեմանի հարցով դեռ չեն դիմել իշխանություններին։