Պուտինի վերընտրվելն ԱՄՆ-ի սրտո՞վ է․ G7-ի հակառուսական տեքստն արգելափակվել է

Պուտինի վերընտրվելն ԱՄՆ-ի սրտո՞վ է․ G7-ի հակառուսական տեքստն արգելափակվել է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արգելափակել է Ռուսաստանի Դաշնությունում մարտի 15-17-ը կայացած նախագահական ընտրությունները դատապարտող՝ G7-ի հայտարարության տեքստը։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ հայտարարության տեքստը պատրաստել է կառույցում նախագահող երկրի՝ Իտալիայի կողմից։
Ըստ թերթի՝ այս որոշումը թելադրված է 2024 նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Մոսկվային միջամտելու պատճառ չտալու հանգամանքով։

Ինչպես նշում է Republica-ը, իտալացիները հայտարարություն են պատրաստել, որում ռուսական ընտրությունները «ֆարս» են անվանել։

Միաժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը տեքստի հետ կապված դրական կարծիք է հայտնել, սակայն Պետդեպը հայտարարության ձեւակերպումն անտեղի է համարել։
Հարկ է նշել, որ Իտալիայի փոխվարչապետ և Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին պարզաբանել է, որ ինքը «ի գիտություն է ընդունել ռուսաստանյան ընտրությունների արդյունքը», և որ «ընտրողները միշտ ճիշտ են»։

Հիշեցնենք, որ արձանագրությունների 100%-ի մշակումից հետո Ռուսաստանի Դաշնության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը հաղթել է ձայների 87,28%-ով։ Ընտրությունները ռեկորդային մասնակցություն են գրանցել Ռուսաստանի նորագույն պատմության մեջ՝ 77,44%։